Այլ

Քրոնիկ անքնութիւնը 40%-ով մեծացնում է դեմենցիայի առաջացման ռիսկը

Քրոնիկ անքնութիւնից տառապող մարդիկ տարիքի հետ աւելի արագ են կորցնում յիշողութիւնը եւ ճանաչողական ունակութիւնները, քան նրանք, ովքեր նորմալ են քնում: Այս եզրակացութեանը հանգել է գիտնականների միջազգային խումբը: Աշխատանքը հրապարակւել է Neurology ամսագրում:

Քրոնիկ անքնութիւնը սահմանւում է որպէս շաբաթական առնւազն երեք գիշեր քնի հետ կապւած խնդիրներ՝ երեք ամիս կամ աւելի երկար: Նման մարդիկ 40%-ով աւելի բարձր ռիսկ ունեն զարգացնելու թեթեւ ճանաչողական խանգարում կամ դեմենցիա, ինչը համարժէք է ուղեղի ծերացման մօտ 3.5 լրացուցիչ տարւայ:

«Անքնութիւնը ոչ միայն ազդում է յաջորդ օրւայ ձեր ինքնազգացողութեան վրայ, այլեւ կարող է ազդել ուղեղի առողջութեան վրայ երկարաժամկէտ հեռանկարում»,- ասել է ուսումնասիրութեան հեղինակ Դիեգո Կարւալիոն:

Ուսումնասիրութեանը մասնակցել է 2750 տարեց մարդ (միջինում 70 տարեկան), որոնք հսկւել են գրեթէ վեց տարի: Նրանց 16%-ի մօտ ախտորոշւել է քրոնիկ անքնութիւն: Այս ընթացքում անքնութիւն ունեցող մասնակիցների 14%-ի մօտ յայտնաբերւել է դեմենցիա կամ թեթեւ ճանաչողական խանգարում: Միեւնոյն ժամանակ, անքնութիւն չունեցողների շրջանում միայն 10%-ն է ունեցել նման ախտանիշներ:

ՄՌՏ-ն եւ այլ մեթոդները ցոյց են տւել, որ անքնութիւն ունեցող մարդիկ աւելի հակւած էին ուղեղի մանր արեան անոթների եւ Ալցհայմերի հիւանդութեան հետ կապւած ամիլոիդային վահանիկների վնասւածքի: Հետեւանքները յատկապէս արտայայտւած էին APOE ε4 գէնի կրողների մօտ, որը մեծացնում է Ալցհայմերի հիւանդութեան առաջացման ռիսկը։

Հետաքրքիր է, որ հետեւանքները կախւած էին նաեւ քնի վերջին որակից. նրանք, ովքեր վերջին շաբաթներին սովորականից քիչ էին քնում, աւելի վատ ճանաչողական ցուցանիշներ ունէին եւ ուղեղի վնասւածքի աւելի շատ նշաններ, մինչդեռ նրանք, ովքեր սովորականից շատ էին քնում, ընդհակառակը, աւելի քիչ անոթային խանգարումներ էին ցուցաբերում։

Գիտնականները ընդգծում են, որ անքնութիւնը կարող է լինել վաղ նախազգուշացման ազդանշան, եւ աւելի մեծ ուշադրութիւն պէտք է դարձնել քնի խանգարումների բուժմանը։

News.am

Related Articles

Back to top button