Ճանաչենք Հայոց աշխարհը

Արենի՝ գիւղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարեւանութեամբ։ Նախկինում կոչւել է Արփա։ 1946 թւականի յունիսի 10-ի Խորհրդային Հայաստանի Գերագոյն խորհրդի որոշմամբ գւղը վերանւանւել է Արենի։
Արենին գտնւում է Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի ստորին հոսանքի երկու ափերին։ Այն գտնւում է Երեւանից 110 կմ, իսկ մարզկենտրոն Եղեգնաձորից՝ 20 կմ հեռաւորութեան վրայ։
Գիւղի կլիման ցամաքային է։ Ձմեռները չափաւոր ցուրտ են ու կարճատեւ, գարունը՝ տաք, երկարատեւ եւ խոնաւ, ամառը՝ շոգ, չոր ու երկարատեւ, աշունը՝ տաք ու քիչ ամպամած։ Գերակշռում են պարզ եղանակները։ Գիւղի հողատարածքներն հիմնականում ոռոգւում են Արփա գետի ջրերով։
Բնակչութիւնը հիմնականում զբաղւում է այգեգործութեամբ, դաշտավարութեամբ, թռչնաբուծութեամբ եւ անասնապահութեամբ։ Համայնքի զարգացման գերակա ուղղութիւններից են խաղողագործութիւնն ու գինեգործութիւնը, ինչպէս նաեւ զարգացող պտղաբուծութիւնը։ Դրանց շնորհիւ բնակչութեան զբաղւածութեան մակարդակը համեմատաբար բարձր է, ինչը նպաստում է արտագաղթի նւազեցմանը։
Գիւղում գործում են երկու գինու գործարաններ, որոնք արտադրում են հանրայայտ «Արենի» տեսակի գինին։
2011 թւականի մարդահամարի տւեալներով՝ Արենիի բնակչութիւնը կազմել է 1,772 մարդ։
Բնակավայրն աճում է հիմնականում Արփա գետի հովտի լայնացած հատւածում՝ աւտոմայրուղու երկայնքով՝ ընդարձակւելով դէպի հիւսիս եւ արեւելք։ Գիւղի եզրերը աստիճանաբար բարձրանում են դէպի գետահովտի զառիթափ լանջերը։ Էկոլոգիական լուրջ խնդիրներ չկան, քանի որ արդիւնաբերական վտանգաւոր օբեկտներ չկան։ Արենին թաղւած է մրգատու այգիների մէջ։ Տների մեծ մասը տանիքաւոր է եւ յարմարաւէտ։
Գիւղն ունի միջնակարգ դպրոց, բուժամբուլատորիա, մշակոյթի տուն եւ գրադարան։
Արենին Վայոց ձորի հին ու նշանաւոր բնակավայրերից է։ Հնում գիւղը գտնւել է ներկայիս դիրքից մօտ կէս կիլոմետր հիւսիս՝ բլրի վրայ։ Այստեղ է գտնւում ճարտարապետ Մոմիկի կողմից 1321 թւականին կառուցւած Սուրբ Աստւածածին եկեղեցին։
Բնակավայրի տարածքում պահպանւել են հնավայրեր, աւերւած գիւղատեղիներ, բազմաթիւ խաչքարեր եւ քարայրներ՝ այդ թւում Մագիլի եւ Թռչունների քարայրները։
Արենին ունի մեծ զբօսաշրջային ներուժ՝ իր պատմամշակութային բազմաբնոյթ եւ բարձրարժէք յուշարձաններով։ Համայնքի վարչական տարածքում է գտնւում միջազգային ճանաչում ունեցող Նորավանքի վանական համալիրը։ Բնութեան տեսարժան վայրերից են ժայռերը, ձորերը, ջրվէժները։
Գիւղի կենտրոնում տեղադրւած են յուշարձան-կոթող՝ նւիրւած Երկրորդ համաշխարհային պատերազմում եւ Արցախեան ազատամարտում զոհւած արենցիների յիշատակին։
2004 թւականից սկսած՝ հոկտեմբերին Արենիում կազմակերպւում է գինու փառատօն, որն արդէն դարձել է աւանդական։
«Պատմամշակութային յուշարձաններ»
Եռակամար կամուրջ (1265–1287 թթ.)
Սուրբ Աստւածածին եկեղեցի (1321 թ.)
