Մահացել է գեղանկարիչ Արշալոյս Աղայեանը
«ԱԼԻՔ» – Ցաւով տեղեկացանք, որ ուրբաթ՝ սեպտեմբերի 15-ին իր մահկանացուն է կնքել հայաստանաբնակ իրանահայ շնորհալի գեղանկարիչ Արշալոյս Աղայեանը:
Արշալոյս Աղայեանը ծնւել է 1945 թւականին Իրանի Ալիգուդարզ նահանգի Ֆարջաբադ գիւղում։ Սովորել է Թեհրանի «Արարատ» հայկական դպրոցում, 1970 թւականին աւարտել է «Քեամալ-օլ-մոլք» արւեստի ուսումնարանը։ Այնուհետեւ նկարչութիւն է դասաւանդել Թեհրանի մի քանի դպրոցներում՝ ի մասնաւորի՝ հայոց ազգային «Արարատ» դպրոցում։ 1973 թւականին ընտանիքով տեղափոխւել էր Հայաստան։ 1978 թւականին աւարտել է Երեւանի գեղարւեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչութեան բաժինը։
Հայաստանում համագործակցում էր Հայաստանի Նկարիչների միութեան հետ։ Աղայեանի գործերի հիմնական թեմաներն են պատմական կարեւոր իրադարձութիւնները, հայ ժողովրդի բարքերը, աւանդոյթները, կենցաղը։
Աղայեանի առաջին ցուցահանդէսը տեղի էր ունեցել Թեհրանում ժամանակին գործող «Աբովեան» միութիւնում, որի հիմնադիրներից է եղել նաեւ Աղայեանը։ 1968-1972 թւականներին Իրանում մասնակցել է մի շարք ցուցահանդէսների, Թեհրանում բացել 2-ից 3 անհատական ցուցահանդէսներ։ 1980 թւականին իր ստեղծագործութիւնների անհատական ցուցահանդէսը բացւել է Հայաստանի Ժուռնալիստների տանը։
1992 թւականին Լոս Անջելէսում, Իրանահայ միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել է Աղայեանի գործերի ցուցահանդէս-վաճառք բարեգործական նպատակով:
Աղայեանը անդամակցել է 1997 թւականին Երեւանում «Հայրենադարձ իրանահայերի մշակութային միութեան ջանքերով հրատարակւած Բաբգէն Չուգասզեանի «Հայրենադարձ իրանահայ դէմքեր» գրքի խմբագրակազմին, իսկ 2008 թւականին Երեւանում «Ասողիկ» հրատարակչութեան միջոցով լոյս էր տեսել Արմինէ Մելիք-Իսրայէլեանի հեղինակած «Գեղանկարիչ Արշալոյս Աղայեան. 400-ամեայ վկան» աշխատասիրութիւն-ալբոմը: Նրա ստեղծագործութիւններից մեծ մասը գտնւում է իրանահայ համայնքի միութիւններում եւ արւեստասէր անհատների մօտ: Վերջին տարիներում հանգուցեալը տառապում էր ծանր հիւանդութեամբ: