Մաշկի քաղցկեղը տղամարդկանց եւ կանանց շրջանում մարմնի տարբեր մասերում է առաջանում

Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ մարմնի այն հատւածները, որոնք առաւել հակւած են մաշկի քաղցկեղի զարգացմանը, տղամարդկանց եւ կանանց շրջանում տարբերւում են։
Ըստ Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազօտութիւնների կենտրոնի (Cancer Research UK CRUK) վերլուծութեան՝ տղամարդկանց շրջանում մելանոմաների 10 դէպքից 4-ը յայտնաբերւում է իրանի, մասնավորապէս՝ մէջքի, կրծքաւանդակի եւ որովայնի վրայ, ինչը համարժէք է տարեկան 3700 դէպքի։ Կանանց շրջանում մելանոմաների աւելի քան մէկ երրորդը՝ 35%-ը, յայտնաբերւում է ստորին վերջոյթներին՝ ազդրերից մինչեւ ոտնաթաթեր, եւ տարեկան կազմում է 3200 դէպք։ Ենթադրւում է, որ այդ տարբերութիւնները պայմանաւորւած են վարքագծի տարբերութիւններով. տղամարդիկ աւելի հակւած են արեւի տակ մնալ առանց վերնաշապիկի, մինչդեռ կանայք կարող են կարճ տաբատ կամ կիսաշրջազգեստ հագնել, երբ եղանակը տաքանում է։
Հետազօտութիւնը պարզել է, որ մելանոմայի դէպքերի 87%-ը, որը համարժէք է Մեծ Բրիտանիայում տարեկան 17 հազար 100 դէպքի, պայմանաւորւած է ուլտրամանուշակագոյն ճառագայթման չափից շատ ազդեցութեամբ։ CRUK-ի տւեալներով՝ Մեծ Բրիտանիայում մելանոմայի մաշկի քաղցկեղի մակարդակն անցեալ տարի հասել է ռեկորդային բարձր մակարդակի: Միեւնոյն ժամանակ նոր ախտորոշումներն աճել են մէկ քառորդով՝ 2007-2009 եւ 2017-2019 թւականների միջեւ ընկած ժամանակահատւածում իւրաքանչիւր 100 հազար մարդու հաշւով 21-ից հասնելով 28-ի։ 80 տարեկանից բարձր մարդկանց թիւն աճել է 57%-ով, իսկ 25-49 տարեկաններինը՝ 7%-ով։ Բարեգործական կազմակերպութիւնը զգուշացրել է նաեւ, որ մելանոմայի դէպքերի թիւը, ըստ կանխատեսումների, այս տարի կրկին կաճի՝ հասնելով 21 հազար 300-ի, գրում է բրիտանական The Guardian պարբերականը։
news.am