Յատուկ ֆերմենտի արգելափակումը քաղցկեղի բջիջները վերածում է նորմալ բջիջների

«ԱԼԻՔ» – Կորէայի առաջադէմ գիտութեան եւ տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները յայտնաբերել են մի ֆերմենտ, որն արգելափակման դէպքում կարող է քաղցկեղի բջիջները «վերափոխել» առողջ վիճակի: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են բժշկագիտական Advanced Science (AdvSci) հանդէսում:
Այսօր քիմիաթերապիան եւ ռադիոթերապիան մնում են քաղցկեղի դէմ պայքարի հիմնական եղանակները, սակայն դրանք յաճախ ուղեկցւում են ծանր կողմնակի ազդեցութիւններով եւ վնասում են ոչ միայն քաղցկեղային, այլեւ առողջ հիւսւածքներին: Գիտնականների առաջարկած նոր եղանակը կարող է աւելի խնայող այլընտրանք դառնալ՝ հնարաւորոթիւն տալով ազդելու պաթոլոգիական գործընթացի վրայ՝ խնամեալին զերծ պահելով շօշափելի բացասական հետեւանքներից։
Պրոֆեսոր Կւանգ-Հոն Չոյի գլխաւորած մասնագէտների թիմը յայտնաբերել է ուռուցքային բջիջների զարգացման հիմնական փուլը: Գիտնականները կենտրոնացել են սահմանւած չափի եւ պաթոլոգիայի միջեւ սահմանային վիճակում գտնւելու փուլի վրայ:
Հաստ աղիքի քաղցկեղի բջիջներից ստեղծւած մոդելային օրգանոիդների վրայ իրականացւած հետազօտութիւնները ցոյց են տւել, որ կոնկրետ ֆերմենտի արգելափակումը դադարեցնում է դրանց աճը եւ բջիջները վերադարձնում իրենց բնականոն վիճակին: Խօսքը ուռուցքի աճի համար պատասխանատու սպիտակուցները պաշտպանող բարդ միացութիւններից մէկի մասին է։
Թէեւ այս տեխնիկան կլինիկական պրակտիկայում ներդնելու համար հետագայ հետազօտութիւններ է պահանջում, գիտնականները յոյս ունեն, որ իրենց աշխատանքը հիմք կը ծառայի քաղցկեղի բուժման նոր, աւելի քիչ տրաւմատիկ մօտեցումներ ստեղծելու համար:
News.am