ՄԵՐԻ ՔԵՇԻՇԵԱՆ
Մ. Մաշտոցի անւան Մատենադարանի գիտաշխատող
1959 թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Գրողների միութեան վարչութեան նախագահութիւնը մի նամակ է ստանում. հեղինակներն անւանի հայագէտ, պրոֆեսոր Կարապետ Մելիք-Օհանջանեանն ու ազգագրագէտ Արամ Ղանալանեանն էին: Նամակը վերաբերւում էր «Սասնայ Ծռեր» էպոսի անզուգական ասացողներից մէկին՝ Մանուկ Թորոյեանին: Ո՞վ էր այդ մարդը, ի՞նչն էր դրդապատճառը, որ երկու երեւելի գիտնականներ խնդրանքով դիմում էին վերադաս մարմիններին:
Մանուկ Թորոյեան անունը գուցէ շատերին ոչինչ չի ասի, բայց մեր ժողովրդական էպոսին բանիմաց եւ քաջատեղեակ մարդիկ, որոնք ծանօթ են դրա ասացողների շարքին՝ ճանաչում են եզակիօրէն առանձնացող այդ անունը: Ուշագրաւ փաստ. նա եղել է Հայաստանի Գրողների միութեան միակ անգրագէտ անդամը:
Նամակի բովանդակութիւնը հետեւեալն էր. «1958 թ. վախճանւեց ծերունազարդ ասացող Մանուկ Թորոյեանը: Շրջապատւած իր համագիւղացիներով՝ խաստուրցի-ալաշկերտցիներով եւ երեւանցի հարեւաններով՝ նրա աճիւնը յանձնւեց հողին: Ո՛չ մի մտաւորական, ո՛չ մի գրչի մարդ, գրականագէտ չմասնակցեց նրա յուղարկաւորութեանը՝ չնայած այն հանգամանքին, որ նա Գրողների միութեան անդամ է եղել (անգրագէտ տեղով) եւ մեր անմահ ժողովրդական վէպի ամենատաղանդաւոր ասացողներից մէկը: Նրա պատումը ծաւալով ամենաընդարձակն է (3400 տող), բայց բովանդակութեամբ՝ ամենահարուստը, գաղափարայնութեամբ՝ ամենադեմոկրատականը, գեղարւեստականութեամբ՝ ամենաարժէքաւորներից մէկը:
Մանուկ Թորոյեանի պատումը «Սասունցի Դաւիթ» յոբելեանական համահաւաքի հէնքն է եղել, որի վրայ յագցրել են այլ պատումներից քաղած զանազան միջադէպեր, հատւածներ, յաճախ խանգարելով Թորոյեանի պատումի միաձոյլ կառոյցը, դէպքերի հոգեբանական զարգացումը: Մանուկ Թորոյեանի պատումի յիշեալ յատկութիւնները նկատի առնելով՝ այդ պատումը թարգմանւած է ամբողջութեամբ ռուսերէն, յանձնարարւած է թարգմանելու չեխերէն, անգլերէն ու ֆրանսերէն: Այսպիսով նրա պատումը դառնալու է միջազգային բանագիտութեան գիտահետազօտական մտքի առարկայ: Հայ ժողովրդի մեծագոյն ստեղծագործութեան մեծատաղանդ ասացող Մանուկ Թորոյեանը համաշխարհային գիտութեան ասպարեզն է դուրս գալիս, իսկ նրա աճիւնը-գերեզմանը՝ դիպւածի բերմամբ՝ պիտի անյայտութեան մէջ կորսւի, ինչպէս մեր բազմավաստակ խորենացիների, եղիշեների, Ֆրիկի եւ բազմաթիւ այլ, հայ ժողովրդի փառքը հանդիսացող կուլտուրական վաստակաւորների:
Անցեալի համար մենք պատասխանատու չենք: Այսօրւանը, մեր օրերինը՝ մեր խղճի պարտքն է: Մենք վայելում ենք նրանց վաստակը, մենք էլ պէտք է մեր յարգանքը մատուցենք նրանց, երախտագէտ լինենք: Այս խնդրում մեծ դեր ունի կատարելու Հայաստանի Գրողների միութիւնը, որի անելիքը պիտի մի«նշանգա»-յուշարձանքար՝ գերեզմանաքար դնել բազմավաստակ ասացողի գերեզմանի վրայ հետեւեալ մակագրութեամբ՝
Հայ ժողովրդական վէպ
«Սասնայ Ծռերի» ասացող Ալաշկերտցի Մանուկ Թորոյեան (1864-1958 թթ.)
