Հնագոյն մարտական սաղաւարտներն աճուրդում ռեկորդներ են գրանցում
Ժամանակակից բանակի սաղաւարտների հեռաւոր «նախնիները»՝ հին յունական եւ հռոմէական մարտական սաղաւարտները, վաղուց դարձել են թանգարանային ցուցանմուշներ եւ հեղինակաւոր աճուրդներում վաճառւող իրեր,- յայտնում է Techcult-ը։
Վերջերս Նիւ Եօրքում Christie’s-ի աճուրդում բրիտանացի յայտնի կոլեկցիոներ Քրիստիան Լեւէթը ցուցադրեց զէնքերի եւ զրահների իր եզակի հաւաքածուն, որը նա հաւաքում էր տասնամեակներ շարունակ, եւ որի համար նա յատուկ ստեղծել է Ֆրանսիայի Դասական արւեստի մասնաւոր թանգարանը:
Հաւաքածուի աստղը երկաթից, արոյրից եւ պղնձից պատրաստւած հռոմէական լաւ պահպանւած սաղաւարտն է՝ պատրաստւած գրեթէ 2000 տարի առաջ։ Կ. Լեւէթն այն ձեռք է բերել մէկ այլ աշխարհահռչակ կոլեկցիոների՝ Աքսել Գուտմանի ժառանգներից աւելի քան 10 տարի առաջ։ Սաղաւարտը վաճառւել է 1,260,000 դոլարով՝ դառնալով երկրորդ ամենաթանկը հռոմէական հեծելազօրի սաղաւարտից յետոյ, որը վաճառւել է 2010 թւականին 3,629,469 դոլարով:
Թափ վաճառողների թւում էին նաեւ երկու յունական կորնթեան սաղաւարտներ՝ պատրաստւած բրոնզից՝ $478,800 եւ $855,000 գներով: Ցաւօք, նման եզակի արտեֆակտների տպաւորիչ քանակի միաժամանակեայ վաճառքն աւելի շատ յիշեցնում է մրցանակների խաղարկութիւն, քան աճուրդ, երբ թանգարանները եւ այլ մշակութային հաստատութիւնները մնում են դիտորդի դերում: