Արւեստի մասին
Նոր արւեստը, ակնյայտ է, արւեստ չէ բոլորի համար, ինչպէս օրինակ, ռոմանտիկական արւեստը. նոր արւեստը գրաւում է յատուկ օժտւած փոքրամասնութեանը: Այստեղից է հետաքրքրութիւն եւ գրգռւածութիւն առաջանում հաւաքականութեան մէջ:
Նոր արւեստը հասկանալի է ոչ բոլորին, դա նշանակում է, որ այն չի հանդիսանում համամարդկային: Արւեստը նախատեսւած է ոչ բոլոր մարդկանց համար ընդհանրապէս, այլ միայն փոքրաթիւ մարդկանց համար, որոնք, գուցէեւ առաւել չեն միւսներից, բայց ակնյայտօրէն նման չեն միւսներին:
Յիշենք, որ բոլոր ժամանակներում, երբ գոյութիւն են ունեցել արւեստի երկու տարբեր տեսակներ՝ մէկը փոքրամասնութեան համար, միւսը մեծամասնութեան համար, վերջինս միշտ եղել է ռէալիստական, իրապաշտական:
Պոէտը սկսւում է այնտեղ, որտեղ վերջանում է մարդը: Մարդու ճակատագիրն է՝ ապրել իր մարդկային կեանքով, իսկ պոէտի խնդիրն է՝ ստեղծել այն, ինչը գոյութիւն չունի:
Մարդկանց մեծամասնութեան համար էսթետիկական, գեղագիտական հաճոյքը չի տարբերւում, սկզբունքօրէն, այն ապրումներից, որոնք ուղեկցում են նրանց առօրեայ կեանքում, նրանց օրաւուրի մասն են կազմում։
Դեբիւսին երաժշտութիւնից հեռացրեց հումանիզմի զգացումը, դրա համար էլ նրա հետ է սկսւում նոր էպոխան ձայնային արւեստի:
Բայց հարցն այն է, որ գեղարւեստական ստեղծագործութիւնը հանդիսանում է այդպիսին, միմիայն այնքանով, որքանով այն ռէալ չէ:
Արւեստի առաքելութիւնը՝ ստեղծել իդէալ հորիզոններ, որպիսի ձգտենք դրան․ կայ միմիայն մի միջոց՝ հերքել մեր իրականութիւնը՝ բարձրանալով նրանից: Նկարիչ լինել՝ նշանակում է չընդունել լուրջ, լուրջ մարդկանց, ինչպիսիք հանդիսանում ենք մենք, երբ չենք հանդիսանում որպէս նկարիչ:
Եթէ ատելութիւնը ապրում է արւեստում, ինչպէս լրջութիւն, ապա սէրը արւեստում, ձգտելով իր յաղթանակին, ցուցաբերում է իրեն որպէս կատակերգութիւն, ամէն ինչի վրայ յաղթանակող, ներառելով նաեւ իրեն, նման նրան, ինչպէս հայելիների համակարգում, անսահման անգամ արտացոլւելով միմեանց մէջ, որ մի կերպար չի լինում վերջնական՝ բոլորը աչքով են անում միմեանց՝ ստեղծելով մաքուր կեղծութիւն, կեղծիք։
Պոէզիան այսօր՝ մետաֆորի, փոխաբերութեան բարձրագոյն հանրահաշիւն է, բանաձեւը։
Անընդունելի է նոր գրութիւնը հումանիզմի անունից դատապարտելու մտադրութիւնը:
Պոէզիան դարձաւ նպատակ այն դէպքում, երբ նախկինում այն դիտւում էր որպէս միջոց:
Ձեւի փորձարկումը, ինքնանպատակ է:
Մարդկութեան պատմութիւնը անիմաստ, անկառավարելի քաոս է:
Մարդը կոյր խաղալիք է բնազդների, քաղաքական կրքերի, ճակատագրական պատահականութիւնների, անսպասելի որոշումների։
Մենք կանգնած ենք նախաշեմին բոլորովին նոր արւեստի, որոնց ձեւոյթների միաձուլումը ոչինչ չի ներկայացնում, չի պատկերում, ոչինչ չի պատմում, բայց որը համակում է հոգին այնպէս խորը, ինչպէս այդ կարող է անել երաժշտութիւնը․ կամ գեղարւեստական գրականութեամբ ձեւակերպւած մտակերպարը․ կամ գեղանկարչութեամբ գոյների ու մոյների չնախորդւած մի համադրոյթ․․․
Ինչ վերաբերում է ստեղծագործութեան իմաստին, ապա նոր արձակը, բանաստեղծութիւնը, երաժշտութիւնը, գեղանկարչութիւնը չեն ձգտում նրան, որպիսի լինեն իմաստաւորւած, ճշմարտացի կամ ռէալիստական, իրապաշտական։
Ընդհակառակը այն կը լինի միտումնաւոր կերպով անտրամաբանական, իռացիոնալ, չիրապաշտական, չհետեւողական, չկապակցւած:
Հարկաւոր է մաքրել գրականութիւնը որեւէ անձնական եւ հասարակական փորձից, դրանց միանգամայն ու միատեղ ներառումով։
