Այլ

Պատերազմ ընդդէմ հայկական խորհրդանիշների՝ յանուն թուրքական «զգացմունքների»

Կառավարութեան որոշմամբ (իսկ ինչպէս ասում է Փաշինեանը՝ «կառավարութիւնը ես եմ»), նոյեմբերի 1-ից սկսած մուտքի/ելքի դրոշմակնիքից կը հեռացւի Արարատ լեռան պատկերը։ Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանն այս թուրքամէտ քայլը մեկնաբանեց «դաստիարակչական» ոճով. «Երբ տուն ես կառուցում, չպէտք է պատի վրայ ունենաս նկար, որը կարող է հարեւանի մօտ այլ զգացմունքներ առաջացնել»։ Հետաքրքիր է՝ սա ի՞նչ կանոն է։ Արժէ հետաքրքրւել՝ Արմէն Գրիգորեանն իր հարեւաններից հարցուփորձ արե՞լ է, թէ ինչ նկարներ կարող է կախել իր պատերին։

Աւելին, դրոշմակնիքի վրայ, ինչպէս նաեւ զինանշանում Արարատը պատկերւած է Հայաստանի միջազգային ճանաչում ունեցող տարածքից։ Այսինքն, որեւէ կերպ չի կարող խօսք լինել այլ երկրի տարածքային ամբողջականութեան դէմ ուղղւած քայլի մասին։ Ուրեմն ինչո՞ւ է հայկական իշխանութիւնը կարծում, թէ այս կերպ վիրաւորւում են թուրքական զգացմունքները։ Միգուցէ հիմա արդէն արգելւա՞ծ է հայերին նայել Արարատին, եթէ դա հարեւանի շրջանում յոյզեր է առաջացնում։ Միգուցէ Արարատի բոլոր տեսարանները՝ բոլոր անկիւններից, արդէն թուրքական մենաշնո՞րհ են։

Եւ մի հարց էլ՝ իսկ հարեւանները պատրաստւո՞ւմ են յարգանքով վերաբերւել հայերի զգացմունքներին։ Դատելով նրանց հռետորաբանութիւնից՝ հակառակը։ Ուրեմն, ինչո՞ւ է Փաշինեանը խաղում միակողմանի խաղ՝ պատրաստ գլխով պատին տալ, միայն թէ բաւարարի «գործընկերների» ցանկութիւնները, որոնք ոտք են դնում մեր արժանապատւութեան վրայ՝ մեզ նւաստացնելով։

Այժմ հերթը հասել է Հայաստանի զինանշանին։

Ինչպէս ասում է իշխող կուսակցութեան պատգամաւոր Արթուր Յովհաննիսեանը, պետութեան խորհրդանիշները չպէտք է պարունակեն յուզական տարրեր եւ վտանգաւոր ուղերձներ։ Չէ՞ որ մեր հարեւանը չափազանց զգայուն է։ Ընդհանրապէս, թուրքերի եւ ադրբեջանցիների զգացմունքների հանդէպ հոգատարութեան, ինչպէս նաեւ հայկական ազգային ինքնութեան «տրանսֆորմացման» (կարդայ՝ ոչնչացման) շրջանակներում Փաշինեանը կարող է այնքան հեռու գնալ, որ շուտով հայերին դժւար կը լինի հաւատալ, որ այս ամէնն իրականում է տեղի ունենում։

Արդէն հիմա Հայաստանի իշխանութիւնները որոշել են գրաքննել արւեստը։ ԿԳՄՍ նախարարութիւնը ներկայացրել է «իրական Հայաստանի գեղագիտութեան» հայեցակարգը։ Իրական Հայաստանը, ըստ նախարարութեան, այնպիսին է, որը պատրաստ է մոռանալ իր պատմութիւնը՝ յանուն թուրքերի։ Ցաւալի է, եթէ իրական Հայաստանը իսկապէս այդպիսին դառնայ։ Փաստաթղթում փաստացի ներկայացւած է Փաշինեանի հայեցակարգը՝ պատմական յիշողութիւնից հրաժարւելու մասին, ներառեալ խորհրդանիշները (ինչպէս Արարատ լեռը)։ Նախագծի հեղինակները, մասնաւորապէս, անթոյլատրելի են համարում պատմական բովանդակութեամբ ողբերգական բեմադրութիւնները՝ փոխարէնը առաջարկելով ուրախ, կենսախինդ, կեանքը գովերգող ներկայացումներ՝ այն մասին, թէ ինչպէս են մարդիկ բարգաւաճում ՔՊ-ի իշխանութեան ներքոյ։

