Այլ

Ննջասենեակում գաջեթների մերժումը կը բարելաււի դեռահասների քունը

Լաւ քունը կենսական նշանակութիւն ունի դեռահասների ֆիզիկական առողջութեան, հոգեկան բարեկեցութեան եւ դպրոցում առաջադիմութեան համար, սակայն նրանցից շատերը բաւարար չափով չեն քնում։ Նոր հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ քնելուց առաջ գաջեթներ օգտագործելուն առնչւող սովորութիւնները կարող են մեղաւոր լինել, գրում է EurekAlert!-ը։

Հետազօտութիւնը լոյս է սփռում այն բանի վրայ, թէ ինչպէս են դեռահասներն օգտագործում տեխնոլոգիաները քնելուց առաջ եւ ինչպէս է դա առնչւում քնի խանգարումներին եւ քնի տեւողութեանը։

Գիտնականները պարզել են, որ դեռահասների աւելի քան 70%-ն իրենց ննջասենեակում ունի համացանցին միացւած սարք, իսկ գրեթէ 25%-ը յայտնել է, որ վերջին շաբաթւայ ընթացքում արթնացել են ծանուցումներից։ Գիշերւայ կէսին արթնանանալից նրանց 28%-ը միացնում էր սարքը՝ նախքան նորից քուն մտնելը։

«Դեռահասները որակեալ քնի կարիք ունեն՝ իրենց մարմնի եւ ուղեղի պատշաճ զարգացումն ապահովելու համար»,- ասում է հետազօտութեան հեղինակ, բժշկական գիտութիւնների դոկտոր, Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանի մանկաբուժութեան դոցենտ Ջէյսոն Նագաթան։ «Դեռահասները կարող են պաշտպանել իրենց քունը՝ ննջասենեակում չօգտագործելով սմարթֆոններ, անջատելով սարքերի ծանուցումները եւ խուսափելով անկողնում սոցիալական ցանցերից օգտւելուց։ Երբ կէսգիշերին արթնանում էք, դիմադրէք հեռախօսը ստուգելու ցանկութեանը»։

Հետազօտողները յայտնաբերել են նաեւ սոցիալ-դեմոգրաֆիկ տարբերութիւններ էկրանների օգտագործման սովորութիւնների եւ դրանց քնի որակի վրայ ազդեցութեան մէջ։ Ռասայական եւ էթնիկ փոքրամասնութիւնների ներկայացուցիչ դեռահասները քնելուց առաջ աւելի յաճախ են էկրաններ օգտագործում, քան իրենց հասակակիցները։ Յայտնաբերւել են նաեւ սոցիալ-տնտեսական կարգավիճակին առնչւող տարբերութիւններ. ընտանիքի ցածր եկամուտը եւ ծնողների կրթութիւնը նոյնպէս կապւած էին քնելուց առաջ հեռախօսի աւելի յաճախակի օգտագործման հետ։

«Էկրանի առջեւ անցկացրած ժամանակը կարող է խլել կարեւոր գործողութիւնների, ինչպիսիք են քունը, ֆիզիկական ակտիւութիւնը եւ դէմ առ դէմ շփումները, որոնք կարեւոր են հոգեկան առողջութեան եւ բարեկեցութեան համար»,- յաւելում է Նագաթան։

Հետազօտութիւնը լրացնում է գաջեթների օգտագործման եւ դեռահասների վրայ քնի վատ որակի ազդեցութեան վերաբերեալ առկայ գիտելիքները։ Վերջինս կապւած է ֆիզիկական եւ հոգեկան խանգարումների զարգացման, ուսման առաջադիմութեան եւ բարեկեցութեան վատթարացման ռիսկի բարձրացման հետ։

Ամերիկեան մանկաբուժութեան ակադեմիան պաշտպանում է ընտանեկան մեդիա ծրագրի ստեղծումը, որը ներառում է ընտանեկան մեդիայի օգտագործման ուղեցոյցների վերաբերեալ կանոնաւոր քննարկումներ եւ ստուգումներ: Ընտանեկան մեդիա ծրագիրը կարող է անհատականացւել՝ կախւած երեխաների տարիքից, նրանց ունեցած սարքերից եւ տարւայ եղանակից։ «Ամառը հիանալի ժամանակ է ձեր ընտանեկան մեդիա ծրագիրը վերանայելու համար՝ հաշւի առնելով ձեր առօրեայի հնարաւոր փոփոխութիւնները,- ասում է Նագաթան։ -Երեխաների քունը բարելաւելու ամենաարդիւնաւէտ ռազմավարութիւններից մէկը քնելուց առաջ գաջեթների օգտագործումը սահմանափակելն է»։

Հետազօտողներն օգտագործել են «Դեռահասների ճանաչողական զարգացում» (ABCD) ուսումնասիրութեան տւեալները, որը Միացեալ Նահանգներում ուղեղի զարգացման խոշորագոյն տեւական ուսումնասիրութիւնն է, որը հաւաքել է 12-13 տարեկան 10 հազար 305 դեռահասների տւեալներ: Հետազօտութեան մասնակիցները յայտնել են, թէ որքան յաճախ են հեռուստացոյց դիտում քնելուց առաջ, իսկ խնամակալները տեղեկութիւններ են տրամադրել քնի խանգարումների եւ տեւողութեան մասին:

«Քնելուց առաջ էկրանների օգտագործման սոցիալ-դեմոգրաֆիկ տարբերութիւնները կարող են հիմք ծառայել մանկաբոյժների եւ խնամողների համար թիրախային եւ մշակութային առումով զգայուն խորհրդատւութեան համար»,-ասում է հետազօտութեան համահեղինակ, Տորոնտոյի համալսարանի սոցիալական աշխատանքի ֆակուլտետի դոցենտ Քայլ Թ. Գանսոնը։ «Անհատականացւած թւային գրագիտութեան ծրագրերը եւ կանխարգելիչ յանձնարարականները կարող են ուղղւած լինել ռիսկի խմբին՝ բոլոր դեռահասների առողջ քունն ապահովելու համար»։

 news.am

Related Articles

Back to top button