Այլ

Ճարպերի փոխարէն ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց աւելի լաւ վերահսկել ախորժակը

Frontiers in Nutrition ամսագրում հրապարակւած նոր հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ ածխաջրերի, այլ ոչ թէ ճարպերի օգտագործման կրճատումը կարող է աւելի լաւ վերահսկել ախորժակը՝ լիպեդեմայով տառապող կանանց մօտ: Լիպեդեման գիրացմանը նման հիւանդութիւն է, որը սակայն տարբերւում է մարմնի ստորին հատւածներում ճարպի կուտակման առանձնայատկութիւններով:

Լիպեդեման առաւելապէս հանդիպում է կանանց մօտ, յատկապէս հորմոնալ փոփոխութիւնների ժամանակ՝ դեռահասութեան տարիքում, յղիութեան ընթացքում եւ դաշտանադադարի շրջանում: Այն ուղեկցւում է հիւսւածքների բորբոքմամբ, ինչը կարող է ազդել ուղեղում ախորժակի կարգաւորման մեխանիզմների վրայ:

Գիտնականները վերլուծել են կլինիկական հետազօտութեան տւեալները, որին մասնակցել է լիպեդեմա եւ գիրութիւն ունեցող 70 կին: Նրանք բաժանւել են երկու խմբի. ութ շաբաթ շարունակ առաջին խումբը հետեւել է ցածր ածխաջրային դիետայի (օրական մօտ 75 գ ածխաջուր), իսկ միւսը՝ ցածր ճարպային դիետայի (օրական մօտ 180 գ ածխաջուր եւ 27 գ ճարպ): Երկու խմբերում էլ սննդակարգի կալորիականութիւնը կազմել է օրական մօտ 1200 կկալ՝ սպիտակուցների միեւնոյն քանակութեամբ:

Արդիւնքները ցոյց են տւել, որ ցածր ածխաջրային դիետա պահող կանանց մօտ զգալիօրէն նւազել է այսպէս կոչւած «հեդոնիստական քաղցի» նկատմամաբ հակւածութիւնը՝ հաճոյք ստանալով այն ձգտումից, երբ ուտելու ցանկութիւն է առաջանում սննդի տեսքից կամ հոտից, նոյնիսկ երբ օրգանիզմն էներգետիայի կարիք չունի: Այս ազդեցութիւնը գնահատւել է Power of Food Scale սանդղակի միջոցով եւ սննդային գրգռիչների նկատմամբ արձագանքի մակարդակի նւազումը յատկապէս նկատելի է եղել «սնունդ, որն առկայ է, բայց դեռ չի փորձւել» ենթակատեգորիայում:

Բացի այդ, ցածր ածխաջրային խմբի մասնակիցները նշել են էմոցիոնալ շատակերութեան զգալի նւազում, այսինքն՝ բացասական յոյզերին ի պատասխան ուտելու հակւածութեան թուլացում: Մինչդեռ ցածր ճարպային դիետա պահող կանանց մօտ ուժեղացել է «վերահսկւող սնւելու» գործօնը՝ քաշը պահպանելու համար սննդի ընդունումը գիտակցաբար սահմանափակելու կարողութիւնը:

Հետազօտութեան հեղինակները ենթադրում են, որ ցածր ածխաջրային դիետան կարող է ներազդել ուղեղի պարգեւատրման համակարգի վրայ, մասնաւորապէս՝ գրելին եւ ինսուլին հորմոնների միջոցով, որոնք ազդում են սննդից ստացւող հաճոյքի հետ կապւած դոֆամիներգիկ ուղիների վրայ: Սա կարող է բացատրել, թէ ինչու է ածխաջրերի սահմանափակումը նւազեցնում արձագանքը սննդային ազդակներին եւ նպաստում ախորժակի աւելի լաւ վերահսկմանը:

News.am

Related Articles

Back to top button