Ադրբեջանը հայկական ժառանգութեան խեղաթիւրումը միջազգային հանրոյթին ներկայացնում է որպէս օրինական գործողութիւն

«Ադրբեջանը հայկական ժառանգութեան խեղաթիւրումը միջազգային հանրոյթին ներկայացնում է որպէս օրինական գործողութիւն»,- ահազանգում է Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։
«Ադրբեջանում հաւատարմագրւած դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ աւելի քան 150 դեսպաններ, դիւանագէտներ, ռազմական կցորդներ եւ այլ ներկայացուցիչներ՝ 62 երկրներից եւ միջազգային կազմակերպութիւններից մայիսի 2-ին այցելել են Արցախի տարբեր հայկական մշակութային վայրեր եւ թանգարաններ՝ ականատես լինելով դրանց ադրբեջանականացման ակտիւ գործընթացները։
Մասնաւորապէս պատւիրակները՝ Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականութեան հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի ուղեկցութեամբ այցելել են Շուշիի 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց հայկական եկեղեցի, որը, 2020 թւականի պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 8-ին, Ադրբեջանի կանխամտածւած կրկնակի ռմբակոծութիւնից յետոյ «վերականգնման» քողի տակ ձեւախեղւել եւ խեղաթիւրւել է՝ խախտելով կառոյցի պահպանութեան միջազգային նորմերը. մասնաւորապէս՝ ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանւած մշակութային արժէքների պահպանութեան իսկութեան եւ ամբողջականութեան սկզբունքները։
Ադրբեջանական յայտնի լրատւական Report.az-ը նշում է, որ դիւանագէտները ծանօթացել են պատմամշակութային յուշարձանին, ինչպէս նաեւ՝ բազմակրօն ժառանգութեան պահպանման ուղղութեամբ Ադրբեջանի գործադրած ջանքերին, որն իրականում ոչ թէ բազմակրօնութիւն է, այլ հայկական ինքնութեան ոչնչացում, տարածաշրջանից հայկական հետքերի մաքրում եւ հայկական գոյութեան ժխտում։
Նոյն օրը Հիքմեթ Հաջիեւը սոցիալական ցանցերում տեսանիւթ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց։ Հրապարակման մէջ մասնաւորապէս նշւում է, որ «Եկեղեցին վերականգնւել է՝ իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան։ Ադրբեջանի Հանրապետութեան տարածքում գտնւող բոլոր օրինական շինութիւնները, ինչպէս նաեւ պատմական, մշակութային եւ կրօնական յուշարձանները պահպանւում են, գտնւում են պետական պաշտպանութեան ներքոյ եւ վերականգնւում են ազգային օրէնսդրութեանը համապատասխան»։
Առանձնայատուկ ուշադրութիւն է դարձւել նաեւ Շուշիի գորգերի թանգարանի մասնաճիւղին, որտեղ դիւանագէտներին հայկական պատմական արցախեան գորգերից մաքրւած տարածքում ներկայացւել են ադրբեջանական գորգերը, ինչպէս նաեւ հայկական Արծւագորգերը եւ Վիշապագորգերը՝ ադրբեջանականի անւան տակ։ Տեսանիւթում երեւում են արցախեան զարդանախշերով եւ տիպաբանութեամբ գորգերը, որոնք ներկայացւում են որպէս ադրբեջանական ժառանգութիւն։
Շուշիում պատւիրակութիւնը ծանօթացել է նաեւ նոր մզկիթի նախագծին՝ «Ենի Շուշա» (Նոր Շուշի) մզկիթում, որի հիմքը դրւել էր 2021 թւականին, որն, ինչպէս գիտենք, Ադրբեջանի մշակութային քաղաքականութեան առանձին ուղղութիւնն է, երբ հայկական տարածքներում, մշակութային ոչնչացւած յուշարձանների տեղում կառուցւում են մզկիթներ եւ իսլամացւում քրիստոնէական երբեմնի հայկական լանդշաֆտը։
Այցի շրջանակում դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանօթացել են Շուշիի եւ Լաչինի վերականգնողական (իրականում՝ ադրբեջանականացման) աշխատանքներին, ներառեալ նոր ենթակառուցւածքները, հանգստի կենտրոնները եւ «Զերտի» ագրոարդիւնաբերական պարկը, որտեղ ներկայացւել է տնտեսութեան տարբեր ոլորտների գործունէութիւնը։ Միաժամանակ նշւել է մի շարք երկրների հետաքրքրւածութիւնն ու պատրաստակամութիւնը՝ մասնակցելու տարածաշրջանի զարգացման ծրագրերին, ինչպէս նաեւ ներկայացւել են Լաչինի զարգացման եւ նոր նախագծերի ուղղութիւնները
Մեր արձագանքը
Պատերազմից յետոյ Ադրբեջանը յայտարարել էր, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բերւելու է իր «պատմական տեսքին», որը պէտք է ենթադրեր կրկնակի ռմբակոծութեան հետքերի վերացում եւ գմբէթի վերականգնում։ Բայց մենք տեսանք, որ ադրբեջանական կողմը քանդեց երկթէք ճակատներից մէկի վրայի խաչաձեւ լուսամուտը եւ դրանից վեր գտնւող պատկերաքանդակը։ Արեւմտեան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրութեամբ, որը նոյնպէս մաքրւել է։ Շինարարական աշխատանքների հէնց սկզբից պարզ էր, որ այն նպատակ ունի աւերել տաճարի մշակութային կարեւորութիւնը ներկայացնող դետալները, մանրամասները, արձանագրութիւններն ու այլ տարրեր։
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական եւ կեղծ վերականգնումների՝ հայկական մշակոյթից նրան օտարելու մասին են խօսում բազմաթիւ փաստեր։ Նախ պատմական տեղեկութիւնները վկայում են, որ եկեղեցին կառուցւել է յատուկ պատւէրով (պատւէրը տւել են քաղաքի հոգեւոր եւ հաւատացեալ համայնքը՝ ցանկութիւն յայտնելով, որ եկեղեցին կառուցւի Անիի միջնադարեան Մայր տաճարի օրինակով)։ Քաղաքի տեսուչի կազմած եկեղեցու յատակագիծը, սակայն, իր ճարտարապետական յօրինւածքով նմանւել է Էջմիածնի Մայր տաճարին։ Եկեղեցու հարաւային շքամուտքի վերնամասում տեղադրւած վիմագրում էլ նշւում է, որ տաճարը կառուցւել է Շուշի քաղաքի ծխականների հանգանակութիւններով. շինարարութիւնը սկսւել է 1868 եւ աւարտւել՝ 1887 թւականին Եկեղեցու բեմառէջքի պատին պահպանւել են նաեւ կառուցող ճարտարապետի՝ Սիմէոն Տէր-Յակոբեանցի եւ վարպետ Աւետիս Եարամիշեանցի անունները:
Ադրբեջանական «վերականգնմամբ» Սուրբ Ամենափրկիչի գմբէթը վերածւել է կիսագնդաձեւ ծաւալի։ Հայկական գմբէթաշինութիւնը չի վաւերացնում անգամ մէկ օրինակ, որտեղ եկեղեցին այսպիսի գմբէթ ունենար։ Հայկական եկեղեցիների գմբէթներն ունեն կոնաձեւ եւ բրգաձեւ վեղարներ։ Ղազանչեցոցի թմբուկի վերնամասի սուրանկիւն ճակտոններն իսկ վկայում են, որ այն նախատեսւած է եղել համապատասխան եզրածաւալներ ունեցող վեղարի համար: Այսինքն, ադրբեջանական «վերականգնմամբ» պահպանւած թմբուկի վերնամասի հովհարաձեւ քիւը «պահանջում» է միայն բրգաձեւ վերնամաս։
Ադրբեջանական վերականգնմամբ թմբուկը ուղղակի ծիծաղելի տեսք է ստացել՝ անյարիր ընդհանրապէս եկեղեցական որեւէ կառոյցի: Դեռեւս 19-րդ դարի արխիւային լուսանկարներում եկեղեցին պսակւում էր հովհարաձեւ վեղարով, ինչն էլ ակնյայտօրէն խիստ մտահոգել է պաշտօնական Բաքւին: Վերականգնել վեղարը, նշանակում էր ընդունել եւ ցուցադրել Շուշիի հայկական դոմինանտը:
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու անօրինական վերականգնումներով Ադրբեջանը խախտում է ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից 1994 թւականին ընդունւած Նարայի փաստաթղթի իսկութեան սկզբունքը, ըստ որի «Պահպանութիւն հասկացութիւնը ենթադրում է մշակութային ժառանգութեան ընկալման, դրա պատմութեան եւ նշանակութեան գիտակցման, ժառանգութեան հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղւած գործընթացների ամբողջութիւն։ Այս դէպքում ժառանգութիւնը հասկանալու մարդկանց կարողութիւնը, ի թիւս այլ հանգամանքների, կախւած է նաեւ ժառանգութեան վերաբերեալ արժանահաւատ եւ ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատւական աղբիւրների իմացութիւնն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկութեան եւ հաւաստիութեան բոլոր կողմերը գնահատելու համար» (UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity): Պատմական ապացոյցների ոչնչացման հետ կապւած հարկ է նշել, որ ըստ մշակութային կարեւորութեան չափանիշի, ժառանգութեան պատմական արժէքի պահպանում նշանակում է, թէ ինչպէս են պահպանւած արժէքի պատմական ապացոյցները։ Եւ աւելին, «ցանկացած միջամտութիւն, որն արւում է ժառանգութեան հետ, հանգեցնելով մշակութային կարեւորութեան այս կամ այն տարրի կորստին՝ պատմական, գեղագիտական, հոգեւոր եւ սոցիալական առումներով, զրկում է ժառանգութիւնն իր հիմնական նշանակութիւնից՝ ոչնչացնելով այն»»։



