Հետազօտութիւն. Ժամանակաւոր բուսակերութիւնը դանդաղեցրել է ծերացումը
Ծերացման մասին գիտութիւնն աւելի շատ է սկսել հետաքրքրւել դիետայով։ Գիտնականները փորձում են հասկանալ, թէ ինչպէս են մթերքները եւ մեր սննդային սովորութիւններն ազդում կեանքի տեւողութեան վրայ, գրել է naked-science-ը։
Ենթադրւում է, որ այդ ազդեցութիւնը ոչ թէ ուղղակի է, այլ միջնորդաւորւած, օրինակ՝ էպիգենետիկ մեխանիզմների միջոցով։ ԱՄՆ գիտնականները թեստաւորել են այս հիպոթեզը երկւորեակների վրայ կատարւած փորձով, որոնք սնւել են բուսական սնունդով։
Մեր օրգանիզմի կազմաւորման եւ զարգացման բոլոր հիմքերը դրւած են ԴՆԹ-ում։ Բայց շրջակայ միջավայրը նոյնպէս իր հետքն է դնում։ Այսօր յայտնի են բազմաթիւ արտաքին մեխանիզմներ, որոնք ազդում են գեների էքսպրեսիայի վրայ։ Դրանք ուսումնասիրում է էպիգենետիկան։ Դրանցից մէկը ԴՆԹ մեթիլաւորումն է։ Դրանք քիմիական նշաններ են (մեթիլային խմբեր), որոնք միանում են մակրոմոլեկուլի՝ ցիտոզինի կառուցակցող սպիտակուցներից մէկին։
ԴՆԹ մեթիլաւորումը գործադրւում է վաղ հասակում եւ կարող է պահպանւել ամբողջ կեանքում։ Որոշ հետազօտողներ դրանով են բացատրում, օրինակ, մանկական տրաւմաների ուշացած հետեւանքները։ Մեթիլաւորման վրայ ազդում են շատ բաներ, ներառեալ դիետան։ Այս ուղղութիւնն այժմ յատկապէս ակտիւօրէն է ուսումնասիրւում։ Բայց, որպէս կանոն, համեմատում են սնւելու սովորական ոճերը։ Զուտ բուսական դիետայի էպիգենետիկ յատկութիւնների մասին աւելի քիչ է յայտնի։ Ամերիկացի գիտնականները՝ Սթենֆորդի համալսարանի գլխաւորութեամբ, որոշել են պարզութիւն մտցնել եւ ռանդոմիզացւած հետազօտութիւն են կատարել երկւորեակների մասնակցութեամբ։ Արդիւնքները հրապարակւել են BMC Medicine-ում։
Փորձին, որը տեւել է երկու ամիս, մասնակցել են 18 տարեկանից բարձր 22 առողջ երկւորեակներ։ Բոլոր զոյգերին բաժանել են. երկւորեակներից մէկը մտել է վեգանների խումբ, երկրորդը, վերահսկման համար, ամենակերների։ Առաջին չորս շաբաթներին նրանց տւել են պատրաստի կերակրացանկ, երկրորդ չորս շաբաթներին նրանք սնւել են իրենք՝ համաձայն խորհուրդների։ Վերահսկումն իրականացւել է անկետաւորման եւ յաւելւածի ձեւով։
Փորձի սկզբում, մէջտեղում եւ վերջում բոլորից արիւն են վերցրել՝ որոշելու համար տելոմերների երկարութիւնը, հաշւելու կենսաբանական տարիքը ըստ էպիգենետիկ ժամացոյցի եւ գնահատելու ԴՆԹ մեթիլաւորման աստիճանը։ Չորս շաբաթ անց մի զոյգը հեռացել է փորձից։ Ուսումնասիրւել են 21 զոյգերի տւեալները։ Նրանց միջին տարիքը եղել է 40-ը, նրանց 77,3 տոկոսը կանայք են եղել։
Գիտնականները մօտեցումների մեծ զինանոց են օգտագործել՝ գնահատելու համար իմունային համակարգը, երկրորդ տեսակի դիաբետի առաջացման վտանգը։
«Մենք օրգանիզմի արձագանգի ակնյայտ տարբերութիւններ տեսանք վեգանների եւ ամենակերների միջեւ։ Յատկանշական է, որ վեգանների խմբում նկատելիօրէն դանդաղել էր էպիգենետիկ ծերացումը, ինչը ցուցադրել են տարբեր էպիգենետիկ ժամացոյցները»,- նշել են հեղինակները։
Պարզւել է, որ ժամանակաւորապէս վեգան դարձած մասնակիցների արեան մէջ իջած են եղել բորբոքային բիոմարկերների պարունակութիւնը, սրտի, լեարդի, մետաբոլիկ եւ էնդոկրին համակարգերի հիւանդութիւնների նշանները։ Վեգանները նաեւ միջինը կորցրել են երկու կիլոգրամով աւելի, քան ամենակերները։
Աշխատանքում ցուցադրւած է զուտ բուսական դիետայի անցնելու դրական արդիւնքը, բայց սննդարար նիւթերի պակասից առաջացած վնասը ի յայտ է գալիս տարիներ անց, բրիտանական Science Media Center-ի մեկնաբանութիւնում նշել է պրոֆեսոր Թոմ Սանդերսը Լոնդոնի Թագաւորական կոլէջից։ Օրինակ, եթէ չլրացւի B12 վիտամինի պակասը, դա կը յանգեցնի նեարդային համակարգի խանգարման։ Ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ վեգանների մօտ նւազում է ոսկրերի ամրութիւնը, տարիքի հետ աւելի ակնյայտ է կորչում մկանային զանգւածը։
«Սա 2023 թ. նոյեմբերին հրապարակւած հետազօտութեան շարունակութիւնն է։ Այնտեղ նոյնպէս ցոյց է տրւել, թէ ինչպես է կալորիաների պակասը վեգանների մօտ յանգեցնում քաշի կորստի, ինչը, հաւանաբար, պատճառ է հանդիսանում ԴՆԹ աւելի առողջ մեթիլաւորման համար»,- նշել է Դիանա Մելորը Սննդաբանների բրիտանական ասոցիացիայից։ Ի դէպ, ԴՆԹ մեթիլաւորման առաւելութիւններն առայժմ դիտարկւում են միայն տեսականօրէն եւ ուղղակիօրէն չեն յանգեցնում երկարակեցութեան։ Փորձագէտի կարծիքով՝ փորձից ստացւած արդիւնքները կարելի է յանգեցնել այն բանին, որ վեգանները պարզապէս աւելի շատ բուսական սնունդ են օգտագործել։