Այլ

Նախաճաշից հրաժարւելը բարձրացնում է չորս պաթոլոգիաների զարգացման ռիսկը

Նինսիա բժշկական համալսարանի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ նախաճաշից կանոնաւոր հրաժարումը կապւած է մետաբոլիկ համախտանիշի զարգացման բարձր ռիսկի հետ։ Այս խախտումների համալիրը ներառում է ճարպակալում, հիպերտոնիա, արեան մէջ շաքարի եւ խոլեստերինի բարձր մակարդակ։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nutrients ամսագրում։

Հետազօտութիւնը ներառել է տասնեակ հազարաւոր մարդկանց մասնակցութեամբ ինը ուսումնասիրութիւնների տւեալներ: Վերլուծութիւնը ցոյց է տւել, որ առաւօտեան կերակուրից հրաժարւելը կապւած է նիւթափոխանակութեան համախտանիշի զարգացման ռիսկի 10-26%-ով բարձրացման հետ: Ամենաուժեղ կապը յայտնաբերւել է որովայնի ճարպակալման (որովայնի եւ ներքին օրգանների ճարպային հիւսւածքի կուտակում) եւ արեան մէջ գլիւկոզի աւելցուկի հետ:

Աշխատութեան հեղինակները ենթադրում են, որ առաւօտեան ժամերին կանոնաւոր սնունդ ընդունելը կարող է կապւած լինել աւելի կայուն նիւթափոխանակութեան հետ։ Աւելի վաղ ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ նախաճաշելու սովորութիւնը օգնում է վերահսկել սննդային վարքագիծը օրւայ ընթացքում եւ նւազեցնել ձգտումը դէպի մեծ քանակութեամբ աղ, շաքար, ճարպեր եւ ածխաջրեր պարունակող մթերքներ։

Հետազօտողները ընդգծում են, որ ստացւած արդիւնքները հիմնւած են դիտողական տւեալների վրայ եւ չեն ապացուցում պատճառահետեւանքային կապը։ Այնուամենայնիւ, գիտնականները նշում են, որ նախաճաշից հրաժարւելը կարող է ազդեցութիւն ունենալ գլիւկոզայի, ինսուլինի եւ այլ մետաբոլիկ ցուցանիշների կարգաւորման վրայ, ինչը երկարաժամկէտ հեռանկարում կապւած է սրտանօթային եւ էնդոկրին հիւանդութիւնների ռիսկի գործօնների հետ։

News.am

 

Related Articles

Back to top button