Յուսով ենք՝ Հայաստանի Գրողների միութեան վարչութեան նախագահութիւնը յատուկ ուշադրութեամբ քննութեան կառնի այս մեր համեստ եւ սրտանց առաջարկութիւնը»:
Արդէն մէկ տարի վախճանւած Մանուկ Թորոյեանի գերեզմանն առանց յուշաքարի էր: Նպատակային, առաջարկութիւնը հանրայնացւում է երկու մտաւորականների կողմից (անշուշտ, առաջին նախաձեռնողը ասացող Մանուկ Թորոյեանին 1932 թ. յայտնաբերող՝ Կ. Մելիք-Օհանջանեանն էր):
Բանասացի մահից չորս տարի եւ Գրողների միութեան վարչութեանն ուղղւած նամակից՝ երեք տարի անց, 1962 թ. նոյեմբերի 11-ին, յուշարձան-շիրմաքարը կանգնեցւում է Գրողների մութեան վարչութեան նախաձեռնութեամբ եւ Երեւանի քաղսովետի օգնութեամբ: Բացման ժամանակ Կ. Մելիք-Օհանջանեանը հանդէս է գալիս սրտառուչ խօսքով. «Դարերի ընթացքում առաջին անգամն է, որ հայ ժողովուրդը շիրմաքար-յուշարձան է դնում իր ազգային վէպի՝ «Սասնայ Ծռերի» լաւագոյն ասացողներից մէկի գերեզմանի վրայ: Դա նշանակալից եւ շատ բնորոշ երեւոյթ է: Հայ ժողովուրդը շիրմաքար է դնում անգրագէտ ասացող խաստուրցի Մանուկ Թորոյեանի գերեզմանի վրայ: Շիրմաքար յուշարձանը համեստ է, ինչպէս համեստ է քանքարաշատ հայ ժողովրդի ասացող Մանուկ Թորոյեանը. պարզ ու անզարդ է, ինչպէս պարզ ու պայծառ էր ինքը՝ շնորհալի ասացողը: Մանուկ Թորոյեանը հայ աշխատաւոր ժողովրդի լաւագոյն յատկութիւնների մարմնացումն էր՝ հաշտ ու խաղաղ, ջանադիր ու տոկուն, ազնիւ ու վեհանձն, յոյժ մարդկային ու համամարդկային, ինչպէս նրա կերտած ծռերի նախամայր Ծովինարն ու Քեռի Թորոսը, Դաւիթն ու Մհերները…»:
Երկար կեանք, գրեթէ մէկ դար (94 տարի) է ապրել բազում չարչարանքներ եւ դժւարութիւններ տեսած Մանուկ Յարութիւնի Թորոյեանը (Թորոյենց Մանուկ): Այս հետաքրքիր մարդը ծնւել է 1864 թ., Արեւմտեան Հայաստանի Ալաշկերտի գաւառակի Խաստուր գիւղում: Հայրը բրուտ էր, սակայն Մանուկը մեծանալով, հողագործութեամբ եւ հոտաղութեամբ է զբաղւում: Ունեցել է վեց զաւակ, որոնցից փրկւում է միայն մէկը՝ Մկրտիչը:
1915 թ. ձմռանը շատ խաստուրցի ընտանիքներ գաղթում են Երեւան: Համագիւղացիներին միանում են Մանուկն իր ու եղբայրների ընտանիքով: 1916 թ. հետ են վերադառնում Երկիր, իսկ 1917 թ. ձմռանը, այս անգամ ընդմիշտ, գաղթում են Արեւելեան Հայաստան:
Թորոյեան ընտանիքը սկզբում հաստատւում է Կոտայքի Զառ գիւղում, յետոյ Երեւանում, բացի Մանուկից, ով բախտի փնտրտուքների մէջ՝ գնում է Գիւմրիի կողմերը, ուր մնում է մինչեւ գարուն, ապա միանում եղբայրներին: Դժւար ժամանակներ էին, բայց աշխատող մարդու համար աշխատանք գտնւում է: Եղբայրները որպէս հացթուխ աշխատանքի են անցնում փռում, իսկ Մանուկը մշակութիւն է անում: Ընտանեկան միայամուռ ուժերով Մանուկի համար մի եզ են գնում, որը մի ընկերոջ հետ սայլ է բանացնում: 1922 թ. ծառայութեան է անցնում Պարժողկոմատի գումակում որպէս սայլապան, իսկ մինչեւ 1931 թ. աշխատում է Երեւանի կայարանում որպէս բեռնակիր: Ժամանակն ու տարիքը Մանուկին զգացնել են տալիս մարմնական ցաւերի մասին. թողնում է ծառայութիւնը, որպէս երկրորդ կարգի հաշմանդամ՝ անցնում կենսաթոշակի:
Մինչեւ Առաջին աշխարհամարտը, 1901 թւականից, Մանուկը մի քանի անգամ գաղտնի անցել է Արեւելեան Հայաստան, եղել Կարսում, Թիֆլիսում, Գանձակում: Օրւայ հացն ու ապրուստը հոգալու համար վարձու բանւորութիւն արել: Նա թուրք ոստիկանութեան կողմից քանիցս ձերբակալւել եւ սոսկալի կտտանքների է ենթարկւել: Մի անգամ հայրենի գիւղ վերադառնալիս, սահմանին, մատնութեամբ ձերբակալւում է՝ ենթարկւելով աննկարագրելի տանջանքների: Հետագայում Կ. Մելիք-Օհանջանեանի հետ ունեցած զրոյցի ժամանակ բանասացը յիշել է. «…Վերջին անգամ 1500 չիբուխ են զարկել ընձի, ոտքերիս ֆալախկա դրել, շղթայակապ վեց ամիս բանտ նստեցրել…»:
Զարմանալի եւ անբացատրելի է, բայց Մանուկը ինչ-ինչ ճանապարհներով, կարողանում է 8 ոսկի հայթայթել, կաշառել ոստիկաններին՝ նորից փախնելով Կարս, ուր քար կրելով եւ բանւորութիւն անելով՝ պահում է գոյութիւնը: Խաստուր է վերադառնում 1908 թ.:
Խորհրդային կարգերի հաստատման ժամանակ, երբ 1931 թ. պայքար է գնում համատարած անգրագիտութեան վերացման համար, անգրագետ Մանուկին փորձում են տառաճանաչ դարձնել: Սովորում է, սակայն ինչպէս նշում է Կ. Մելիք-Օհանջանեանը՝ Թորոյենց Մանուկի խօսքով. «…սորւածն էլ մոռցեր եմ»:
Նախքան էպոսի գրառելը՝ Կ. Մելիք-Օհանջանեանին գրաւում է ասացողի ներքին եւ արտաքին կերպարը: Հայագէտը նրան այսպէս է բնութագրել. «Մանուկը յաղթանդամ, բարձրահասակ տղամարդ է, բացառիկ յիշողութեան տէր: Մի անգամ պատմածը՝ երկրորդ անգամ պատմում է համարեա անփոփոխ: «Մարդ օր մի բան սորւաւ, էդպէս էլ պէտք ա պատմի, բան չի կարելի փոխել: Մարդիկ կան, որ ասում են, թէ մոռացել են, բան կը փոխեն: Էդ լաւ չէ»:
Կ. Մելիք-Օհանջանեանը նկատել է, որ «ասելիս»՝ Մանուկը կարծես սրբազան արարողակարգ էր կատարում. «…Լարում էր իր յիշողութիւնը, որ չսխալւի, ու դանդա՜ղ, ազդու պատմում էր պապերից ժառանգութիւն ստացած «պատմութիւնը, ամենայն ճշգրտութեամբ»: Տպաւորւած նրա պատումից եւ ազդու կերպարից, որպէսզի կարողանայ ճիշտ ընկալել իւրաքանչիւր շարժում, ձայնի ելեւէջ՝ հայագէտը մատիտով է գրառում առաջին պատումը եւ այդպէս ժամանակ է շահել: Յետոյ բանասացին ստուգելու համար, նա քանիցս փորձ է արել զգուշութեամբ, յարգալից՝ չվիրաւորելու համար ինքնասիրութիւնը, նրան խնդրել պատմել այս կամ այն դրւագի կրկնութիւնը. մեծ է եղել բանահաւաքի զարմանքը, երբ անուս, ոչ տառաճանաչ, ֆենոմենալ յիշողութեամբ այդ մարդը, հաւատարիմ իր խօսքի սկզբունքին