Միրգն ու բանջարեղէնը նւազեցնում են արեան ճնշումը եւ առողջացնում երիկամները

Օսթինի Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ միրգն ու բանջարեղէնն օգնում են իջեցնել արեան ճնշումը, առողջացնում երիկամները եւ իրենց ալկալային պարունակութեան շնորհիւ կանխում սրտանօթային հիւանդութիւնները: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են American Journal of Medicine բժշկագիտական հանդէսում:
Հինգ տարի տեւած հետազօտութեանը մասնակցել են հիպերտոնիայից եւ մակրոալբումինուրիայից (մեզի մէջ ալբումինի արտազատման բարձր մակարդակից) տառապող ոչ դիաբետիկ կամաւորներ: Ալբումինը լեարդում վահանաձեւ գեղձի հորմոնների ազդեցութեան տակ արտադրւող սպիտակուց է։ Մեզի մէջ դրա կոնցենտրացիայի աւելացումը վկայում է երիկամների ախտահարման մասին:
Փորձարկւողներին բաժանել են երեք խմբի: Առաջին խումբը սովորական սննդակարգից բացի օգտագործում էր երկու-չորս փոքր կերակրաթասով միրգ եւ բանջարեղէն, երկրորդն ընդունում էր նատրիումի բիկարբոնատով հաբեր (մամլած խմորի սոդա), իսկ երրորդը ստանդարտ բժշկական օգնութիւն էր ստանում:
Փորձառական շրջանի վերջում գիտնականները վերլուծել են մասնակիցների առողջութեան եւ ինքնազգացողութեան փոփոխութիւնները: Պարզւել է, որ միրգն ու բանջարեղէնը, ինչպէս նաեւ սոդան (նատրիումի բիկարբոնատով հաբերը) բարերար ազդեցութիւն են ունեցել երիկամների առողջութեան վրայ։ Ընդսմին, միայն մրգերի եւ բանջարեղէնի օգտագործումն է իջեցրել արեան ճնշումը եւ նւազեցրել սրտանոթային հիւանդութիւնների զարգացման վտանգը:
Գիտնականները պարզաբանել են, որ ալկալիներով հարուստ միրգն ու բանջարեղէնն օգնում են օրգանիզմից հեռացնել կենդանական ծագման մթերքներում առկայ թթուները: Դրանք թեթեւացնում են երիկամների բեռը, որոնք սովորաբար պատասխանատու են աւելորդ թթուների վերացման համար: Միրգն ու բանջարեղէնը, բացի ալկալից, պարունակում են ջուր եւ բջջանիւթ (օգտակար սննդային մանրաթելեր), որոնք միաժամանակ օժտւած են զարկերակային արեան գերճնշումը կարգաւորելու յատկութեամբ։