Սահմանագծման, սահմանազատման համար պէտք է բացառապէս հիմք հանդիսանան 1929 եւ 1988 թւականի քարտէզները
ԱԱԾ պահեստազօրի սպաների յայտարարութիւնը
«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԱԾ պահեստազօրի սպաները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող այսպէս կոչւած «սահմանազատման եւ սահմանագծման» գործընթացի կապակցութեամբ հանդէս են եկել յայտարարութեամբ.
«Անդրադառնալով Տաւուշում տարւող այսպէս կոչւած սահմանագծման, սահմանազատման գործընթացին` փաստում ենք, որ թէ՛ խորհրդային, թէ՛ յետխորհրդային տարիներին Կիրանցը ոչ մի անգամ սահմանակից չի եղել Ադրբեջանին (այսինքն` Ադրբեջանի հետ չի ունեցել ընդհանուր սահման), եղել է սահմանամերձ բնակավայր:
Նոյնն է իրողութիւնը նաեւ Ջողազի ջրամաբարի պարագայում, որը նախագծւել ու կառուցւել է Հայաստանի բիւջէով: Այս ամէնը վաւերացւած է ԽՍՀՄ կառավարութեան կողմից հրատարակւած 1988 թ. տոպոգրաֆիկ քարտէզով, որը հաստատւել էր Հայաստանի ու Ադրբեջանի կառավարութիւնների արձանագրութեամբ, յանձնւել էր Հայաստանի եւ Ադրբեջանի Գերագոյն խորհուրդների նախագահութիւններին:
Ընդորում, 1988-ին աւարտւած գործընթացը, որը հիմնւած էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների վրայ, այն ժամանակւայ գործող օրէնսդրութեան համաձայն ենթակայ չէր խորհրդարանների (Գերագոյն խորհուրդների) կողմից վաւերացմանը: Փաստօրէն, այսօր այս այսպէս կոչւած սահմանագծմամբ ու սահմանազատմամբ Ադրբեջանը մխրճւում է Հայաստանի մէջ, Հայաստանի տարածք:
Կրկնում ենք՝ Կիրանցն Ադրբեջանին սահմանակից բնակավայր չի եղել, եղել է Հայաստանի կազմում Ադրբեջանին սահմանամերձ բնակավայր: Նոյնն է եւ Ոսկեպարի պարագայում: Այսպէս կոչւած սահմանագծման, սահմանազատման այս գործընթացով Հայաստանի հողերն անօրինական կերպով փաստացի նւիրաբերւում են Ադրբեջանին:
Ինչ վերաբերում է իշխանութիւնների կողմից Գլխաւոր շտաբի 1976 թւականի քարտէզի վկայակոչմանը, այն խաբէութիւնն է, քանի որ Գլխաւոր շտաբի քարտէզները չեն հանդիսանում հանրապետութիւնների վարչատարածքային բաժանման, հետեւաբար սահմանագծման, սահմանազատման հիմք: Այս քարտէզի օգտագործումն ընդամէնը փաստացի կապիտուլեացիան հայկական աշխարհին որպէս փոխզիջում ներկայացնելու դաւադիր միջոց է:
Պահանջէք իշխանութիւնների կողմից վկայակոչւող 1976 թւականի տոպոգրաֆիկ քարտէզն ու դրա իրաւական փաստումը:
Սահմանագծման, սահմանազատման համար պէտք է բացառապէս հիմք հանդիսանան 1929 եւ 1988 թւականի քարտէզները»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ։