Լաուրա Էնն Կալպակեան (Laura Kalpakian)
«Կոզետա» վէպի հայազգի հեղինակի մասին (Վիկտոր Հիւգոյի «ԹՇՒԱՌՆԵՐԸ» վէպի շարունակութիւնը)
Եթէ ուզում էք իմանալ ինչպէ՞ս է շարունակւում ֆրանսիացի մեծանուն գրող Վիկտոր Հիւգոյի «ԹՇՒԱՌՆԵՐԸ» հանրայայտ վէպը, ապա դուք կարող էք կարդալ «Կոզետա»-ն (Cossete)1), որի հեղինակը ամերիկահայ անգլիագիր ժամանակակից գրող ԼԱՈՒՐԱ ԷՆՆ ԿԱՊԼԱԿԵԱՆ-ն է: Առաջին անգամ հրատարակւել է 1995 թւականին, ԱՄՆ-ում:
Վէպի մասին ուրիշ տեղեկութիւններ չեմ գրում․ թողնում եմ ընթերցողը դա գտնի ու կարդայ: Դէպքերը տեղի են ունենում Ֆրանսիայում, Նապոլէոն Բոնապարտի կայսրութեան տարիներին եւ յետոյ: Գրքի գրական մակարդակի մասին կարող եմ ասել, երբ որ աւարտեցի բնագրի ընթերցումը:
Իմ տեղեկութիւններով «Կոզետա»-ն հայերէն չի թարգմանւել: Պարսկերէն թարգմանութիւնը լոյս է տեսել Իրանում․ թարգմանիչը տիկին Մարիամ Բայաթն է, որ վերջերս վախճանւեց Թեհրանում:
Ստորեւ բերում եմ հեղինակի համառօտ կենսագրականը եւ մինչ այս հրատարակած` նրա գրքերի անունը:
Այս տեղեկութիւնները գուցէ հետաքրքրեն ընթերցողների լայն շրջանակին:
Ռ. Օ.
Լաուրա Կալպակեան անունով հրատարակւած գործերն են. «The Great Pretenders», «American Cookery», «The Memoir Club», «Educating Waverly», «The Delinquent Virgin», «Steps and Exes: a novel of family», «Caveat», «Cosette: the sequel to Les Misérables», «Graced Land», «Dark Continent and Other Stories», «Crescendo», «The Swallow Inheritance», «Fair Augusto and Other Stories», «These Latter Days», «Beggars and Choosers»: Ջուլիէտ Ջեքսոն գրական անունով.՝«Belle Haven», Կարեննա Ջէյն Գրէյ գրական անունով.՝ «Tiger Hill»: |
Ամերիկահայ անգլիագիր գրող Լաուրա Էնն Կալպակեանը ծնւել է 1945 թւականին, Կալիֆորնիայի Լոնգ Բիչ (Long Beach) քաղաքում: Նրա ծնողները մանուկ հասակում Պոլսից Միացեալ Նահանգներ են գաղթել: Լաուրա Կալպակեանն իր ստորագրութիւնից բացի ունի գրական անուններ․ Ջուլիէտ Ջեքսոն (Juliet Jackson) եւ Կարեննա Ջէյն Գրէյ (Carenna Jane Graye): Նա մեծ ճանաչում ու համբաւ է ձեռք բերել յատկապէս իբրեւ յուշագրութիւնների հեղինակ: Ապրում եւ ստեղծագործում է Կալիֆորնիայում:
1967 թւականին աւարտել է Կալիֆորնիա համալսարանը (University of California, Riverside): Վկայւել է նաեւ Դելավերի համալսարանից: Կալիֆորնիա համալսարանի Սան Դիէգօ (San Diego) մասնաճիւղից վկայւել է գրականութեան ասպարէզում բանասիրական գիտութիւնների դոկտորի աստիճանով:
Լաուրա Կալպակեանը ֆինանսաւորում է ստացել Արւեստների Ազգային հիմնադրամից: Արժանացել է Pushcart մրցանակի եւ Խաղաղովկիանոսեան տարածաշրջանի հիւսիս-ամերիկեան հատւածի գրավաճառների ընկերութեան մրցանակին: Նա ստացել է առաջին «Անահիտ» մրցանակը2), որը հիմնադրւել է հայազգի ամերիկացի գրողներին խրախուսելու համար:
_____________________
1) Կոզետան վէպի գլխաւոր հերոս Ժան Վալժանի որդեգրած աղջկայ անունն է: Կոզետայի անունը պարսկերէն հրատարակութիւններով նշւում է «Կոզետ – Քոզէթ – کوزت »:
2) «Անահիտ» մրցանակը հիմնել է ամերիկահայ անգլիագիր գրող Ջեկ Անդրէասեանը (Jack Andreasian. 1920 – 2009)
ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