XIII դարի ամրոց
Մ.թ.ա. 2-րդ – 1-ին հազարամեակի կիկլոպեան ամրոց
X–XVI դարերի խաչքարեր
Արենի գիւղի պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների ցանկում ներառւած է ընդամէնը 28 յուշարձան (11 միաւոր)։
Արենիի Սուրբ Աստւածածին եկեղեցին, գտնւում է Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի գիւղի մօտ, Արփա գետի ձախ ափին, գիւղին յարող բարձունքի վրայ։
Ըստ եկեղեցու արեւմտեան մուտքի արձանագրութեան, կառուցւել է Սիւնեաց արքեպիսկոպոս Յովհաննէս Օրբէլեանի կողմից 1321 թւականին, ճարտարապետն է Մոմիկը։
Վերասլաց, ներդաշնակ համաչափութիւններով եկեղեցի է, ունի կենտրոնագմբէթ յօրինւածք։ Խորանն ունի ինքնատիպ յօրինւածքի զոյգ խաչաձեւ լուսամուտներ, արեւմտեան մուտքի բարաւորի զարդաքանդակի կենտրոնում, գահաւորակի վրայ քանդակւած է Աստւածածինը՝ մանուկ Յիսուսը գրկին։ Եկեղեցու ներսում քանդակւած են չորս աւետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թեւավոր ցուլ, արծիւ եւ թեւաւոր առիւծ։
Եկեղեցու Գմբէթը քանդւել էր 1840 թւականի երկրաշարժից։ 1967–1972 թւականին կատարւել են եկեղեցու պատերի եւ ծածկի նորոգման աշխատանքներ։ 1998 թւականին պոլսահայ Արտաշէս Տիւզմեճեանի բարերարութեամբ եկեղեցու Գմբէթը վերականգնել է իր նախնական տեսքը։
Սուրբ Աստւածածին եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափութիւններով։
Մոմիկի արարումներից է եկեղեցու արեւմտեան մուտքի բարաւորին պահպանւած «Տիրամայրը՝ մանուկ Յիսուսը գրկի» յոյակերտ բարձրաքանդակը։ Գահաւորակին նստած Տիրամայրը պատկերւած է իրատեսական՝ ժամանակի հագուստով։ Բարաւորի ողջ մակերեսը մշակւած է որթատունկի ոճաւորւած զարդաքանդակներով։
Եկեղեցու ներքին յարդարանքում գերակշռում է վեր խոյացող Գմբէթը՝ յենւած երկու որմնամոյթերի եւ երկու առանձին կանգնած սիւների վրայ, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Գմբէթակիր քառակուսու առագաստներին քանդակւած են չորս աւետարանիչների խորհրդանշանները։
Եկեղեցու բակում պահպանւել են տարբեր ժամանակաշրջաններով թւագրւող տապանաքարեր եւ խաչքարեր։ Փոքրաչափ, բայց գեղարւեստօրէն քանդակազարդ խաչքարերը կերտւել են եկեղեցու հետ միաժամանակ, իսկ համեմատաբար պարզ ու կոպիտ մշակւածներն ունեն աւելի վաղ թւագրութիւն։ Շրջակայքում պահպանւել են նաեւ մենհիրների մնացորդներ, որ միջնադարում խաչազարդւել են։
Եկեղեցու մօտ գտնւում են իշխան Տարսայիճ Օրբելեանի ապարանքի աւերակները, իսկ շուրջը՝ XIV–XVII դդ խաչքարեր եւ տապանաքարեր։
«Պատկերաքանդակներ»
Եկեղեցին հարուստ է քանդակներով։
1. Մատթէոս Առաքեալ Մատթէոսը նոյնացւում է մարդու հետ, որովհետեւ նրա Աւետարանը սկսւում է Քրիստոսի մարդեղութեան պատմութիւնով։ Քանդակւած է հիւսիս-արեւելեան որմին։
2. Յովհաննէս Առաքեալ Յովհաննէսը ներկայացւում է արծւի խորհրդանիշով, որովհետեւ նա իր Աւետարանի սկզբում սաւառնում է վեր յայտարարելով Քրիստոսի աստւածութիւնը։ Քանդակւած է հիւսիս-արեւմտեան որմին։
3. Մարկոս Առաքեալ
Մարկոսը ներկայացւում է առիւծի խորհրդանիշով, որովհետեւ իր Աւետարանի սկզբում առիւծի պէս քաջաբար յայտարարում է, թէ Յիսուս Աստծոյ Որդին է։ Քանդակւած է հարաւ-արեւելեան որմին։
4. Ղուկաս Առաքեալ
Ղուկասը նոյնացւում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Աւետարանը սկսւում է Զաքարիայի տաճարում զոհի պատրաստութեան պաշտամունքի նկարագրութեամբ։ Այս պատմութիւնն իր հերթին դիտւել է իբրեւ պատրաստութիւն Քրիստոսի զոհաբերութեան։ Քանդակւած է հարաւ-արեւմտեան որմին։
Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