Տեղի է ունեցել քննարկում՝ «Արցախում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման» թեմայով
ՀՀ Ազգային ժողովում տեղի են ունեցել «Հայաստան» խմբակցութեան կազմակերպած «Արցախում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման» թեմայով լսումներ, որին մասնակցել են Արցախի խորհդարանի պատգամաւորներ, կառավարութեան անդամներ, մշակոյթի ներկայացուցիչներ, Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս Սրբազանը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենեակի ներկայացուցիչը, ինչպէս նաեւ ներկայացուցիչներ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից:
Արցախի բռնազաւթման հետեւանքով Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած Արցախի հայ բնակչութեան ինքնութիւնը բնորոշող նիւթական եւ ոչ նիւթական ժառանգութիւնը կազմում է մօտ 5000 յուշարձան. քննարկմանն ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Յովհաննիսեանը:
Նրա խօսքով, Ադրբեջանի այսօրւայ քաղաքականութիւնն է՝ հայկական մշակութային ժառանգութեան իւրացում, աղւանականացում։
Լեռնիկ Յովհաննիսեանն ասաց, որ ադրբեջանցիներն այսօր եկեղեցիների, խաչքարերի վրայից ոչնչացնում են հայերէն արձանագրութիւնները. «Դա Ալիեւի հրամանով է. երբ Ալիեւն այցելել է Հադրութ, յայտարարել է՝ եկեղեցիների արձանագրութիւնները հետագայում են աւելացւել հայերի կողմից ու ենթակայ են ոչնչացման»։
2020 թւականի պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետութիւնը կորցրել է 18 թանգարանային հաւաքածու, նաեւ թանգարանների կատալոգները. 6 թանգարան՝ Շուշի քաղաքում, 8 արւեստի գործերի հաւաքածու՝ եւս Շուշիում, 4 թանգարանային հաւաքածու՝ Հադրութի շրջանում. ասաց Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախկին նախարար, Արցախի բռնազաւթւած տարածքներում մշակութային ժառանգութեան պահպանութեան պետական խորհրդի քարտուղար Սերգէյ Շահվերդեանը։
Նա յայտնեց, որ 2023 թ. բռնի տեղահանութեան հետեւանքով Արցախում կորուսեալ թանգարանների թիւը առնւազն 14-ն է՝ Ստեփանակերտում մասնակիօրէն 3 թանգարանային հաւաքածու, 3 արւեստի գործերի հաւաքածու, Մարտակերտում՝ 2, Ասկերանում՝ 2 ու Մարտունու շրջանում՝ 3 թանգարանային հաւաքածուներ։ Սերգէյ Շահվերդեանն ասաց, որ իրեք չեն հաւաքագրել մասնաւոր հաւաքածուները։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում բախւել են մի խնդրի. «Ընդհանուր արտաքին քաղաքականութիւնն իր ազդեցութիւնն է թողել մշակութային ժառանգութեան պահպանութեամբ զբաղւող պետական մարմինների վերաբերմունքի վրայ։ Ցաւօք, այսօր այստեղ չեն ԿԳՄՍ նախարարութեան ներկայուցիչները, որ իրենց ասեմ հետեւեալը. վաղը կարող է պետական քաղաքականութիւնը փոխւի, պետական մարմիններն իրենց տրամադրութեան տակ չեն ունենալու անհրաժեշտ նիւթեր, որովհետեւ «տնային աշխատանքը» չեն կատարել։ Կը գայ պահ, երբ մեզ անհրաժեշտ կը լինեն փաստական տւեալներ, եւ այդ տւեալները մենք չենք ունենալու»։