Frontiers in Molecular Neuroscience. Յիշողութեան խնդիրները տարեց հասակում կապւած են կարեւոր ֆերմենտի հետ
Իւրաքանչիւր մարդ ժամանակ առ ժամանակ յիշողութեան կորստի պահեր է ունենում, յատկապէս տարիքի հետ։ Բայց տարեց մարդիկ ոչ թէ պարզապէս դժւարութեամբ են յիշում նոր տեղեկութիւնը, այլ նրանց համար աւելի դժւար է նաեւ մոդիֆիկացնել այդ յիշողութիւնները, երբ ի յայտ են գալիս նոր մանրամասներ։ Սակայն քիչ բան է յայտնի յիշողութեան թարմացման մեխանիզմների եւ այն մասին, թէ ինչպէս են այդ մեխանիզմները խախտւում տարիքի հետ կապւած։
Հետազօտողների խումբը Փենսիլւանիայի համալսարանից հայտնաբերել է ֆերմենտ, որը նպաստում է տարիքային խանգարումներին յիշողութեան թարմացման պրոցեսում։ Այդ ֆերմենտի արգելափակման դէպքում տարեց մկներն աւելի լաւ են ընկալել նոր տեղեկութիւնը եւ աշխատել են այնպէս, ինչպէս իրենց երիտասարդ ցեղակիցները։
Գիտնականների խօսքով՝ հետազօտութեան արդիւնքները, որոնք հրապարակւել են Frontiers in Molecular Neuroscience ամսագրում, կարող են յանգեցնել թերապեւտիկ թիրախների մշակմանը՝ բարելաւելու համար կոգնիտիւ ճկունութիւնը տարեց հասակում։
Երբ յիշողութիւնը ձեւաւորւում է, ուղեղը վերակառուցում է իրեն, որպէսզի պահպանի այն յիշողութեան մէջ մի պրոցեսի օգնութեամբ, որը կոչւում է կոնսոլիդացիա։ Բջիջները մշակում են սպիտակուցներ սինապսում (արանք նէյրոնների միջեւ), որն ապահովում է կապը նեարդային բջիջների միջեւ՝ միացնելով այն բջիջները, որոնք ակտիւանում են յիշողութեան ձեւաւորման ժամանակ։ Երբ յիշողութիւնը յիշւում է, այդ բջիջները գործում են միաժամանակ։
Այս հետազօտութիւնում գիտնականների թիմը ցանկացել է հասկանալ, թէ ինչու նորմալ ծերանալու ժամանակ աւելի է դժւարամում յիշողութիւնը թարմացնելը։
Դա ստուգելու համար նրանք արգելափակել են 3 հիստոնային դիացետիլազան (HDAC3), ֆերմենտ, որը կարգաւորում է գեների տրանսկրիպցիան՝ ԴՆԹ-ից ՌՆԹ հատւածից տեղեկատւութեան պատճենման պրոցես, որից արդիւնքում ստացւում է ֆունկցիոնալ սպիտակուց։ Ցոյց է տրւել, որ HDAC3-ը բացասաբար է ազդում յիշողութեան ձեւաւորման եւ գեների էքսպրեսիայի վրայ կոնսոլիդացիայի ժամանակ։
«HDAC3-ը սովորաբար խտացնում է քրոմատինը (ԴՆԹ եւ սպիտակուցների համալիր) եւ դժւարացնում տրանսկրիպցիան,- նշել է կենսաբանական ֆակուլտետի դոկտորանտ եւ յօդւածի առաջին հեղինակ Չադ Սմիսը։- Եթէ մենք արգելափակենք այդ ֆերմենտային ակտիւութիւնը, դա կարող է օգնել աւելի բաց վիճակում պահել քրոմատինի վիճակը եւ բարելաւել գեների էքսպրեսիան»։
Երբ HDAC3-ը արգելափակել են յիշողութեան ռեկոնսոլիդացիայի փուլում, դա կանխել է յիշողութեան կորստի տարիքային դեֆիցիտը։ Տարեց մկները ցուցադրել են այնպիսի բարձր արդիւնքներ, ինչպէս եւ նրանց երիտասարդ ցեղակիցները՝ յիշողութեան թարմացման առաջադրանքը կատարելիս։