Այս փաստաթուղթը յայտնւեց անմիջապէս այն բանից յետոյ, երբ Փաշինեանն այցելեց թատրոն եւ հանդիմանեց ստեղծագործական խմբին՝ այն բանի համար, որ նրանք յիշեցնում են հանդիսատեսին պատմական փաստեր, որոնք անյարմար են Փաշինեանի արտաքին քաղաքականութեան համատեքստում։ Մինչդեռ պէտք է հակառակը՝ օգնել հանրութեանը գիտակցել իրական սահմանների արժէքը՝ հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։

Ահա այսպիսին է մեր ժողովրդավարութիւնը՝ հասել ենք ուղիղ պետական գրաքննութեան։ Իսկ ինչո՞ւ զարմանալ, երբ Փաշինեանը յայտարարում է, որ պատրաստւում է փոխարինել աւանդական հայկական Եկեղեցին՝ իր ճաշակով ստեղծւած նորով։ Ըստ Փաշինեանի, հանրապետութիւնում ամէն ինչ պէտք է ծառայի Թուրքիայի շահերի սպասարկմանը։ Նա շատ հմտօրէն է կազմակերպել ամէն ինչ՝ Հայաստանի բռնի թրքացումը ներկայացնելով որպէս խաղաղ գործընթաց։ Իսկ ով քննադատում է Փաշինեանի հակահայկական քայլերը, յայտարարւում է խաղաղութեան թշնամի։ Բայց արդէն ակնյայտ է, որ նրա գործունէութիւնը խաղաղութիւն չի բերում։ Նա պարզապէս մատուցում է Հայաստանը թուրքերին։

Ինչ վերաբերում է հարեւանների զգացմունքների հանդէպ հոգատարութեանը, այստեղ էլ կարելի է շատ հեռու գնալ։ Յիշենք մի դրւագ 17-րդ դարի հայ պատմիչ Զաքարիա Քանաքեռցու գրառումներից։ Նա պատմում է, որ Սէֆի Քուլիխան II-ը՝ Երեւանի բերդի շահական նահանգապետը, հրաման է արձակել, որ անձրեւոտ օրերին քրիստոնեաները (տեղական հայ բնակչութիւնը) դուրս չգան տներից, քանի որ իբր նրանցից հոտ է գալիս, եւ դա վիրաւորում է մահմեդականների զգացմունքները։ Միգուցէ Փաշինեանը պատրաստւում է բաւարարել նաեւ նման «գործընկերային» պահանջները։ Նրանք դրանցով հիմա էլ շռայլ են՝ յիշենք Բաքւի պահանջը, որ «Զանգեզուրի միջանցքում» ադրբեջանցիները «չհանդիպեն որեւէ մէկին Հայաստանից»։

Ոչ մի կասկած չկայ՝ եթէ սկսենք բաւարարել թուրքերի եւ ադրբեջանցիների իւրաքանչիւր ցանկութիւն՝ արտայայտւած կամ չարտայայտւած, դա անխուսափելիօրէն կը վերածւի սեփական բնակչութեան ուղղակի ահաբեկման։

Յաճախ կարելի է լսել, որ Փաշինեանին անւանում են «պարտւած»։ Սա այնքան էլ ճիշտ չէ։ Նա ինքը չէ «պարտւած», նա այն մարդն է, որը «պարտւած» է դարձնում ամբողջ Հայաստանը։ Միեւնոյն ժամանակ, նրա վարկանիշը չի հասնում նոյնիսկ 15 տոկոսի՝ հաշւի առնելով վարչական ռեսուրսի ճնշումը։ Այսինքն, նման ոչ ժողովրդականութեան պայմաններում նա որեւէ իրաւունք չունի ժողովրդի անունից ընդունել նման նւաստացուցիչ որոշումներ։

Այն, ինչ ներկայիս իշխանութիւնը՝ Արմէն Գրիգորեանի շուրթերով, անւանում է «բարդ տրանսֆորմացիա, որը առնչւում է ազգային ինքնութեան եւ ինքնագիտակցութեան շերտերին», իրականում փորձ է՝ այդ ինքնագիտակցութիւնը քանդելու, իսկ ինքնութիւնը՝ ջնջելու։

Յուսանք, որ Փաշինեանը պարզապէս չի հասցնի դա անել։ Ժամանակը քիչ է՝ Արարատը սասանելու համար։

«Փաստ»

Related Articles

Back to top button