եւ ակունքին՝ նոյնութեամբ կրկնել է նախորդ ասածները: Ապշած բանասացի հմտութիւնների վրայ, հայագէտը գրել է, որ Մանուկը պատմելիս յաճախ իր կարծիքն է յայտնել այս կամ այն դէպքի եւ միջադէպի մասին, համեմատել է իրեն եւ իր բարոյական ըմբռնումները՝ հերոսներից մէկի կամ նրա աշխարհայեացքի հետ. «Սասունի հերոսների գերբնական սխրագործութիւնները յիշելիս՝ նա մերթ ընդ մերթ կասկած էր յայտնում, բայց իսկոյն աւելացնում էր, կարող է այդպէս եղած լինել, քանի որ «առաջւայ մարդիկ մեզ պէս չէին»: Գիտնականի հետ զրոյցում Մանուկը չի խուսափում իր համոզւած կարծիքը յայտնել. «Դաւթի պատմութեանը հեքիաթ-նաղլ չէ, պատմութեն ա, եղելութեն ա: Հեքիաթ ընդուր կըսենք, որ սուտ բան կայ, էդիկ հեքիաթ չէ, եղելութեն ա, պատմութեն, ժողովուրդը զրուցէր ա, մի քիչ բան ա էւելցրել, ամա եղելութեն ա: …Մարդիկ կըսեն Դաւթի պատմութենը ուղիղ ա, բայց էւելցրել են, հիմքը կայ, ամա էւելցրել են, խօսքեր ճոխացրել են: Մի բան, որ մարդ կըսէ, յեթէ հիմք չկայ, չի կըրնայ սուտ ըսել, էդպէս ճոխացնել: Իմ կարճ խելք էդպէստ կըսէ»:
Ոգեւորւած Մելիք-Օհանջանեանի հետաքրքրութիւնից՝ սիրով է պատմել, չմոռանալով որ. «Կռիւներից առաջ շատ եմ պատմել, կռւից այս կողմը քիչ եմ պատմել: Ապրուստի հետ եմ ընկել: Մի երկու անգամ երեխէք խընդրւել են, ըսել եմ: Հեքիաթը մարդու գըլխեն շուտ կերթայ, բան մը որ չըսես, մարդու գլխեն կերթայ»: Բանահաւաքը Մանուկի խօսքերը դիտել է որպէս համեստութեան նշան, որը բնութագիրն է նրա հայ եւ մարդ տեսակի: Մանուկի պատումը մինչեւ 1932 թ. յայտնի եւ 7 տասնեակից աւել գրառւած բոլոր պատումների մէջ ամենաընդարձակն է: Նա «Դաւթի պատմութիւնը» պատմել է հայրենի բարբառով, իսկ Կ. Մելիք-Օհանջանեանի հետ զրուցելիս՝ բացատրութիւնները տւել եւ աշխատել է խօսել, հայագէտի խօսքով ասած՝ «մեր լեզւով»: Չնայած այն հանգամանքին, որ Առաջին Աշխարհամարտից առաջ Մանուկը «ոտքի տակ էր տւել» ողջ Այսրկովկասը՝ մոռացած չի եղել եւ անաղարտ է պահել մայրենի լեզուն (բազմիցս վկայել են նրա խաստուրցի հայրենակիցները):
Հիացած խաստուրցի Մանուկի խօսքով՝ Կ. Մելիք-Օհանջանեանը նրան համեմատել է «Սասնայ Ծռեր» էպոսի հերոսների հետ, որոնց նման պարզ ու շիտակ, վեհանձն ու ազնիւ, կարեկից ու հոգատար, անվեհեր ու քաջ էր դրա ասացողն ու կրողը:
1932-33 թթ. Հայաստանի Կուլտուրայի պատմութեան բանահիւսութեան սեկտորը ընդարձակ ծրագիր է մշակում՝ գրական յուշարձաններ հաւաքելու եւ ուսումնասիրելու: Գործին աջակցում է Աղասի Խանջեանը, առաջարկելով Չարենցին գլխաւորել Պետհրատի գեղարւեստական գրականութեան բաժինը եւ կազմակերպել «Սասնայ Ծռեր»-ի հրատարակման գործը: Մանուկ Աբեղեանը ստանձնում է վէպի պատումների խմբագրութիւնը: Այդ գործում թերեւս ահռելի աշխատանք է կատարում Կ. Մելիք-Օհանջանեանը, գուցէ աւելին…
