Գիտնականները բացայայտել են անառողջ ծերացման պատճառը

Մկանների առաձգականութեան նւազում (սարկոպենիա) ունեցող տարեցներն իրենց հասակակիցների համեմատ աւելի են հակւած ճանաչողական կարողութիւնների եւ յուզական վիճակի վատթարացման, պարզաբանել են Սարատովի պետական բժշկական համալսարանի գիտնականները։
Տարիքային սարկոպենիայի ժամանակ նւազում է մկանային ուժը, այդ իսկ պատճառով տարեցներն արագ հոգնում են սովորական գործողութիւններից, ինչպիսիք են ինչ-որ բան վերցնելու համար կռանալը կամ կօշիկի կապերը կապելը։ Մարդիկ յաճախ շնչառութեան դժւարութիւն են զգում, քանի որ թուլանում են նաեւ դիաֆրագմայի մկանները՝ ըստ Սարատովի Վ.Ի. Ռազումովսկու անւան պետական բժշկական համալսարանի գիտնականների։
Համալսարանի գիտնականները պարզել են, որ շնչառութեան դժւարութիւն եւ սարկոպենիա ունեցող իւրաքանչիւր երկրորդ հիւանդ ունի դեպրեսիա եւ ճանաչողական վիճակի անկում, մասնաւորապէս՝ Ալցհէյմերի հիւանդութեան զարգացում։ Այս երկու ախտանիշները թոյլ են տալիս տարեց մարդուն դասակարգել որպէս այսպէս կոչւած Slowing ֆենոտիպի, որը յաճախ ուղեկցւում է քայլելու արագութեան նւազմամբ, պարզաբանում է Սարատովի պետական բժշկական համալսարանի սրտաբանութեան, ֆունկցիոնալ ախտորոշման եւ ծերացման դասընթացներով թերապիայի ամբիոնի դոցենտ Վիկտորիա Սերգէյեւան։
Այս ֆենոտիպ ունեցող տարեց եւ զառամեալ մարդկանց պէտք է յատուկ ուշադրութիւն դարձնել խորհրդատւութիւնների ժամանակ՝ հիւանդի առողջական խնդիրների լուծման համալիր մօտեցմամբ, տարբեր մասնագէտների ներգրաւմամբ համալիր հետազօտութիւն անցկացնելով եւ արագօրէն ընտրելով կեանքի որակը բարելաւելու եւ տեւողութիւնը երկարացնելու համար բուժման համադրութիւնը»,- յաւելել է գիտնականը։
Հետազօտողները վերլուծել են հիւանդների չորս խմբի առողջական տւեալները՝ սարկոպենիա ունեցողներ, սարկոպենիկ ճարպակալում (ՍՃ), մկանային զանգւածի նւազման հետ չկապւած աւելորդ քաշ ունեցողներ եւ այդ շեղումներից զուրկ մարդիկ, բացատրել է Սերգէյեւան։ Արդիւնքները ցոյց տւեցին, որ առաջին երկու խմբի հիւանդներն աւելի յաճախ եւ աւելի ծանր վիճակում ունեցել են ճանաչողական ֆունկցիայի անկում եւ դեպրեսիա։
«Slowing ֆենոտիպ ունեցող հիւանդները, որոնց ծերացումն անառողջ է ընթանում, յատուկ ուշադրութեան կարիք ունեն։ Այս խնդիրներով հիւանդներին յայտնաբերելու համար պարզ ախտորոշիչ ալգորիթմների մշակումը, որոնք հասկանալի կը լինեն գործող բժիշկների համար, կարող է բարելաւել ծերաբուժական խնամքի որակը, քանի որ վաղ ախտորոշումը, իսկ որոշ դէպքերում՝ կանխարգելումը, միշտ կապւած կը լինեն բուժման աւելի մեծ յաջողութեան հետ»,- ընդգծել է Սերգէյեւան։
Շնչառական սարկոպենիայի ժամանակին ախտորոշմամբ կարող են ամրապնդւել շնչառական մկաններին ուղղւած վերականգնողական ծրագրերը, եւ հիւանդներին օգնել առողջանալ ու լիարժէք ապաքինւել։
News.am


