Այլ

Ծառաբնակ գորտերի օրգանիզմում ուռուցքներն ամբողջութեամբ ոչնչացնելու ընդունակ բակտերիա է յայտնաբերւել

Ճապոնիայի գիտութեան եւ տեխնոլոգիաների առաջադէմ ինստիտուտի (JAIST) գիտնականները պարզել են, որ ճապոնական ծառաբնակ գորտի աղիքային բակտերիան կարող է ամբողջութեամբ ոչնչացնել ուռուցքները մկների վրայ կատարւած լաբորատոր փորձարկումների ժամանակ։ Սա քաղցկեղի բուժման նոր հեռանկար է բացում։

Աշխատանքը հրապարակւել է Gut Microbes ամսագրում եւ առաջարկում է նոր հարթակ՝ քաղցկեղի դէմ բնական բակտերիալ թերապիաների մշակման համար։

Հաստ աղիքի քաղցկեղ ունեցող մկներին այս բակտերիայի միանւագ ներերակային ներարկումը բոլոր դէպքերում յանգեցրել է ուռուցքների լիակատար հետաճի, ինչը զգալիօրէն գերազանցում է բուժման ստանդարտ մեթոդների արդիւնքները։

Հետազօտողներն ուշադրութիւն են դարձրել երկկենցաղների եւ սողունների աղիքային միկրոբներին, քանի որ այդ կենդանիների մօտ ինքնաբերական ուռուցքները շատ հազւադէպ են հանդիպում։ Սա տեղի է ունենում նոյնիսկ այնպիսի պայմաններում, որոնք սովորաբար մեծացնում են քաղցկեղի ռիսկը, օրինակ՝ մարմնի չափերի համեմատ երկարակեցութիւնը կամ կերպարանափոխութեան եւ վերականգնման հետ կապւած ծայրայեղ բջջային սթրեսները։

Գիտնականները ճապոնական ծառաբնակ գորտերի (Hyla japonica), ճապոնական հրակերպ տրիտոնների եւ ճապոնական մողեսների աղիներից առանձնացրել են բակտերիաների 45 շտամ։ Այնուհետեւ ընտրել են հակաուռուցքային ակտիւութեամբ օժտւած ինը շտամ, որոնցից ամենաարդիւնաւէտը գորտերից ստացւած Էւինգելա ամերիկանան (Ewingella americana) է եղել։

Բակտերիան ունի գործողութեան երկակի մեխանիզմ.

  • այն ընտրողաբար կուտակւում է ուռուցքային հիւսւածքներում, որտեղ թթւածնի պակաս կայ. սա թոյլ է տալիս բակտերիային բազմանալ ուռուցքի ներսում՝ առանց առողջ օրգաններին վնասելու.
  • այնուհետեւ այն արտազատւող տոքսինների միջոցով ուղղակիօրէն ոչնչացնում է քաղցկեղային բջիջները եւ միաժամանակ ուժեղացնում օրգանիզմի իմունային պատասխանը՝ խթանելով T-բջիջներին, նէյտրոֆիլներին եւ B-լիմֆոցիտներին գրոհել ուռուցքը։

Բակտերիան մկների արեան մէջ ներարկելուց յետոյ ուռուցքներն ամբողջութեամբ անհետացել են, եւ կենդանիների մօտ ձեւաւորւել է տեւական իմունային յիշողութիւն. քաղցկեղային բջիջների կրկնակի ներարկումը նոր ուռուցքների առաջացման չի յանգեցրել։ Էւինգելա ամերիկանան արեան շրջանառութիւնից դուրս է գալիս առաջին 24 ժամւայ ընթացքում եւ առաջացնում է միայն կարճատեւ բորբոքում, որն անհետանում է մի քանի օրւայ ընթացքում՝ առանց կենսական կարեւոր օրգանների վնասման նշանների։

Գիտնականներն ընդգծում են, որ այս հետազօտութիւնը դեռեւս իրականացւել է մկների նախակլինիկական մոդելների վրայ, եւ թէեւ արդիւնքները յուսադրող են, դեռ պէտք է պարզել, թէ որքանով արդիւնաւէտ ու անվտանգ կը լինի այս մօտեցումը մարդկանց համար։

News.am

Related Articles

Back to top button