Այլ

Շնորհաւորում ենք Տեառն Մերոյ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան (Վարդավառ) տօնը

Վարդավառ: Մեր Տէր Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօն. Վարդավառ: Մեր Տէր Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը:

Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից երրորդն է: Մեր Տէր Յիսուս Քրիստոս, համաձայն Աւետարանի, Ս. Պետրոս, Ս. Յակոբոս եւ Ս. Յովհաննէս Առաքեալների հետ բարձրանում է Թաբոր լեռն աղօթելու: Աղօթքի պահին Յիսուս նրանց առաջ պայծառակերպւում է. «Դէմքը փայլեց, ինչպէս արեգակը. եւ Նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը» (Մատթէոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջեւ Քրիստոս խօսում է շուրջ հազար տարի առաջ վախճանւած Մովսէսի եւ հրեղէն կառքով երկինք համբարձւած Ս. Եղիա մարգարէի հետ: Ս. Ղուկաս աւետարանիչը պատմում է, որ նրանք խօսում էին Քրիստոսի երկրային կեանքի վերջին օրերի դէպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղէմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլւած՝ Ս. Պետրոս Առաքեալը բացականչում է. «Վարդապետ, լաւ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղաւարներ շինենք, մէկը Քեզ, մէկը Մովսէսի եւ միւսը Եղիայի համար»: Մինչ Նա խօսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, եւ ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, Դրան լսեցէք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքեալներին Յիսուս նրանց պատւիրում է ոչ ոքի չյայտնել տեսածի ու լսածի մասին մինչեւ Աստծոյ Որդու փառաւորւելը:

Ս. Յովհան Ոսկեբերանը երեք բացատրութիւն է տալիս, թէ ինչու Տիրոջը յայտնւեցին Ս. Մովսէս եւ Ս. Եղիա մարգարէները. երկուսն էլ ունեցել են Աստծոյ տեսիլքը՝ Մովսէսը Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան Քորեբ լեռան վրայ (Գ Թագաււորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կեանքը եւ մահը: Մովսէսը մահացաւ այդպէս էլ չտեսնելով խոստացւած երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացաւ հրեղէն կառքով:

Յիսուսի պայծառակերպութեան ժամանակ Մովսէսի նախանձայոյզ օրէնսդրի ու Եղիայի երկինք տեղափոխւած նախանձախնդիր օրինապահի յայտնւելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրէնսդիրը եւ չի դրժում Աստծոյ Ուխտը: Նա է Տէրը երկրի եւ երկնքի, ողջերի ու մեռեալների, քանզի Մովսէսին մեռեալների միջից վեր հանեց, իսկ Եղիային ողջերի:

Այս տօնը յայտնի է նաեւ Վարդավառ անունով: Տօնի ժամանակ ժողովրդական սովորոյթներից է միմեանց վրայ ջուր ցողելն ու աղաւնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկութիւնը, Նոյի աղաւնուն: Սովորութիւն է նաեւ ծաղիկներով զարդարւելը, ինչն Աստւածորդու փառքի երեւման առթիւ մեծ ուրախութեան արտայայտութիւն է:

«Վարդավառ» ժողովրդական անւանումը, հաւանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորութիւնից:

Ս. Գրիգոր Տաթեւացին տօնի «Վարդավառ» անունը բացատրում է Յիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպէս վարդը մինչեւ բացւելը թաքնւած է իր պատեանի մէջ եւ բացւելով երեւում է բոլորին, այնպէս էլ Յիսուս մինչեւ այլակերպութիւնն Իր մէջ կրում էր աստւածային էութիւնը եւ պայծառակերպւելով՝ յայտնեց Իր Աստւածութիւնը:

Վարդավառի տօնին նախորդում է շաբաթապահք: Իսկ յաջորդ օրն, ինչպէս տաղաւար բոլոր տօներից յետոյ, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցեալների հոգիների համար մատուցւում է Ս. Պատարագ եւ կատարւում հոգեհանգիստ:

Պայծառակերպութեան տօնով հաստատւեց այն ճշմարտութիւնը, որ Յիսուս Աստծոյ Որդին է: Աստծոյ պատգամն է առաքեալներին եւ ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»: ՎԱՐԴԱՎԱՌ

(Վարթեւոր, Վրթիվեր)

Եկեղեցական տօնացոյցում «Պայծառակերպութիւն» կամ «Այլակերպութիւն» կոչւող այս տօնը նշւում է Զատկից 98 օր յետոյ, հետեւաբար, շարժական է եւ ընկնում է յունիսի 28-ից օգոստոսի 1-ը: Տօնի կրօնական անունը կապւում է Քրիստոսի Համբարձումից յետոյ Թաբոր լեռան վրայ Պետրոս, Յովհաննէս, Յակոբոս առաքեալներին, նրա պայծառացած կերպարանքի երեւալու հետ:

Իրականում տօնը հնագոյն արմատներ ունի եւ ժողովրդական տօներից ամենամասսայականն էր, որում արտացոլւել են՝

ա) Աստղիկ-Անահիտ դիցուհիների կերպարները:

բ) Հայկի ու Բէլի առասպելը, ի յիշատակ որի՝ Վանում պատանիները թաղ-թաղ բանակներ էին կազմում եւ պարսատիկներով, նետ-աղեղներով կռւում:

գ) Նոյի պատմութիւնը, երբ ջրհեղեղի աւարտից յետոյ նրա յիշատակն անմոռաց դարձնելու նպատակով, Նոյի տղաները ցողւում են ջրով:

Նիւթը տրամադրել է Տ. ՎՐԹԱՆԷՍ ՔՀՆՅ. ԲԱԲԱԽԱՆԵԱՆ

Related Articles

Back to top button