Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպի իրական ուղերձները. Նայիրեան ստոր եւ նենգ դաւաճանութիւնը
(Մաս երկրորդ)

ԱՐԱ ԶԱՐԳԱՐԵԱՆ
Գրականագէտ
Սոյն յօդւածի նպատակն է՝ ցոյց տալ Եղիշէ Չարենցի իրական գաղափարները «Երկիր Նայիրի» վէպում, որոնց մասին «կրթողները»՝ «Կրթւելը նորաձեւ է» շարժմանը մասնակցող (նաեւ դրանից դուրս) մի շարք գրականագէտներ եւ «գրականագէտներ», լռում են:
Յօդւածաշարում, որը կունենայ թեմատիկ տարանջատում եւ բաղկացած կը լինի մի քանի մասերից, մենք կը խօսենք, թէ ովքե՞ր են կեղծում Չարենցին, ի՞նչ նպատակով եւ ո՞րն է ճշմարտութիւնը:
Քանի որ Չարենցի կենդանութեան օրօք «Երկիր Նայիրի» վէպն ունեցել է 4 հրատարակութիւն, մենք այս յօդւածում կօգտագործենք «Երկիր Նայիրի» վէպի 1932 թւականի հրատարակութիւնը, որը խմբագրել է Եղիշէ Չարենցը, եւ այն վերահրատարակւել է 2022 թւականին:
Նայիրեան ստոր եւ նենգ դաւաճանութիւնը
Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպն ունի մի շարք գաղափարական ուղերձներ: Նախորդ յօդւածում մենք խօսեցինք վէպում թուրքի՝ Յաւիտենական Հիւանդի մասին: Այս յօդւածում կը ներկայացնենք վէպում առկայ մէկ այլ կարեւոր գաղափար, ինչը «կրթողները», գրականագէտներն ու «գրականագէտները» փորձում են շրջանցել:
Խօսքը «Երկիր Նայիրի» վէպում հայ դաւաճանների մասին է, որոնց գործողութիւնները դարձան Նայիրիի կործանման գլխաւոր պատճառներից մէկը:
Վէպի առաջին իսկ մասում, որը վերնագրւած է «Քաղաքը եւ բնակիչները», կարդում ենք Կարսի բերդի եւ քաղաքի անկման պատճառը.
«Անառիկ է այդ բերդը-ամենքը այդ գիտեն,-եւ դաւաճանութիւնն է, նենգ, ստոր, նայիրեան դաւաճանութիւնն է այդ բերդը յանձնել եկւոր սրիկաներին»: (Չարենց Ե., «Երկիր Նայիրի», Երեւան, 2022, էջ 30):
Վէպում հայ դաւաճանների մասին գրելով՝ Չարենցը նրանց տալիս է մի շարք բնորոշիչ անուններ. «ստոր, նենգ նայիրեան դաւաճանութիւն, անձնամոլ վասակներ, անպատկառ նայիրադաւաճան մարդիկ, նայիրուրաց» (Տե՛ս նոյն տեղում, էջ 30, 168, 231, 232, 235, 242) եւ այլն: Դաւաճանութեան մասին Չարենցը պատմում է վէպի տարբեր կերպարների շուրթերով, քարոզներով ու խօսքերով: Մասնաւորապէս այսպիսի դրւագ կայ Սուրբ Աստւածածին եկեղեցու ամբիոնից Տէր Յուսիկ քահանայի քարոզում.
«Խորամանկ, հանճարեղ են եղել նայիրցի արքաները, ասաց Տէր Յուսիկ քահանան.-նրանք իմացել են կապել հոգեւորն ու մարմնաւորը, սուրը եւ խաչը, կրօնն ու ռազմական կորովը: Խորամանկ, հանճարեղ են եղել նրանք, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան, եւ ա՛յդ էր, որ կործանեց երկիրը հնամեայ-հազարամեայ Նայիրին: Ստոր, նենգ, եսական դաւաճանութիւնն է եղել մեզ կործանողը. Անձնամոլ վասակներն են եղել մեր տունը քանդողը-….»: (Նոյն տեղում, էջ 168):
Նայիրեան ստոր եւ նենգ դաւաճանութեան մասին ամենաշատը խօսւում է վէպի երրորդ՝ «Երկիրը Նայիրի» գլխում: Յատկանշական է, որ այդ հատւածում ազգային դաւաճանութիւնից զատ, Չարենցն ընդգծում է նաեւ այն նայիրադաւաճաններին, ովքեր պատմական այդ ծանր իրավիճակում կոչ էին անում Յաւիտենական Հիւանդի՝ թուրքի հետ համերաշխ եւ խաղաղ լինել.
