Մշակութային

ԱԴԱՄԻ ԳԻՐՔԸ

(Հատւած վէպից)

ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ

 

Լինում էր բռնցքակռիւ, մահակակռիւ, իսկ երբ թշնամի բանակները բաժանւում էին, տեղի էր ունենում քարակռիւ, ամենից վտանգաւորը, յատկապէս ամառը միջօրէին, երբ տօթից թաղը դատարկւում էր: Գաբօն ասում էր, թէ պիտի վարժւենք, թրծւենք, որ կարողանանք մինչեւ Արաքս հասնել: Գետի միւս ափը Հայաստանն էր, կանաչ ու ծաղիկ, հարազատ հող ու ընտանիք, մեր երազների աշխարհը: Որ Հայաստանում չասեն թէ՝ վախկոտ ենք: Քարտէզ էինք քաշել՝ խուսափելու աւաններից ու հանգուցային կէտերից: Լսել էինք ժանդարմների անգթութիւնների մասին: Պիտի քայլէինք լեռնային անցքերով, պարենաւորման հարցը յանձնեցինք շատակեր Անտօնին:

Այդ օրերին մենք աշխարհի մէջ էինք ապրում եւ ոչ թէ աշխարհի վրայ: Մեզանով սկսել էր աշխարհը եւ մեզ հետ պիտի շարունակւէր աշխարհը: Մահը կեանքի գագաթնակէտն էր, հերոս էր նա, ով ընկնում էր ռազմի դաշտում, ապա տուն գնում պանիրով լաւաշ հաց ուտում: Թաւրիզը սկիզբն էր տիեզերքի, Հայաստանի մի թեւը, գնում հասնում էր Բաղդադ, Մուսուլ, Կապադովկիա ու նաեւ Աթէնք: Արթնանում էինք սպիտակ արեւի տակ, կեանքով լցնում օրը, իսկ երեկոյեան դիտում մթնշաղի քօղը հողակերտ ծուռումուռ պատերի վրայ: Ապրելիք այնքա՜ն կեանք կար, որ պահը յաւիտենական էր: Այդպէս էլ ստեղծւել էր աշխարհը, եւ այդպէս էլ պիտի շարունակւէր: Ամէն ոք անմահ էր Թաւրիզում: Մշտնջենական էին Լիլաւայի Հայոց Սուրբ Աստւածածին եկեղեցին, «Հայկազեան-Թամարեան» դպրոցը, տեսուչ պարոն Արմենակը, ուսուցիչները, փայտավաճառ Խնկօն, բախկալ Հասանը, ռուսախօս շաքարավաճառ Իբրահիմը, կաթնավաճառ Բաղդասարը, աղջիկներն ու տղաները, յատկապէս Գաբօն:

Ամէն իրիկուն երբ մեր թաղի ժամի զանգերը վայր էին թափում իրենց կապոյտ տրտում ղօղանջները, հաւաքւում էինք մեր բակի միակ թթենու տակ եւ յափշտակութեամբ լսում «Խենթ»-ի բազմազան տարբերակներից մէկը, որը միանգամայն այլ երանգ էր ստանում Գաբոյի երեւակայութեան մէջ: Ապողոնը թող իրենց պահեն: Գաբօն Վահագնի թոռն էր, նրա ոսկին ու լոյսը, բոցահեր ու կապուտաչեայ, մենք հազիւ էինք նրա գօտուն հասնում: Կենդանական կիրք կար նրա մկաններում, վագրի պէս ճկուն էր, կարծես ինչ որ աներեւոյթ ոգիներ դաշնաւորում էին նրա կեանքի կշռոյթը, ամբողջութեամբ շարժում ու լարում, մարմնի ու մտքի մի չտեսնւած համակարգութիւն, ձայնը հնչեղ, պատկերների շատրւան, ինքը թէ յօրինող եւ թէ դերակատար: Գաբոյի հետ կարող էիր մինչեւ Չինաստան գնալ, մէկը մազիդ չէր դիպչի: Դասարանում առաջինն էր, կռւում առաջինը, բարեկամութեան մէջ առաջինը: Ունեցածը կը սիրէր: Շիտակ աճպարար էր: Խանութպանի աչքերին նայելով գրպանները կը լեցնէր տանձ, խնձոր, ձու, ոտքով կը գլորէր ձմերուկը մեր տոպրակի մէջ: Երբեմն մենք կը բռնւէինք: Գաբոյին ոչ մի գնդակ չէր հասնի:

Յունիս մէկը մեր արշաւանքի օրն էր, Հայաստանը սարերի ու դաշտերի այն կողմն էր: Նախորդ օրը պատերազմ բռնկեց: Ծրագրւած չէր, բայց պատահեց: Եւ շարժառիթը ես եղայ: Իրականում ես չէի, այլ Յասմիկը: Իրականում Յասմիկը չէր, այլ Հայ ազգի պատիւը: Այսպէս թէ այնպէս, առաւօտեան գնացել եւ Նորիկին էի սպասում հայկական ու մահմեդական թաղերը միմեանցից բաժանող նեղլիկ խաչմերուկի վրայ, երբ նկատեցի, որ թուրք մի լամուկ պատին է հրել Սաղաթէլենց Յասմիկին եւ փորձում է ճանկել նրա զիստը: Յասմիկը ինձ տարեկից էր, սակայն արդէն իսկ լեցուն ու վարդագոյն թափանցիկ շորեր ունէր հագած: Յասմիկը ճչաց: Ես, որ ամենից վտիտն էի մեր խմբում, չիմացայ թէ ինչ կատարւեց ինձ հետ: Մի ակնթարթ միայն տեսայ թշնամուս: Կեղտոտ խոշոր մի բան էր, մսավաճառի աշկերտ, արիւնոտ, իւղոտ, ահագին դանակը գօտուց կախ: Եւ այնուհետեւ հազար ու մի զսպանակներ արձակւեցին, մանր ոսկրոտ բռունցքներիս տարափի տակ աջ ու ձախ, վեր ու վար պղտորւում էր թուրքի դէմքը, դարձաւ արիւնլւայ, այնտեղ ուր աջ աչքն էր, մի զզւելի խոռոչ գոյացաւ, մսի մի կտոր կախւեց այտն ի վար, դիմացինիս արիւնը ցայտեց դէմքիս, բազուկներիս, հագուստներիս վրայ: Եթէ կանգ առնէի, կորած էի, նա ինձ մի վայրկեանում կը յօշոտէր: Յանկարծ թուրքը ոռնաց, ու տագնապահար փախաւ՝ շարունակ աղաղակելով՝ «Մուսուլմաննե՜ր օգնութեան հասէք, հայերը ինձ սպանեցին»: Յասմիկը անյայտացել էր: Վախից ես էլ պուկս դրեցի, հեւասպառ տուն հասայ, դռան զոյգ նիգերը ամրացրի, ուղղակի նկուղ մտայ, դուռը ամուր կողպեցի ու սրտխառնուք ունեցայ: Ամբողջ մարմնով դողում էի, շնչակտուր, օրհասական: Չէի կարողանում պատահածը տեղաւորել մտապատկերիս շրջանակի մէջ: Բռունցքներս ուռել, կապտել, ցաւում էին, արիւնը լերդացել էր մատներիս արանքում, արիւնոտ էին բազուկներս, կուրծքս, ամառային դեղին շապիկս: Մսագործի կախւած աչքը շարունակ ճօճւում էր դէմքիս առջեւ: Պիտի լւացւել, մաքրւել, փոխել հագուստներս:

Յանկարծ հասունացել էի, վաղ պատանեկութիւնս մնացել էր հեռուներում: Րաֆֆի, Թումանեան, Աղայեան, Պռօշեան մնացել էին դասարաններում: Մնացել էի մենակ իմ նախնական բնազդներիս հետ, որչափ վայրենի են մանուկներն ու պատանիները, մաքուր ու վայրագ: Նախամարդ: Եթէ չզարնես, կը զարնեն քեզ, եթէ չսպանես, կը սպանեն քեզ, ու սարսափն ու հաճո՜յքը արիւնի, թշնամու ընկրկումն ու տապալումը, հողի ուժը մկաններիդ մէջ, յաղթանակի արբեցուցիչ բոյրը, Հայկ ու Բէլ, Աւարայր, Կարմիր Վարդան, ես իմ գլխի տէրը պիտի լինեմ: Ուժը իրաւունք է: Մսագործը Յասմիկին դէմ էր տւել պատին, փորձում էր վարտիքը ցած քաշել: Չգիտէր ինչո՞ւ, բայց գիտէր, որ այլեւս չէր կարող ապրել:

Related Articles

Back to top button