Ծխախոտից մասնակի հրաժարումը գրեթէ չի նւազեցնում սրտի հիւանդութիւնների ռիսկը

Ջոնս Հոփքինսի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ ծխախոտի օգտագործումը կրճատելը գրեթէ չի նւազեցնում սրտանօթային հիւանդութիւնների ռիսկը. միայն ծխելը լիովին թողնելն է զգալի օգուտներ բերում: Ուսումնասիրութեան արդիւնքները հրապարակւել են PLOS Medicine ամսագրում:
Աշխատանքը միաւորել է 22 երկարաժամկէտ կոհորտային հետազօտութիւնների տւեալներ, որոնց մասնակցել է 323 826 չափահաս եւ որոնց դիտարկումներն իրականացւել են գրեթէ 20 տարի։ Այդ ընթացքում գրանցւել է աւելի քան 125 հազար մահ եւ 54 հազար սիրտ-անօթային հիւանդութիւնների դէպք։ Հետազօտողները վերլուծել են կամաւորների ծխելու փորձը, ծխախոտների օրական քանակը եւ ծխելը թողնելուց յետոյ անցած ժամանակը՝ օգտագործելով Քոքսի համամասնական ռիսկերի մոդելները։
Մասնակիցների միջին տարիքը մօտաւորապէս 60 տարեկան է եղել, իսկ մեծամասնութիւնը՝ կանայք: Ուսումնասիրութեանը մասնակցելու պահին 14%-ը ծխողներ են եղել, 49%-ը թողել է ծխելը, իսկ 36%-ը երբեք ծխախոտային արտադրանք չի օգտագործել:
Հետազօտութեան մէջ ներառւել է ժողովրդագրական փոփոխականները, մարմնի զանգւածի ինդեքսը, շաքարախտը, սրտի իշեմիկ հիւանդութիւնը եւ ալկոհոլի օգտագործումը։
Արդիւնքները ցոյց են տւել, որ նոյնիսկ օրական մի քանի ծխախոտ ծխելը կապւած է եղել սրտանօթային հիւանդութիւնների ռիսկի զգալի աճի հետ։
«Ներկայիս եւ նախկին ծխողների համար վտանգի աստիճանը որոշւում է երեք գործօնով՝ ծխելու տեւողութեամբ, ծխախոտների օրական քանակով եւ ծխախոտից հրաժարւելուց յետոյ անցած ժամանակով։ Սակայն միայն ծխախոտից ամբողջական հրաժարւելն է էապէս նւազեցնում սրտի եւ անօթների հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը»,- ասել է բժշկական գիտութիւնների դոկտոր, Չիքքարոնեի անւան սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման կենտրոնի կլինիկական հետազօտութիւնների տնօրէն եւ հետազօտութեան առաջատար հեղինակ Մայքլ Բլահան։
News.am



