Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայաստանի իշխանութիւնը՝ որպէս խաղաղութեան դէմ «ամենագրգռիչ» գործօն

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Սեպտեմբերի 15-ից շրջանառւող «տան պատի նկարը (խօսքն Արարատ լեռան նկարի մասին է-ԽՄԲ.), որը հարեւանի մօտ էմոցիաներ կառաջացնի» թեման իրականում աւելի լուրջ քննարկման պիտի տանէր։ Հայհոյանքներից անդին քննարկումներն աւելի լուրջ հարցադրումների են բերում։

Գրգռիչների հանումը կամ մեղմումը իսկապէս միջպետական յարաբերութիւնների կարգաւորման ժամանակ կարեւոր նշանակութիւն ունի։ Եւ հակառակը, այդ գրգռիչների անգրագէտ կամ միտումնաւոր չարաշահումը հանգեցնում են պատերազմի՝ կա՛մ անգրագիտաբար, կամ՝ միտումնաւոր։

 

Նոյն մարդիկ անում էին հակառակը

2018-2019-ին նոյն մարդիկ Նիկոլը, Արմէն Գրիգորեանը եւ այլոք արել են լրիւ հակառակը. Շուշիում ցուցադրական քէֆնուպարը, յայտնի ցուցադրական հարսանիքը, Ստեփանակերտում՝ «Արցախը Հայաստան է եւ վերջը». սրանք Արդբեջանին նւաստացնող գրգռիչներ էին։ Տաւուշեան մէկ դիրքի ընդհարումը Սարդարապատի չափ ուռճացնելը, թուրք գեներալի զոհւելը ֆետիշացնելը, հարիւրաւոր մեդալների, շքանշանների, հերոսի կոչումների շռայլումը. սրանք ցուցադրական գրգռիչներ էին։ Բանակցային դետալները բացայայտելը եւ դրանով Ադրբեջանում յեղափոխութիւն հրահելու սպառնալիքը՝ ուղիղ գրգռիչ էր արդէն ոչ միայն Ադրբեջանի, այլեւ՝ իշխող ընտանիքի հանդէպ։

Այս գրգռիչների անխիղճ օգտագործումն ի վերջոյ բերեց պատերազմի։ Պատերազմ, որը չպէտք է լինէր, բայց եղաւ, եւ հետեւանքը հինգ հազար զոհերն էին ու կորսւած Արցախը։ Հիմա նոյն մարդիկ զսպւածութեան դասեր են տալիս։

 

Փոխադարձութիւն

Գրգռիչների մեղմումը կարող է օգտակար լինել, եթէ այն արւում է փոխադարձաբար։ Այսօր Ադրբեջանը ֆիզիկապէս ոչնչացնում է հայկական քաղաքներն ու գիւղերը, որտեղ դպրոցների գրատախտակներին դեռ հայերէն նախադասութիւններ կան գրւած։ Ամարասն ու Գանձասարը սարքում է գոմ, պղծում է թարմ ու հին գերեզմանները։ Ֆիզիկապէս քանդում է 150 հազար մարդու տները։ Այստեղ խնդիրը շատ աւելի խորն է, քան՝ պարզապէս սեփական իշխանութեան՝ շառլատան լինելը։ Եթէ Ադրբեջանը ֆիքսի, որ այս ամէնը Հայաստանի իշխանութեան համար գրգռիչ չէ, եւ հայ ժողովրդի համար այնքան վիրաւորական պրոցես չէ, որ այն փոխի իր իշխանութիւնը, այն անելու է իր հետեւութիւնը՝ Հայաստանն այլեւս կենսունակ պետութիւն չէ, հետեւաբար…

Արարատը երբեք չի եղել տարածքային պահանջի սիմւոլ, այն լրիւ ուրիշ բանի մասին է, եւ եթէ անունակ իշխանութեան ջանքերի շնորհիւ այն դառնում է գրգռիչ գործօն, դա ուրիշ իրականութիւն է ստեղծում։ Պարզ ասած, եթէ մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում յայտնւելու են Արագածի ստորոտում։

Ըստ իս՝ սա ամենակարեւոր թեման է, որը պէտք է բացւի. ո՞րն է մեր իրականութիւնը, ինչո՞ւ է այն այսպիսին դարձել, եւ ինչպէ՞ս փոխել այդ իրականութիւնը։ Շարունակաբար անդրադառնալու եմ այս հարցերին։

Related Articles

Back to top button