Սրտի բնածին անոմալիայով ծնւած երեխաների թիւը համավարակի առաջին տարւանից յետոյ աւելացել է 16 տոկոսով
Լոնդոնի Սիթի Սենթ Ջորջի համալսարանի հետազօտութեան համաձայն, որի արդիւնքները հրապարակւել են Ultrasound in Obstetrics and Gynecology ամսագրում, սրտի բնածին անոմալիայով ծնւած երեխաների թիւը համավարակի առաջին տարւանից յետոյ աւելացել է 16 տոկոսով։
Սրտի արատները անոմալիաների ամենատարածւած տեսակն են, որոնք առաջանում են մինչեւ երեխայի ծնւելը։ Դրանց թւին են պատկանում երեխայի սրտի փականների, սրտի ներսում եւ դրա շուրջ խոշոր արիւնատար անօթների արատները, ինչպէս նաեւ սրտում խոռոչների առաջացումը։ 2016 թ. դեկտեմբեր – 2022 թ. նոյեմբեր ընթացքում հետազօտողներն ուսումնասիրել են աւելի քան 18 մլն. ծնունդների տւեալները, որոնք ստացւել են ԱՄՆ-ում Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններից՝ գնահատելու համար համավարակի ազդեցութիւնը սրտի բնածին արատներով ծնւած երեխաների թւի վրայ։ Նրանք մինչեւ COVID-19-ի համավարակը (2016 թ. դեկտեմբերի 1 – 2019 թ. նոյեմբերի 30) իւրաքանչիւր ամսւայ համար սրտի բնածին արատով ծնւած երեխաների թիւը համեմատել են այն երեխաների թւաքանակի հետ, որոնք ծնւել են համավարակի ժամանակ (2020 թ. դեկտեմբերի 1 – 2022 թ. նոյեմբերի 30)։ Յետոյ այդ տւեալները համեմատւել են Դաունի համախտանիշով ծնւած երեխաների թւի հետ (գենետիկ հիւանդութիւն, որը պայմանաւորւած չէ վիրուսով)։ Դա պէտք է օգնէր պարզել, թէ կարող էին արդեօք դիտարկւող տարբերութիւններն առաջացած լինել COVID-19-ի պատճառով, թէ դրանք եղել են այլ գործօնների հետեւանք, ներառեալ նախածննդեան ծառայութիւնների սահմանափակ հասանելիութիւնը համավարակի ժամանակ։ Ուսումնասիրւել է մինչեւ համավարակը 11010764 եւ համավարակի ժամանակ 7060626 ծննդեան դէպք։
Տւեալները հաշւի են առել մօր մարմնի զանգւածի ինդեքսը, դիաբետի եւ զարրկերակային ճնշման առկայութիւնը մինչեւ յղիութիւնը, տարիքը, ծննդաբերութիւնների թիւը եւ սեզոնը։ Սրտի բնածին արատներով ծնունդների թիւը աւելացել է 16 տոկոսով համավարակի առաջին տարւանից յետոյ եւ կազմել 100000 կենդանածնութեան դէպքում 65,4 դէպք մինչեւ համավարակը 56,5-ի համեմատ։
Դաունի համախտանիշով ծնւածների թիւը չի փոխւել հետազօտութիւնների ողջ ընթացքում, ինչը թոյլ է տալիս ենթադրել, որ պտղի սրտի արատների թւի աւելացումը կապւած չի եղել բժշկական ծառայութիւնների աշխատանքի խափանումների հետ։
News.am