«Եւ ո՞վ գիտէ՝ կը կատարւէի՞ն արդեօք հետագայ դժբախտ ու ահաւոր դէպքերը, եթէ չլինէին այդ ստոր, անպատկառ, նայիրադաւաճան մարդիկ: Երեւակայո՞ւմ էք՝ դրանք, այդ ստոր, դաւաճան, անպատկառ մարդիկ, դէմ էին «գրաււած վայրերի» պաշտպանութեան». ինչ-որ խաղաղութիւն էին պահանջում այդ ստոր, դաւաճան մարդիկ, երբ դեռ չէր գետնահարւած ոսոխը… »: (Նոյն տեղում, էջ 232):
Պատերազմի ժամանակ դաւաճանութեան՝ այսինքն՝ թուրքի հետ խաղաղ լինելու կոչեր անողներին Չարենցի քննադատութիւնը շարունակւում է վէպի վերջին գլխի էջերում եւս.
«…Երբ, միւս կողմից, արդէն ստոյգ լուրեր ունէր ստացած նայիրեան իշխանութիւնը, որ, վերջին յորդաները հաւաքած, թափթփուկ բանակներով մտադրութիւն ունի գրաււած վայրերը խուժելու Յաւիտենական Հիւանդը,- ա՛յդ ժամանակ ահա այդ ստոր, դաւաճան, նայիրուրաց մարդիկ դեզերտիրութիւն էին քարոզում նայիրեան բանակում եւ խօսում էին հաշտութեան մասին. ո՞ւմ հետ.-Յաւիտենական ոսոխի ու Յաւիտենական Հիւանդի, որին նայիրցի մի ռազմիկի քացին անգամ բաւական էր, ինչպէս ասում էր Մազութի Համոն,-որպէսզի նա յաւիտենապէս փչեր իր շունչը, եւ նա, իհարկէ, կը փչեր իր շունչը, եթէ չլինէին այդ նայիրուրաց, ստոր, նայիրադաւաճան մարդիկ….»: (Նոյն տեղում, էջ 234-235):
Պատերազմական եւ բարդ իրավիճակում Կարսում պառակտում մտցնողները, թուրքի հետ խաղաղութեան կոչ անողները, խաղաղութեան դիմաց տարածքներ յանձնողները, պատերազմի դաշտից դասալքութիւն քարոզողները չեն փրկւում Չարենցի գրչից: Նա ընդգծում է պատմական փաստերը, ցոյց տալիս դաւաճանութիւնը, բանակն ու քաղաքը հայերի ձեռքով ներսից քանդելու իրողութիւնը, պաշտպանելու փոխարէն՝ թալանի իրականացումը, ռազմական ղեկավարութեան ստեղծած խառնաշփոթը, արտաքին եւ ներքին քայքայիչ գործունէութիւնը, ինչը յանգեցնում է Կարսի անկմանը: Վէպում Չարենցը պարբերաբար գործածում եւ շեշտում է նայիրադաւաճան, նայիրուրացութիւն տերմինները, որով շեշտում է հայրենիքի կործանման բուն պատճառներից մէկը, եթէ ոչ՝ գլխաւոր պատճառը: Վէպի վերջին հատւածներում Չարենցը նշում է ռազմաճակատից Մազութի Համոյի ուղարկած գրութեան մասին, ով փորձում էր ոչնչացնել չարիքի արմատը, ոչնչացնել օտարների հրամանները կատարողներին ու ներքին քաոս ստեղծողներին, սակայն ամէն բան արդէն ուշ էր.
«-Դեզերտիրութեան արմատը հարկաւոր է տեսնել այն նայիրադաւաճան սրիկաների մէջ, որոնց առաջնորդն էր մեր քաղաքում անյայտ չարագործների (հարկաւոր է ասել բարեգործների, փակագծում աւելացրել էր Մազութի Համոն) ձեռքով շանսատակ եղած Կարօ Դարայեանը:….Դրանք լցրել են հիմա ռազմաճակատը եւ դեզերտիրութիւն են քարոզում մեր արի զինւորներին, որանք խոստանում են զինւորներին հող, խաղաղութիւն ու հանգստութիւն եւ նման լկտի միջոցներով քայքայում են մեր բանակը»: (Նոյն տեղում, էջ 248):
Ցաւօք, դասալքութեան ու դաւաճանութեան արմատը կտրելու կոչերն ապարդիւն էին, քանի որ Կարսն ընկաւ:
Հայ դաւաճանների մասին Չարենցը տալիս է միանշանակ գնահատական.
«…Անունն ի՞նչ դնենք…. Օ, ոչ մի անուն չէր կարելի դնել այդ նայիրուրաց տխմարութեանը, քան այն անունը, որ դրել էր Տեղական Կոմիտէն, ոչ՝ «Ընկերութիւնն» ինքը. եւ այդ անունն էր, ինչպէս քանիցս կրկնել ենք արդէն ի միջի այլոց– «Ազգային դաւաճանութիւն»: Եւ ովքե՞ր էին դրանք, եւ ո՞վ էր դրանց ղեկավարը.-մի քանի լղրճուկ սինլըքորներ, ինչպէս ասում էր Համօ Համբարձումովիչը, կամ Հայւարա սանքիւլոտներ, ինչպէս կարծում էր անգլիախօս Հաջի Օննիկ էֆենդին եւ չհասկացողին թարգմանում ու հասկացնում, որ սանքիւլօ–տներ նշանակում է–անւարտիք շներ…»: (Նոյն տեղում, էջ 232):
Դասալքութեան եւ ազգային դաւաճանութեան համար Չարենցը Մազութի Համոյի հրամանով՝ առաջարկում էր ամենախիստ պատիժը.
«Դրանց վերաբերմամբ հարկաւոր է ամենախիստ միջոցների դիմել, չքաշւել անգամ գնդակահարութիւնից»: (Նոյն տեղում, էջ 249):
Ազգային դաւաճանութեան մասին հատւածները, թէեւ ցաւալի են մեզ համար, սակայն չի կարելի դրանք անտեսել։ Նայիրին, Կարսը չընկաւ այն պատճառով, որ նայիրցիները չէին գիտակցում իրական հայրենիքի սահմանները, ինչպէս քարոզում են «կրթողները», այլ ընկաւ, քանի որ նայիրադաւաճանութիւնը եւ նայիրուրացութիւնը հազւադէպ չէին երկրում:
Ահա սրանք են Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպում ազգային դաւաճանութեան մասին հատւածները: Չարենցը ազգային չարիքի արմատի հիմքում տեսնում է ազգային դաւաճանութիւնը: Եւ այդ ամէնի հետեւանքով ընկաւ Կարսը, իսկ Յաւիտենական Հիւանդը՝ թուրքը, սկսեց Կարսում իրականացնել հայ բնակչութեան հերթական կոտորածը:
Յ. Գ. – Իսկ ինչո՞ւ մեր գրականագէտները եւ «գրականագէտները» «Կրթւելը նորաձեւ է» շարժմանը չեն խօսում այս մասին կամ դրանից դուրս չեն շշնջում ՀՀ ղեկավարի ականջին, որ Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի» վէպի կարեւոր ուղերձներից է այն, որ Նայիրիի, Կարսի անկման հիմքում նայիրեան ստոր եւ նենգ դաւաճանութիւնն է, եւ ազգային այդ չարիքից ազատւելու միակ միջոցը, ըստ Չարենցի, դաւաճանների գնդակահարութիւնն է:
168.am