ՀամայնքՄշակութային

Մարկոս Գրիգորեանն իր աշակերտներից առաջինը՝ կերտում էր մարդ, ապա արւեստագէտ

Իրանի արւեստագէտների յարգանքի տուրքը մեծանուն իրանահային

«ԱԼԻՔ»- Երեքշաբթի՝ յունւարի 7-ին, «Թեհրանի ժամանակակից արւեստների թանգարան»-ի «Սինեմաթէք» դահլիճում տեղի ունեցաւ Իրանի կերպարւեստի ականաւոր գործիչ-նկարիչ Մարկոս Գրիգորեանին նւիրւած յուշերեկոյ:

Նախաձեռնութիւնը «Թեհրանի ժամանակակից արւեստների թանգարան»-ինն էր, համագործակցութեամբ՝ Մարկոս Գրիգորեանի հիմնադրամի:

Միջոցառումը մի խումբ ճանաչւած արւեստագէտների, արւեստաբանների եւ վաւերագրողների ներկայութեամբ առիթ դարձաւ միջազգային ճանաչում ունեցող արւեստագէտի թողած  աւանդի մասին վերյիշելու, ով իր գործունէութեան ընթացքում մեծապէս նպաստել է Իրանում ժամանակակից կերպարւեստի զարգացմանը:

Միջոցառման մեկնարկին Մարկոս Գրիգորեանի մտերիմ ընկերներից՝ արւեստաբան Մեհդի Հոսէյնին խօսեց նկարչի մօտեցումների առանձնայատկութիւնների մասին: Ապա ելոյթ ունեցաւ  քննադատ-նկարիչ Հասան Մորիզինեժադը:

Հասան Մորիզինեժադը նշեց նաեւ, որ միշտ սիրել է արւեստագէտների հետ իր զրոյցներում պարզել, թէ ինչ ճանապարհ ու փորձաքար է տեսել նկարիչը՝ հասնելու իր ներկայիս դիրքին։ «Ցաւօք սրտի, ես երբէք չեմ կարողացել զրուցել պրն. Գրիգորեանի հետ: Փոխարէնը նրա մասին գաղափար եմ կազմել Ժանէթ Լազարեանի հետ հարցազրոյցի միջոցով»: 

Նա յաւելեց. «Պէտք է հարցնել, թէ ի՞նչ կար Մարկոյի նման արւեստագէտի էութեան մէջ, որ նրան այդքան ազդեցիկ դարձրեց։ Նա առաջին իրանցի նկարիչն էր, ով կաւով կտաւներ ստեղծեց»: 

Յուշերեկոյին ցուցադրւեց նաեւ Համիդռէզա Զէյնալիի «Ինչպէս ստւեր, ինչպէս երազ» վաւերագրական ֆիլմի մասին պատմող մի տեսանիւթ, որից յետոյ ռեժիսորը պատմեց, որ ֆիլմն ստեղծւել է նրա հայ ընկերներից մէկի առաջարկով (Ալբերտ Քոչարի-հանգուցեալ)։ Նա յաւելեց, որ Մարկոսի նման մարդիկ շատ քիչ են ոչ միայն Իրանում, այլեւ աշխարհում։

Ընթացքում Մարկոս Գրիգորեան հիմնադրամի ղեկավար Միշէլ Ալավարդեանը կարեւորեց միջազգային յարաբերութիւններում մշակոյթի եւ արւեստի դերը յիշեցնելով Թեհրանի ժամանակակից արւեստի թանգարանում անցկացւող «Մարկոս Գրիգորեանի կեանքի եւ ստեղծագործութիւնների ակնարկ» ցուցահանդէսի մասին։

Միջոցառմանը ներկայ էր նաեւ ՀՀ դեսպանութեան մշակութային հարցերով խորհրդականը:  

Յիշեցնենք, որ «Մարկոս Գրիգորեանի կեանքի եւ ստեղծագործութիւնների ակնարկ» ցուցահանդէսը գործելու է մինչեւ յունւարի 13-ը՝ Թեհրանի ժամանակակից արւեստի թանգարանում:

Related Articles

Back to top button