Կ. Մելիք-Օհանջանեանը միշտ հետաքրքրւել է բանասացի կեանքով: Սակայն մի քանի տարւայ ընդմիջում եղաւ այդ մտերմութեանը: 1937 թ. անհատի պաշտամունքի տարիներին «Պրոֆեսորների գործով» դատապարտւում եւ աքսորւում է հայագէտը: Կապը վերականգնւում է Կարապետ Մելիքի աքսորից վերադառնալուց եւ արդարացւելուց յետոյ, պահպանւելով մինչեւ Ալաշկերտցի Մանուկի մահը:
1939 թ. մեծ շուքով եւ Միութենական մասշտաբով տօնւում է Հայկական էպոսի 1000-ամեակը: Տօնակատարութեան նախօրեակին, երբ կառավարական յանձնաժողովի նիստերին Աւետիք Իսահակեանը հարցումներով դիմում է «Սասնայ Ծռեր»-ի միւս գրառողին՝ անւանի հայագէտ Մանուկ Աբեղեանին, վերջինս հարցերի պատասխաններն ակնկալում է Կարապետ-Մելիք-Օհանջանեանից… Արդէն երկու տարի կը լինէր, որ Կարապետ Մելիքը գտնւում էր ՆԳԺԿ բանտում՝ կրելով իր աննկարագրելի հոգեկան եւ մարմնական տանջանքները: Ո՛չ ոք չյիշեց նրան: Թերեւս գուցէ մտովի:
…1962 թ. նոյեմբերի 11-ին Երեւանի Թոխմախի գերեզմանատանը փոքրիկ արարողակարգ էր: Մի խումբ մտաւորականներ իրենց յարգանքի տուրքն էին մատուցում «Սասնայ Ծռեր» էպոսի Վարպետ-վիպասաց Մանուկ Թորոյեանի յիշատակին, ում յուշարձան-շիմաքարի բացումն էր: Համեստ, ոչ մարդաշատ այդ միջոցառմանը ներկայ էին հայագէտներ Կարապետ Մելիք-Օհանջանեանը, դուստրը՝ Լուսիկը, Արամ Ղանալանեանը, դերասան՝ Արման Կոթիկեանը, գրող, թարգմանիչ՝ Խաչիկ Դաշտենցը, բանահաւաք, ազգագրագէտ՝ Սարգիս Յարութիւնեանը, սակաւաթիւ մտերիմներ ու ճանաչողներ, խաստուրցիներ: Ոգեւորութիւն անշուշտ եղել է: Ելոյթի խօսքով հանդէս է գալիս Կ. Մելիք-Օհանջանեանը: Լաւ ճանաչելով ժամանակն ու երեւոյթը, մարդուն եւ նրա բնաւորութիւնը՝ գիտէր, որ եթէ «Սասնայ Ծռեր» ժողովրդական վէպը գաղափարների համամարդկութեամբ եւ վիպական-գեղարւեստական կատարելութեամբ յաւերժական է ու անմար, այդպէս էլ յաւերժական են այդ վէպը ստեղծող հաւաքական հեղինակը՝ հայ ժողովուրդը եւ նրա զաւակ, ալաշկերտցի-խաստուրցի Մանուկ Թորոյեանը: Խօսքի աւարտին՝ էպոսի մաքրամաքուր ազնւութիւնն իր մէջ անթեղած հայագէտն ասում է. «Վառ ու խոր գիտակցութեամբ խոնարհւում ենք Մանուկ Թորոյեանի շիրմին եւ յարգում նրա անյայտութեան մէջ իրենց մահկանացուն կնքած՝ «Սասնայ Ծռեր» ժողովրդական վէպի հարիւրաւոր համեստ ու ազնիւ ասացողների՝ Նախոյի, Զատիկի, Յովանի, Վարդան Բազիկեանի, Շակոյեանի, Մարգարիտի եւ շատ ուրիշների յիշատակը: Յաւերժ փա՜ռք նրանց՝ հայ մշակոյթի այդ վաստակաւորներին»: Իսկ Խաչիկ Դաշտենցը կարդում է մի բանաստեղծութիւն՝ «Մանուկ Թորոյեան» (լոյս է տեսել «Լեռան Ծաղիկը» գրքում, Ե., 1963 թ.), որը կանգուն յիշատակ է անւանի բանասացին, յիշատակելով. «Աստ ռամիկ է թաղւած՝ շաղաղւած էպոսին»:
«Առաւօտ»