Մարդու աղիքները դեղամիջոցների նոր տեսակների ստեղծման աղբիւր կարող են դառնալ
Գիտնականները յայտարարել են, որ մարդու աղիքների մանրէներով լցւած տարածութիւնը հնարաւոր ուղիներ է բացում նոր հակաբիոտիկների ստեղծման համար:
Աղիքների միկրոբիոմի (որոշակի միջավայրում բնակւող միկրոօրգանիզմների ամբողջութիւն) ուսումնասիրութիւններից մեկուսացւած մոլեկուլները անսպասելի արդիւնքներ են տւել, որոնք կարող են հանգեցնել դեղամիջոցների նոր տեսակների ստեղծմանը, յայտնել է հետազոտութեան առաջին հեղինակ, Փենսիլւանիայի համալսարանի կենսաճարտարագիտութեան ոլորտի գիտաշխատող Մարսելօ Տորեսը:
Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են երկուշաբթի Cell գիտաբժշկական հանդէսում:
Թիմը կենտրոնացել է աղիքների բակտերիաների կողմից արտադրւող պեպտիդների՝ ամինաթթուների սպիտակուցների վրայ, որոնք յաճախ օգտագործւում են հակաբիոտիկների ստեղծման համար:
Ընդհանուր առմամբ, գիտնականները գնահատել են աւելի քան 400 հազար պեպտիդների հակաբիոտիկական պոտենցիալ արժէքը:
Ժամանակի ընթացքում այս թիւը կրճատւել է՝ հասնելով մինչեւ 78 սպիտակուցի, որոնք, թւում է՝ պատրաստ էին լաբորատորիայում մանրէական մշակոյթների վրայ փորձարկմանը:
Պարզւել է, որ պեպտիդների շուրջ կէսն իրականում ի վիճակի է ճնշելու բակտերիաների աճը։
Յատկապէս մէկը՝ պրեւոտելլին-2-ը, ցոյց է տւել բակտերիալ վարակի դէմ պայքարելու ունակութիւն, որը համեմատելի է Միացեալ Նահանգների Սննդի եւ դեղերի վարչութեան (FDA) հաստատած՝ դեղորայքակայուն վարակների դէմ արդէն օգտագործւող հզօր հակաբիոտիկի հետ:
Գիտնականների կարծիքով, դա վկայում է նրա մասին, որ մարդու միկրոբիոմի մշակումը՝ հակամանրէային պեպտիդների հետաքրքիր նոր դասեր ստեղծելու առումով, հետազօտողների եւ բժիշկների եւ յատկապէս հիւանդների համար խոստումնալից ճանապարհ է:
NEWS.am Medicine