Մշակութային

Գրական աշխարհի հրճւանքն ու հոգսերը

ՀՐԱՆՏ ՄԱՏԹԷՈՍԵԱՆ. «Ծմակուտը իմ հայրենի գիւղն է, ես այդ գիւղի ակնարկագիրն եմ, կուզէք լուսանկարիչ ասէք, կուզէք՝ նկարիչ-նատուրալիստ: Իրական այդ գիւղը կը վերաճի՞ գրական Ծմակուտի, կը կարողանա՞մ վերաճեցնել՝ չգիտեմ»:

 

1978-ի վերջերին «Սովետական գրող» հրատարակչութիւնը լոյս ընծայեց Հրանտ Մատթէոսեանի «Ծառերը» վիպակների գիրքը եւ «Մեր վազքը» մանկական պատմւածքների ժողովածուն: Հրանտ Մատթէոսեանի ստեղծագործութիւնը լայն ճանաչում է գտել ոչ միայն Հայաստանում, Սովետական Միութիւնում, այլեւ արտասահմանում: Նրա վիպակներն ու պատմւածքները լոյս են տեսել անգլերէն, իսպաներէն, նորւեգերէն, գերմաներէն, ճապոներէն, լեհերէն, հունգարերէն, չեխերէն, սլովակերէն, բուլղարերէն եւ ՍՍՀՄ ժողովուրդների բազմաթիւ լեզուներով: Անւանի արձակագիրը 1979 թւականին «Գրական Աշխարհ»-ին տւած հարցազրոյցում պատասխանել է այն ժամանակների ընթերցողին հետաքրքրող մի քանի հարցերի:

– Ի՞նչ կասէք նրանց մասին, ովքեր գիրք չեն գրում:

– Գրելուց, երեւի, նրանց յետ է պահում գրաշուկայի գորշ գրականութեան զգալի քանակը, նրանք ըստ երեւոյթին հիանալի ընթերցող են, այսինքն լավը վատից ջոկում են եւ նոյնիսկ վարպետօրէն սարքւած միջակութիւնն են զատում իսկական տաղանդի թէկուզեւ անփոյթ բռնկումից, նրանք ուրեմն չեն ուզում գորշութեան վրայ գորշութիւն աւելացնել եւ լաւ են անում՝ որ չեն աւելացնում. դա գրականութեան առաջ յարգալիր լռութիւն է, այդ հասկացողութեան ու լռութեան համար շնորհակալութիւն նրանց: Մի՛ կարծէք, թէ նրանց մէջ նիրհող գլուխգործոցներ կան, եթէ լինէին՝ առանց նրանց կամքը հարցնելու իրենք գլուխ կը բարձրացնէին:

– Բայց շատերը կան, որ չեն կարող գրել ու շարունակում են գրել: Դրանք շուտ-շուտ փոխում են թէ՛ նախասիրութիւնը, թէ՛ ժանրը, պոէզիայից անցնում են արձակի, արձակից թարգմանութեան, մանկագրութեան. չեն զլանում ակնարկ գրել, այդպիսիները գրական կեանքում ձեռք են բերում «բարի մարդու» համբաւ, յաճախ դրւատանքով յօդւածներ են գրում իրենց «հանիրաւի մոռացւած» գրչակիցների մասին: Այնուհետեւ գալիս է անխուսափելին՝ ծերանում են. յոբելեան, մեծարում, հատորներ… Յետոյ, այս բոլորից յետոյ, գրականագէտները «թփերի ու կաղնիների» մասին տեսութիւն են սարքում:

– «Թփեր ու կաղնինե՞ր» –  «Լալւարի որս» եւ «Անո՞ւշ», հարիւր նախաշեքսպիր եւ մէկ Շեքսպի՞ր… չգիտեմ: Կաղնիների համար թփերը կաղնուտային միջավայր իհա՛րկէ ստեղծում են, մանաւանդ կաղնու թփերը, բայց մեր տեսութիւնները եկէք մեր տպաւորութիւններից կառուցենք: Նոյնիսկ հանճարների թոյլ կամ անմշակ՝ մշակւել չհասցւած գործերին մենք անդրադառնում ենք տհաճ խղճահարութեան ու ներողամտութեան ինչ-որ խառը զգացումով, լաւագոյն դէպքում չենք անդրադառնում, երեւի չենք ցանկանում նրանց մեծ կերպարի մեծ ամբողջութիւնը խզւած տեսնել, հրապարակ ենք բերել հատընտիր հրաշալի հասկացութիւնը եւ հատընտիրներով մեզանից պաշտպանում ենք նոյնիսկ հանճարներին: «Երկրորդ կարգի գրականութիւնը» հանճարների ու հանճարեղ գործերի իրականացման մէջ օգնական դեր թերեւս ունենում է (ես կարծում եմ՝ ոչ, չունի, եւ հիմա կասեմ ինչու չունի), բայց կառուցւող շէնքի տախտակամածի պէս վերջում աւելորդ է դառնում ու հանւում է: Ահա, ինչպէս որ «թփերի–կաղնիների» օրինակում, դարձեալ թւաց, թէ «օգնական» գրականութիւնն անհրաժեշտ է. ոչ, անհրաժեշտ չէ. դա աւելորդ ու անտեղի աշխատանք է հէնց ի սկզբանէ. որպէսզի անտեղի չկոչւէր՝ պիտի գոնէ ընթերցւէր. ոչ ձեզանից, ոչ ինձանից, ոչ էլ որեւէ մէկից չի ընթերցւում, ընթերցւելիս էլ մարդու սիրտ ու միտք է աղտոտում, բայց ահա նստել խօսում ենք նրա անհրաժեշտութեան մասին. այնինչ պիտի խօսէինք նրա դէմ պայքարի անհրաժեշտութեան մասին. պայքարի լաւագոյն միջոցը, կարծում եմ, համաշխարհային գրականութիւնը հայոց լեզու բերելն է, եւ այդ «թփերը», կարծում եմ, «կաղնի» թարգմանիչներ կը լինէին:

– Մենք շատ բանաստեղծներ ունենք. խօսքը վերաբերում է տպագրւողներին. իսկ ինչքան մարդիկ կան, որ գրում են տպագրւելու մասին չմտածելով:

Ի՞նչն է մարդկանց մղում գրել եւ՝ մեծի մասամբ բանստեղծութիւն:

– Կաւէ փոքրիկ արձանիկ պատկերացրէք՝ դա հէնց մարդն է. չգոյութիւնից մի րոպէ գոյանում, գոյութեան լոյսի առաջ մի րոպէ հիանում ու յաջորդ վայրկեանին նրա կաւը փուլ է գալիս. ժամանակի այս հրաշալի ու դաժան ակնթարթում գոյութեան խորհրդի առաջ այդ փխրուն, վայրկենական, վռազ արարածները բոլորն էլ բանաստեղծ են, որովհետեւ բոլորն էլ մահկանացու են. նրանցից ոմանք բանակներ են շարժում, շատերը գոյութեան խորհուրդն իրենց միջով անմռունչ անցնում ու կարծես նոյնիսկ անհաղորդ են մնում, շատերն էլ ցաւից ու հրճւանքից կծկւած ճչում են, բայց բոլորն են բանաստեղծ, քանի որ գոյութեան եւ չգոյութեան այս դաժանօրէն նեղ արանքում կարելի է միայն բանաստեղծ լինել: Բանը տպւել-չտպւելը չէ, կարողութիւն-անկարողութիւնը չէ,- մարդը հէնց «հողանիւթ շինւածքով» ու մահկանացուի ճակատագրով է բանաստեղծ: Ուզում է գեղեցկութեանը հաղորդւել ու գեղեցկութեան հետ անմահանալ: Եւ յատկապէս բանաստեղծութեանն է դառնում այն պատճառով, որ սրա գեղեցկութիւնը ակնառու է, սա ամենից աւելի ակնյայտօրէն է ցուցադրում գեղեցկութեանը՝ կեանքին ձուլւելու եւ ոչ մի մահով այլեւս չզատւելու կերպերը: Ապա՝ հանրայայտ զինարան էլ ունի – հանգ, վանկ, չափ: Միջնադարի մեր անանուն բանաստեղծները ստեղծեցին «Սասունցի Դաւիթը»՝ պոէտական մտքի մեր ամենաբարձր թռիչքը. ժամանակը նրանց՝ անանուն այդ հարիւրներին ու հազարներին հաւաքեց կռւի ու յուսահատութեան նոյն խոհի շուրջը, եւ ահա: Բայց թէ ժամանակը մեզ բոլորիս՝ տպւողներիս ու չտպւողներիս, շնորհալիներիս ու հնազանդ անկարողներիս, գրողներիս ու ընթերցողներիս մէկ եւ նոյն խոհով կը հաւաքի՞ նոյն օջախի շուրջը՝ որպէսզի բոլորս միասին ստեղծէինք մեր ժամանակի միաբան ու հազարաձայն էպոսը (Լատինական Ամերիկան, օրինակ, ստեղծում է), թէ՞ նախնիները մեր երգն արդէն երգել են… հասկանալը դժւար է:

– Քննադատութիւնը ո՞ւմ համար է՝ ընթերցողի՞, թէ գրողի: Դուք անձամբ ի՞նչ օգտակար դասեր էք քաղել քննադատական դիտողութիւններից:

– Քննադատութիւնը նրանց համար է, ում համար որ ինքը գրականութիւնն է՝ բոլորիս համար է, քննադատութիւնը մեր վերաբերմունքն է գրականութեանը, առհասարակ միմեանցից անանջատելի են: Գրականութիւնը ճգնում է այլ եղանակներով ու միջոցներով իր լինելութեան համար նպաստաւոր միջավայր ստեղծել, քննադատութիւնը գրականութեան ահա այդ ջանքն է: Ասում էք «Սասունցի Դաւիթն» ու «Մոկաց Միրզան» ստեղծւելիս քննադատութիւն չկար. կար. ասացողին օջախի մօտ կանայք, երեխաներ ու ծերունիներ էին շրջապատում, նրանց վերաբերմունքն ու ներկայութիւնն էլ հէնց ժամանակի քննադատութիւնն էին, նրանց վերաբերմունքով ասացողն իրեն շտկում էր, կանանց ու երեխաների ներկայութեան շնորհիւ չէր հայհոյում նոյնիսկ ոխերիմ թշնամուն, գիւղացի բազմափորձ հալեւորների ներկայութեամբ երեւակայութեան առագաստն այնքան էլ չէր ուռեցնում, մշակների հոգնածութեանը նայելով պատումը պարզեցնում ու դարձեալ պարզեցնում էր… եւ ժամանակի գրականութիւնն ու քննադատութիւնն այսօր ահա միաձուլւած են էպոսի կոփւածքում:

Հր. Թամրազեանի ու Լ. Հախվերդեանի դիտողութիւնները դեռ մի կողմ, քննադատ Լ. Աննինսկին ինձ «թշնամուն սիրելու» խորհուրդ էր տւել՝ անհասկանալի, առնւազն տարօրինակ խորհուրդ: Չգիտեմ այդ խորհրդով թէ ինքնահոսով, տարիներ ու տարիներ յետոյ հասկացայ, որ թշնամուն ատել՝ նշանակում է ենթարկւել նրան, սիրել՝ նշանակում է ենթարկելու ուժ ունենալ, վիճակի տէր լինել եւ ոչ թէ վիճակի մէջ խաղալիք… այլապէս խառնւում ես հերոսներիդ ու նրանցից մէկը դարձած կորչում: Հասկանալուց յետոյ տեսայ, որ տարիներ առաջ իմ դէմ հիանալի խորհուրդ է դրւած եղել:

– Ձեր կարծիքով կարելի՞ է գրող դառնալ՝ հաշւի չնստելով այս կամ այն ժանրի առանձնայատկութիւնների հետ:

– Դժբախտաբար՝ ոչ եւ միայն ոչ: Այս էլ քանի անգամ գործ եմ սկսում գոնէ ծաւալը նախապէս լաւ չպատկերացնելով եւ դառնօրէն պատժւում եմ. նիւթ է ստացւում եւ ոչ թէ գործ. անկարգ, անկազմակերպ, թափթփւող, աւելացրէք՝ ջերմ, յուզիչ, թանկ, նոյնիսկ տաղանդաւոր, բայց՝ նիւթ, ինչին վիճակւած չէ ապրել, քանի որ ժանրի մէջ չէ: Ժանրերը մարդկութեան մեծագոյն յայտնագործութիւններն են, յայտնագործութիւն ասելը քիչ է – դարաւոր տառապագին աշխատանքի արդիւնք են, քանի ցաւ, վրէժ, արիւն, սարսափ, յաղթանակ, հրճւանք ու պարտութիւն են եղել, հազար բերանից պատմւել ու ժամանակի մէջ քայքայւել-կորել՝ քանի որ ժանրային կառոյցի մէջ չեն եղել: Կարո՞ղ են հաշւի չնստել ինքնաթիռաշինարարը նետի, ճարտարապետը՝ բուրգի, նաւաշինարարը՝ մակոյկի ձեւերի հետ – չեն կարող:

– Գեղարւեստական խօսքի մէջ ի՞նչ դեր ունեն մանր դետալները, այսպէս կոչւած՝ լրացնող նիւթերը:

– Մանրամասնը… Ձւի քանդակը Օհանավանքի պատին, Դաւթի թլորութիւնը, «շլեց աչքեր, ծռեց չանեն» («Մոկաց Միրզա»), չթի կտորտանքն ու մի երկու սիրուն կոճակը մեռած Գիքորի շորերի գրպանում, սառը դաշոյնի ողնուղեղային զգացողութիւնը (սպանւած Հաջի Մուրադի գլուխը կտրում են), տիֆից մեռած Պանտելէյ Մելեխովի յօնքերի սպիտակ ոջիլները, նիկելած ծանր ատրճանակի վայրկենական շողքը Քրիստմասի գլխավերեւը՝ նրա ձեռնաշղթայւած զոյգ ձեռքում (Ֆոլքների «Պերսի Գրիմ» պատմւածքը), Սարեանի մոնումենտալ-դեկորատիւ քսւածքում անսպասելի-անբացատրելի մի թիթեռ կամ թիթեռի նման ծաղիկ… մանրամասնը գաղափարը գեղարւեստացնում է, մանրամասնը ինքը գեղարւեստն է, առանց մանրամասնի՝ գաղափարը նոյնութեամբ էլ մնում է գեղարւեստական իրականութիւն չդարձած գաղափար: «Փարաւոն» կինոնկարը նայե՞լ էք. ի՜նչ ճաշակ, էպոխայի մթնոլորտը վերստեղծելու ի՜նչ ջանք, հիմնական ուրւագծերի ի՜նչ ճշգրտութիւն եւ, այդուհանդերձ, ինչ մակերեսայնութիւն – քանի որ մանրամասներ չկան (չէին էլ կարող լինել) եւ ամբողջը մանրամասնով չի վաւերացւում: Խուլիօ Կորտասարը գեղարւեստական կատարելութեան իւրաքանչիւր փաստ համարում է Հեղինակի եւ Անյայտի ստոյգ հանդիպման արդիւնք. եթէ գեղարւեստի փաստը չի կայացել՝ ուրեմն չեն հանդիպել: Դեւերի աշխարհներից, հեքիաթներում կտրիճները վերադառնում էին դեւերի ականջներով՝ իրենց հանդիպման ու յաղթանակի նշաններով: Ինձ թւում է, հանդիպման ու յաղթանակի նման մի նշան էլ գեղարւեստական հիւսւածքի մանրամասն է:

– Կարելի՞ է լրիւ անկեղծ գրել:

– Յայտնի առակն ինչպէս է՝ սուր բանեցնողը սրից էլ ընկնում է: Ահա, քո՝ գրողիդ արտածած ատելութիւնը ընթերցողի մէջ վաղը կը դառնար ատելութիւն քո հանդէպ – քո ծնած ատելութիւնն այդպիսով կը խժռէր քեզ: Գրողիդ «գնդած» շովինիզմը վաղը դիմադարձ հարւածով կը խփւէր քո իսկ ազգի ճակատին: Ուրեմն, ուրիշ քեզնմանների հանդէպ կոյր ատելութիւնը, իւրայիններիդ հանդէպ կոյր սէրը, քո մէջ անասնական ամէն ինչ ճզմելուց ու գրասեղանիդ առջեւ որպէս ամբողջ աշխարհի առջեւ նստելուց յետո՛յ միայն լրիւ անկեղծ… ամբողջ աշխարհի՝ յոյների ու ամերիկացիների, երեխաների ու ծերերի, քրիստոնեաների ու մահմեդականների, կոփւած ստորների ու ստորութեան անընդունակների, հարուստների ու աղքատների – ահա այսպէ՛ս միայն լրիւ անկեղծ: Չեմ կարծում, թէ սա անկեղծութիւն չեղաւ կամ գրողը դրսեւորեց իր ներքին պաշարների մի մասը միայն: Նախ՝ մերձաւորների յուշերն ու հէնց իրենց օրագրերը լաւագոյնս են վկայում, որ իսկական գրողները սանձահարւած, իրենց մէջ խեղդած, ժողովուրդներից թաքցւած կրքեր չեն ունեցել կամ գրեթէ չեն ունեցել, այսինքն դրսեւորւել են իրենց պաշարների ամբողջ կարողութեամբ, եւ երկրորդ՝ եթէ որեւէ բան, այնուամենայնիւ, թղթի սահմաններից դուրս է մնում՝ դուրս է մնում ինքը կեղծիքը: Կեղծիքը խոյս է տալիս, չի ուզում գիրք մտնել, զոռով մտցւելուց յետոյ էլ գրականութիւն չի դառնում: Կեղծիքը կարողանում է բանակներ շարժել, ամբողջ ժողովուրդներ մոլագարեցնել, քաղաքական կառուցւածքների կերպարանքներ ստանալ, այսինքն կերպաւորւել որպէս իրականութիւն եւ գրականութեանը ներկայանալ կեանքի կերպարանքով, բայց գրականութիւն դառնալ՝ երբեք, եւ դա գրականութեան ազնւութիւնն է: Հեմինգւէյն ինչպէս է ասել. «Լաւ գրողներ ունենալու անկարող միայն մի վարչակարգ կայ եւ այդ վարչակարգը ֆաշիզմն է: Որովհետեւ ֆաշիզմը հէնց ինքը՝ մարդասպաններից բարբաջւող կեղծիքն է: Ստել չցանկացող արւեստագէտը չի կարող ապրել ու աշխատել ֆաշիզմի պայմաններում: Ֆաշիզմը ինքը կեղծիքն է եւ հէնց դրանով է դատապարտւած գրական չբերութեան»:

– Ձեզ յաճախ համեմատում են Ֆոլքների հետ: Կարո՞ղ է խօսք լինել նրա ազդեցութեան մասին:

– Եթէ ազդեցութիւնները գրող են ստեղծում, եթէ ես արդէն գրող եմ եւ եթէ ազդեցութիւնների մասին խօսելը այդքան պարտադիր է՝ պէտք է խօսել առաջին հերթին մեր ժողովրդական լեզւի բանաստեղծութեան, հէնց այդպէս՝ լեզւի՛ բանաստեղծութեան, ապա Չարենցի, Բակունցի, Մահարու, Սահեանի ազդեցութիւններից: Ֆոլքների ազդեցութեան մասին, ինչքան էլ դա շոյիչ թւար, կտրականապէս խօսք լինել չի կարող: Չի կարող, բայց իմ մասին յօդւածների մէջ ռուս քննադատները նրա անունը յիշում են, ինչո՞ւ: Ոմանք մեր գրերի իբր թէ նոյնատիպ դժւարութեան (ինձ այդ տիտանի հետ նոյն «մերի» մէջ դնելու համար ներողութիւն եմ խնդրում), ոմանք ստեղծւող կերպարները աշխարհի քարտէզի վրայ բացակայ նոյն բնակավայրում բնակեցնելու, նրանց գործերը միաժամանակ նոյն վայրերում ծաւալելու, արդէն պատրաստի կերպարը երկից երկ փոխադրելու համար: Տայ Աստւած, որ աշխարհի գրական քարտէզի վրայ մի բնակավայր էլ ես աւելացնեմ… բայց ահա թէ ինչ եմ ասում. Ծմակուտը առայժմ իմ հայրենի գիւղն է, ես այդ գիւղի ակնարկագիրն եմ, կուզէք ակնարկագիր ասէք, կուզէք՝ լուսանկարիչ, կուզէք՝ նկարիչ-նատուրալիստ: Իրական այդ գիւղը կը վերաճի՞ գրական Ծմակուտի, կը կարողանա՞մ վերաճեցնել՝ չգիտեմ:

– Մանուկների համար, բայց միայն նրա՞նց մասին: Չի՞ լինի մեծերի մասին մանուկների համար:

– Տոլստոյը հիանալի մանկագիր էր, Թումանեանի ամբողջ գործը կարելի է մանուկներին տալ եւ տալիս ենք: Մանկագրութիւնը տաղանդի իւրայատկութիւն, յատուկ տաղանդ է, ազնւութեան, բարոյական մեծ մաքրութեան, պայծառա-պարզատեսութեան եւ մարդկային չգիտեմ ինչ ու ինչ լաւ յատկութիւնների համաձուլւածք: Մանկագրութիւնը հայելի է, որ ցոյց է տալիս, թէ մարդ առհասարակ իրաւունք ունի՞ գրիչ բանեցնելու: Դժբախտաբար շատ աւելի հակառակն է պատահում՝ ինչպէս որ հին գիւղում էր լինում. տան մեծի համար Թիֆլիսից գլխարկ էին բերում, մի երկու տարի դնելուց յետոյ ապին գլխարկը տալիս էր որդուն, որդին մի քանի տարի յետոյ տալիս էր տղային – ականջները ծալելով գլխարկը իջնում էր թոռան աչքերին, երեխան գլխարկի մէջ կորչում էր՝ ինչպէս որ հիմա մեծերի գլխից քշւած մանկագիրների գործերում է կորչում: Ոչ, ինչու «միայն մանուկների մասին» – ամբողջ աշխարհի՛ մասին, բայց քանի որ ամբողջ աշխարհը՝ հրաշալին ու հրէշաւորը, չարը եւ բարին, ստորն ու վեհը, պարզն ու բարդը, սէրն ու ատելութիւնը՝ ամբողջը, միեւնոյն է, պարզեցնելով ու մանկականացնելով ենք ներկայացնում՝ ուրեմն նախընտրելի է իրենց համար իրենց մասին:

– Ի՞նչ կուզենայիք թարգմանել:

– Կուզենայի աշխարհի բոլոր լեզուներն իմանալ ու բոլոր լեզուների թումանեաններին տեսնել իրենց լեզուների հայրենիքներում, բայց քանի որ դա անհնար է՝ կուզենայի թարգմանել այնպիսի բան, որը կարողանար ճռինչով արթնացնել Խորենացու, Նարեկացու, «Դաւթի», Քուչակի, Աբովեանի, Մեծարենցի, Տէրեանի, Թումանեանի, Չարենցի հայերէնները, մեր ամբողջ հայերէնն աշխատէր, լեզւական իր նոր հայրենիքում օտար այդ գործը դառնար հայերէնի ու հայ մեծ մշակոյթի նոր փաստ: Աշխարհում մի այդպիսի գործ չկայ, բայց գործեր՝ կան. կարելի է եւ պէտք է բոլորիս ուժերով հայերէնի վերածել համաշխարհային արձակի հարիւրհատորեայ հատընտիրը: Լաւ աշխատելու դէպքում դա հայերէնի շքերթ կը դառնար, հակառակի մասին չեմ ուզում մտածել:

– Ի՞նչ ծրագրեր ունէք:

– Ծմակուտի անցեալում ու ներկայում նոր բնակիչներ տեղաւորելու վրայ չարչարւել, այնպիսի բնակիչներ, որ հաց են ստեղծում եւ կեանքի համար իրենք հաց են. Պեպօն ինչպէս է ասում՝ «Դուն մարթ ի՞ս թէ մարթկերանց համա կերակուր է ստեղծի քեզ աստուձ»:

Հարցազրոյցը վարեց ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԵԱՆԸ

«Գրքերի աշխարհ», N 5, 15.05.1979 թ.

Related Articles

Back to top button