ԻրանՔաղաքական

Բահարեսթանի վճռորոշ օրը

Նախագահը յուսով է, որ խորհրդարանը կը վստահի բոլոր նախարարների թեկնածուներին

«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանն այսօր աւարտելու է 14-րդ կառավարութեան նախարարների թեկնածուների որակաւորումների քննութիւնն ու քւէարկելու է այդ մասին:

Երէկ՝ օգոստոսի 20-ին, Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել էր խորհրդարան: Այցի շրջանակում, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ, անդրադառնալով խորհրդարանի կողմից կառավարութեանը վստահութեան քւէի գործընթացին, նա յոյս է յայտնել, որ խորհրդարանը կը վստահի բոլոր նախարարների թեկնածուներին:

 «Յուսով եմ, որ խորհրդարանը կը վստահի բոլոր նախարարների թեկնածուներին: Մենք անթերի լինելու հաւակնութիւն չունենք: Ո՛չ, մենք եւս ունենք մեր թերութիւնները, բայց եթէ մենք միասին լինենք, կարող ենք յաղթահարել բազմաթիւ խոչընդոտներ: Սակայն, եթէ առաջնորդւենք տարաձայնութիւններով, ապա նոյնիսկ եթէ ուժեղ լինենք, խնդիրներ կունենանք»,- ասել է նա:

Երէկ, նոյն թեմային է անդրադարձել նաեւ Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը. «Խորհրդարանի եւ կառավարութեան միջեւ առկայ փոխըմբռնումը, որը Աստւած տայ նոյնպէս շարունակւի, նման է Սրբազան պաշտպանութեան ժամանակաշրջանին, այսինքն՝ դա նոյն ջիհադական մշակոյթն է՝ առանց ձեւականութիւնների»:

«Անկախներ»-ը աջակցելու են կառավարութեանը

«Անկախներ» խորհրդարանական ֆրակցիան յայտարարել է, որ մտադիր է առաւելագոյն աջակցութիւնը ցուցաբերել 14-րդ կառավարութեանը:

Ֆրակցիայի հիմնադիր անդամներից Մեհրդադ Լահութին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում նշել է, որ ֆրակցիան երէկ հանդիպել է նախարարների թեկնածուներից մի քանիսի հետ եւ կրկին քննարկել է նրանց առաջարկած ծրագրերը:

Նա նշել է, որ նիստի ընթացքում կառավարութեան կազմի մասին քւէարկութիւն տեղի չի ունեցել, բայց «Անկախներ» խորհրդարանական ֆրակցիան մտադիր է առաւելագոյն համագործակցութիւնը ցուցաբերել կառավարութեանը:

«Իսլամական յեղափոխութիւն» խորհրդարանական ֆրակցիան չի վստահում նախարարների թեկնածուներից չորսին

Միեւնոյն ժամանակ, «Իսլամական յեղափոխութիւն» խորհրդարանական ֆրակցիայի անդամ Մալեք Շարիաթին «Թասնիմ»-ի հետ զրոյցում, տեղեկացրել է, որ երէկ՝ երեկոյեան ֆրակցիան նիստ է գումարել, որի օրակարգում 14-րդ կառավարութեան կազմին վստահութեան քւէի հարցն է եղել:

Ըստ նրա՝ ֆրակցիայի անդամների աւելի քան 2/3-րդի մասնակցութեամբ տեղի է ունեցել քւէարկութիւն, որի ընթացքում մասնակիցները քւէրակել են կառավարութեան կազմի 79%-ի օգտին:

«Քւէ չեն ստացել միայն Աշխատանքի եւ սոցիալական ապահովութեան, Առաղջապահութեան, Արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի ու Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ արհեստների նախարների թեկնածուները»,- ասել է Շարիաթին:

Յիշեցնեք, որ խորհրդարանն այսօր քննելու է Էներգետիկայի եւ Սպորտի եւ երիտասարդութեան նախարարների թեկնածուների որակաւորումները, որից յետոյ տեղի է ունենանլու վճռորոշ քւէարկութիւնը:

Related Articles

Back to top button