Շաքարի օգտագործման կրճատումը կարող է իջեցնել կենսաբանական տարիքը
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները կապ են յայտնաբերել շաքարի քիչ օգտագործման եւ կենսաբանական տարիքի իջեցման միջեւ, տեղեկացրել է EurekAlert գիտական պարբերականը։
Գիտնականներն ուսումնասիրել են, թէ ինչպէս են առողջ սննդի երեք տարբեր ցուցանիշներ ազդում «էպիգենետիկ ժամացոյցի» վրայ։ Կենսաքիմիական թեստը թոյլ է տւել որոշել առողջական վիճակը եւ կեանքի տեւողութիւնը եւ յայտնաբերել, որ որքան մարդիկ աւելի լաւ սնւեն, այնքան երիտասարդ տեսք կունենան նրանց բջիջները,- գրել է «Գիտական Ռուսաստան» պորտալը։
«Դիետաները, որոնք մենք ուսումնասիրել ենք, համապատասխանում են գոյութիւն ունեցող հրահանգներին հիւանդութիւնների կանխման եւ առողջութեան ամրապնդման վերաբերեալ եւ ընդգծում են հակաօքսիդանտային եւ հակաբորբոքային սննդարար նիւթերի արդիւնաւէտութիւնը»,- ասում է հետազօտութեան առաջին հեղինակ Դորոթի Չիուն։ Հետազօտութիւնը հրապարակւել է JAMA Network Open ամսագրում։
Հետազօտութիւնը առաջիններից մէկն է, որը ցոյց է տալիս կապը շաքարի աւելացման եւ էպիգենետիկ ծերացման միջեւ, եւ առաջինն է, որն ուսումնասիրել է այդ կապը միջին տարիքի կանանց հետերոգեն խմբում, ինչպէս սեւամորթ, այնպէս էլ սպիտակամորթ։
Աշխատանքն օգնում է խորացնել այն ընկալումը, որ շաքարը կործանարար ազդեցութիւն է ունենում առողջութեան վրայ։ «Մենք գիտէինք շաքարի վատ ազդեցութեան մասին առողջութեան վրայ։ Հիմա մենք գիտենք, որ դա նպաստում է էպիգենետիկ ծերացմանը եւ կրճատում կեանքի տեւողութիւնը»,- աւելացրել է հետազօտութեան համահեղինակ Էլիսա Էպելը (UCSF-ի հոգեբանութեան ամբիոնի պրոֆեսոր)։
Հետազօտութեանը մասնակցած կանայք տեղեկացրել են, որ միջինն օրական օգտագործում են 61,5 գրամ աւելացւած շաքար։ Կաթնային շոկոլադի մէկ սալիկի մէջ պարունակւում է 25 գրամ շաքար, կոլայի մէկ շշում՝ 39 գրամ։ ԱՄՆ սննդամթերքների եւ դեղամիջոցների վերահսկման վարչութիւնը խորհուրդ է տալիս չօգտագործել օրական 50 գրամից աւելի շաքար։
Գիտնականներն ուսումնասիրել են սնւելու մասին 342 կանանց գրառումները, որոնց միջին տարիքը 39-ն է եղել։ Յետոյ նրանք համեմատել են նրանց կերակրաբաժինը էպիգենետիկ ժամացոյցի ցուցանիշերի հետ, որոնք ստացւել են նրանց թքից։
Գիտնականները գնահատել են կանանց միջերկրածովեան տեսակի կերակրաբաժինը, որը հարուստ է հակաբորբոքային եւ հակաօքսիդանտ մթերքներով, յետոյ դիետայի հետ, որը կապւած է քրոնիկական հիւանդութիւնների աւելի ցածր ռիսկի հետ։
Ի վերջոյ, նրանք ուսումնասիրել են կանանց կերակրացանկը «Սննդարար նիւթերի էպիգենետիկ ինդեքս» (ENI) ցուցանիշով, որը հիմնւած է սննդարար նիւթերի վրայ՝ հիմնւած հակաօքսիդանտների կամ հակաբորբոքային պրոցեսների վրայ։ Դրանց թւին են պատկանում А, С, В12 եւ Е վիտամինները, ֆոլատները, սելենը, մագնիումը, սննդարար նիւթերը եւ իզոֆլաւոնները։
Դիետաներից իւրաքանչիւրին հետեւելը կապւած է եղել աւելի ցածր էպիգենետիկ տարիքի հետ, ընդորում՝ միջերկրածովեան դիետան ամենաուժեղ կապն է ունեցել։ Հետազօտողները յայտնաբերել են, որ շաքարի աւելացմամբ մթերքների օգտագործումը կապւած է եղել կենսաբանական ծերացման արագացման հետ անգամ առող սննդի առկայութեան դէպքում։
Հաշւի առնելով, որ այս էպիգենետիկ օրինաչափութիւնները, հաւանաբար, շրջելի են, կարող է պարզւել, որ 10 գրամ շաքարից հրաժարումը կենսաբանական ժամացոյցը հետ կը շրջի 2,4 ամսով, ասել է հետազօտութեան համահեղինակ Բարբարա Լարայեան։
Ուշադրութեան սեւեռումը կարեւոր սննդարար նիւթերի բարձր պարունակութեամբ եւ շաքարի ցածր մթերքների վրայ կարող է մարդկանց մոտիւացիայի նոր միջոց դառնալ դիետոլոգիայի համար։
News.am