Պաշտօնական Բաքուն դատապարտում է Արցախում մարդասիրական վիճակի մասին ԵԽԽՎ զեկոյցը
Պաշտօնական Բաքուն դատապարտում է Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հոկտեմբերի 12-ին ընդունած Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակի մասին զեկոյցը, յայտնում է ադրբեջանական «APA» գործակալութիւնը՝ յղում անելով Ադրբեջանի արտգործնախարարութեանը,- յայտնում է «Ազատութիւն»-ը։
«Այս կառոյցը հերթական անգամ չի կարողանում անաչառ մօտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ։ ԵԽԽՎ-ն շարունակում է անհիմն խօսակցութիւնների եւ մեր տարածաշրջանի որոշ երկրների նենգ քաղաքականութեան վրայ հիմնւած մօտեցում ցուցաբերել՝ ուղղւած Ադրբեջանին նսեմացնելուն»,- նշւած է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրութիւնում։
«ԵԽԽՎ-ի անհիմն պնդումները Լաչինի ճանապարհով վերջին տասը ամիսների ընթացքում տեղաշարժւելու մասին եւ Արդարադատութեան միջազգային դատարանի համապատասխան որոշումների սխալ մեկնաբանութիւնը՝ միաժամանակ անտեսելով նրա 2023 թւականի յուլիսի 6-ի որոշումը, որը միաձայն մերժել էր Լաչինի շարջափակման վերաբերեալ Հայաստանի հայցերը, անընդունելի է: Աւելին, մօտ 4000 անյայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի վրայ լոյս չսփռելը, ականների սպառնալիքը, որը 44-օրեայ պատերազմից յետոյ զոհերի թիւը հասցրեց 333-ի, եւ նախկինում օկուպացւած ադրբեջանական տարածքներում գրանցւած աւերածութիւնների չափը խորապէս մտահոգիչ է։
ԵԽԽՎ-ն, պաշտպանելով էթնիկ հայերի իրաւունքները գոյութիւն չունեցող սպառնալիքներից, անտեսում է Հայաստանից վտարւած ադրբեջանցիների իրաւունքների վերականգնման եւ արժանապատիւ վերադարձի կոչերը»,- նշւած է յայտարարութիւնում։
Պաշտօնական Բաքուն ընդգծում է՝ ԵԽԽՎ-ն «պէտք է դադարեցնի Ադրբեջանի դէմ ուղղւած անհիմն եւ կանխակալ քայլերը», որոնք «խաթարում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան ջանքերի հեռանկարները»։
«Միեւնոյն ժամանակ, Եւրոխորհրդի մեխանիզմները Ադրբեջանի դէմ օգտագործելու անհեռատես փորձերը լիովին հակաարդիւնաւէտ են եւ չեն կարող խաթարել Ադրբեջանի վճռականութիւնը՝ շարունակելու գործել տարածաշրջանում կայուն խաղաղութեան ապահովման եւ տեղի հայ բնակիչների վերաինտեգրման ծրագրերի առաջմղման ուղղութեամբ»,- յաւելել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչութիւնը։