Այլ

Սուրճի մէջ հոգեկան առողջութեան համար օգտակար յատկութիւն են գտել

Կոֆէինը կարող է կանխել խրոնիկական ստրեսի հետեւանքով առաջացած դեպրեսիայի զարգացումը՝ փոխազդելով աղիների եւ ուղեղի միջեւ կապի վրայ։ Չինաստանում նման եզրակացութեան են հանգել Չունցինի բժշկական համալսարանի գիտնականները։ Աշխատանքը հրապարակւել է European Journal of Pharmacology (EJP) բժշկագիտական  հանդէսում։

Լաբորատոր մկների մասնակցութեամբ անցկացւած փորձի ժամանակ գիտնականները մոդելաւորել են խրոնիկական ստրեսը, որը, ինչպէս յայտնի է, մարդկանց մէջ դեպրեսիւ ախտանիշներին նման վարքային փոփոխութիւններ է առաջացնում։ Կենդանիների մի խմբի նախապէս կոֆէին են տւել, ապա նրանց վարքագիծը, աղիքային առողջութիւնը եւ օրգանիզմում բորբոքման մակարդակը համեմատւել են որեւէ պաշտպանութիւնից զուրկ եւ ստրեսի մէջ գտնւող մկների հետ։

Արդիւնքները յատկանշական էին. կոֆէին ստացած մկները նոյնքան ակտիւ էին պահում իրենց, որքան ստրեսի չենթարկւած վերահսկիչ խումբը: Նրանց մէջ պահպանւել էր հետաքրքրութիւնը քաղցրահամ ջրի նկատմամբ, մարմնի զանգւածը չէր նւազել եւ դեպրեսիւ վարքի նշաններ չէին դրսեւորւել։ Բացի դրանից, այդ կենդանիների շրջանում աղիքային պատնէշի որեւէ խախտում չի յայտնաբերւել, եւ արեան մէջ եւ հիպոկամպում՝ ուղեղի այն հատւածում, որը կապւած է տրամադրութեան հետ, բորբոքային մոլեկուլների մակարդակը մնացել է նորմայի սահմաններում։ Աղիքային լորձաթաղանթի ամբողջականութիւնն ապահովող սպիտակուցների մակարդակը չի նւազել, իսկ միկրոֆլորայի կազմը գրեթէ առողջ է եղել։

Հեղինակները շեշտում են, որ աշխատանքը դեռեւս նախնական փուլում է։ Սա կանխարգելիչ ազդեցութիւն է. պարզ չէ՝ արդեօք կոֆէինը կարո՞ղ է թեթեւացնել արդէն իսկ առկայ դեպրեսիան։ Սակայն արդիւնքները հաստատում են սննդակարգի, աղիքային միկրոբիոմի եւ հոգեկան առողջութեան միջեւ կապի վերաբերեալ հետագայ հետազօտութիւնների կարեւորութիւնը:

News.am

Related Articles

Back to top button