Բացարձակօրէն անընդունելի եւ արատաւոր է հանդիսանում պատկերացումը գրականութեան մասին, որպէս միջոց մարդու կողմից ճանաչելու ինքն իրեն, շրջապատող աշխարհը, իմաստն ու նպատակը գոյութիւն ունեցող ամէն ինչի:
Ապագայի գերարձակութեան պայմաններում կոչնչացւեն բոլոր տարբերութիւնները իրականի եւ երեւակայականի, ճշմարիտի եւ կեղծիքի միջեւ…
Գրականութիւնը…չունի բովանդակութիւն, այն հիմնւած է, նրա բացակայութեան վրայ… Նշանակութիւնը՝ ձեւի, համակարգը՝ կապերի, ահա թէ ինչ է ի սկզբանէ նրանց յատկանշական:
Հումանիզմը, որը տարածում են համալսարանները եւ որը մարմնաւորում է մեր ռէալիստական գրականութիւնը, արդիւնք է պատմական կուրութեան:
Պոէտին պոէտ է դարձնում արտայայտութիւնը ո՛չ թէ ներքին կամ շրջապատող աշխարհի, ո՛չ թէ լուծումները հոգեբանական կամ բարոյական բարդութիւնների, ո՛չ թէ հաղորդումը աշխարհի ինչոր մտապատկերի․ կամ ընթերցողին զւարճացնելը, ո՛չ թէ այս կամ այն բառագործածութիւնը եւ այլն, թէեւ, իհարկէ այդ ամէնը կարող են լինել նրա աշխատանքում: Բայց աւելի շուտ նրա խնդիրն այն է, որ կառուցի արւեստի միջոցներով լեզւային նիւթից ու փորձից տարբեր, աւարտուն ձեւեր ու կաղապարներ, որոնց մէջ մենք ընկալման ընթացքում կը տեսնենք ոչ այնքան լեզւաոճական վարպետութիւնը պոէտի, որքան որոշակի աւարտուն արժէքներ, զգացմունք, երեւակայութիւն, ծիածանի եօթը գոյներով շքեղացած․․․…
Չի կարող գոյութիւն ունենալ աւելի վեհ ու ազնւաբարոյ իրականութիւն քան ինքը բանաստեղծութիւնը, բանաստեղծութեան խօսքը․ բանաստեղծութիւնը, որը հանդիսանում է բանաստեղծութիւն եւ ոչինչ ուրիշ, եւ գրւած է ինքն իր համար, որ դառնում է ամենքինը։
Միայն պոէզիային է թոյլատրւած պատմել իր երազները:
Պոէզիան փորձի հիման վրայ ներըմբռնում է տարերային, բնազդական զգացումը, որ թելադրում եւ ներշնչում է, յանգաւորում, չափագրում է, ապա ճիշտ ըմբռնողութեամբ կողմնորոշւում, կռահում է տիեզերքը, իսկ միտքը՝ նրա համակարգումն է:
Չկայ ոչ սահման, ոչ արգելք՝ միայն արբեցուցիչ ազատութիւն:
Երեւակայութիւնը առաջին աստիճանն է ու հիմքը ամբողջ պոէզիայի:
Իմ համար, երեւակայութիւնը հոմանիշն է յայտնագործութիւններ անելու ընդունակութեան:
Այն, ինչ պոէտական խօսքը համադրում է կերպարների հետ, խաղ է: Այն օգտագործում է նրանց ոճական կարգով, ներդնում է նրանց մէջ գաղտնիքներ եւ իւրաքանչիւր կերպար, խաղալով, պատասխանում է ինչոր հանելուկի: Այդ պատասխանը մեր փնտրածն է ու գիւտը։
Արդեօք այդ բոլորը կապ ունե՞ն գրելու համար օգտագործւող տեխնիկայի հետ։ Երբ գործածւում էր մուրճ ու հատիչ, քարի վրայ էին գրում։ Երբ գործածւում էր սրածայր փայտ, կամ փետուր, մագաղաթի վրայ էին գրում թանաքով։ Սկսեցինք գործածել մատիտ, ապա գրիչ ու գրչածայր, ապա ինքնահոս գրիչ, ապա գնդածայր գրիչ․․․ թղթի վրայ գրելով։ Ապա գրամեքենայ․․․ հիմա գործածում ենք համակարգիչը, որ զինւած է ամենայն կարելիութիւններով, արխիւներով, բառարաններով, նոյնիսկ գոյներով․․․ արհեստական գիտակցութեամբ, խելքով ու ուշքով․․․ գրականութիւնը ու՜ր է հասնելու՜՜՜․․․Այս վերջին տեխնիկական կիրառութիւնը դեռեւս օգտագործման նախաշաւիղում է․․․ որ գրւում է լուսաւոր պաստառի վրայ, ու ըստ ցանկութեան՝ տպագրում ենք թուղթի վրայ․․․ կամ էլ-նամակային առաքումներ ենք անում դէսուդէն․․․ առանց նամակադրոշմի․․․ ամէն տեղ․․․
Խելքս չի հասնում․․․ անսահման․․․ անծիր․․․
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