ՀԱԿ. «Ադրբեջանական պետութեան կողմից ձեռնարկւած այս դատաստանը ծաղր է արդարադատութեան նկատմամբ»
«ԱԼԻՔ» – Արցախի Հանրապետութեան ղեկավարների նկատմամբ Ադրբեջանում սկսւած «դատավարութիւնների» վերաբերեալ Հայ Ազգային Կոնգրեսը յայտարարութիւն է տարածել:
Յայտարարութիւնում մասնաւորապէս նշւած է.
«1. Մենք մեր անվերապահ աջակցութիւնն ենք յայտնում Արցախի նախկին ղեկավարներ՝ նախագահներ Արկադի Ղուկասեանին, Բակօ Սահակեանին, Արայիկ Յարութիւնեանին, Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանին, պետնախարար Ռուբէն Վարդանեանին, պաշտպանութեան բանակի հրամանատար Լեւոն Մնացականեանին, տեղակալ Դաւիթ Մանուկեանին, արտգործնախարար Դաւիթ Բաբայեանին եւ ապօրինաբար գերեվարւած եւ Ադրբեջանում որպէս պատանդ պահւող մեր մiւս հայրենակիցներին, որոնք ընդամէնը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը իրագործելու համար Ադրբեջանի իշխանութիւնների կողմից ենթարկւում են դաժան հալածանքների եւ կտտանքների։
2. Ադրբեջանի կազմից դուրս սեփական ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրաւունքը իրագործելու օրինական գործընթացը սկսւել էր եւ հետեւողականօրէն շարունակւեց հէնց այն պատճառով, որ Ադրբեջանի Հանրապետութիւնը սիստեմատիկօրէն ոտնահարում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ նրա բնակչութեան կեանքի, ազատութեան, ժողովրդավարութեան իրաւունքները, ծաւալելով պետականօրէ կազմակերպւած զանգւածային բռնութիւններ, ինչպէս նաեւ անցկացնելով բիրտ ռազմական գործողութիւններ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաեւ Ադրբեջանի ամբողջ տարածքում ապրող հայ բնակչութեան դէմ (1988 փետրւարին Սումգայիթում, նոյեմբերին Կիրովաբադում, Խանլարում, Շամխորում, 1990-ի յունւարին Բաքւում, 1991-ին «Կոլցօ» օպերացիայի ժամանակ Լեռնային Ղարաբաղի թւով 24 բնակավայրերում, 1992-ին Շահումեանի եւ Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի եւ Մարտունու շրջաններում)։
3. Արցախի ղեկավարները ապօրինաբար, միջազգային նորմերի եւ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտաւորութիւնների կոպտագոյն ոտնահարումով, գերեվարւել են Ադրբեջանի կողմից 2023 թւականի սեպտեմբերին, ճիշտ այն ժամանակ, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ԵԱՀԿ հովանու ներքոյ բանակցութիւններում ձեռք բերւած բոլոր պայմանաւորւածութիւնները եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը, իրագործում էր հայ ժողովրդի նկատմամբ իր ամենամեծ ռազմական յանցագործութիւններից մէկը՝ հազարամեակների պատմութիւն ունեցող արցխահայութեան նկատմամբ էթնիկ զտումն ու ցեղասպանութիւնը։
4. Նման վարքագիծ ցուցաբերած, համակարգային հայատեացութիւնը պետական գաղափարախօսութիւն հռչակած, սեփական քաղաքացիներին անգամ հալածող եւ նրանց ժողովրդավարական իրաւունքները զանգւածաբար ոտնահարող, միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների գնահատմամբ աւելի քան 200 քաղբանտարկեալ ունեցող ադրբեջանական պետութեան կողմից ձեռնարկւած այս դատաստանը ծաղր է արդարադատութեան նկատմամբ, որը զուրկ է որեւէ լեգիտիմութիւնից։ Ադրբեջանում գործող իրաւապահ մարմինները եւ դատարաններն ընդամէնը իշխանութեան կողմից բռնաճնշումների իրականացման գործիքներ են, որոնք կեղծիքների, բռնութիւնների, կտտանքների, նենգասպառնալիքների եւ տարատեսակ այլ ապօրինութիւնների միջոցով պատրաստակամ են կորզելու իշխանութիւնների պատւիրած ցանկացած արդիւնք, հետեւաբար այդ դատավարութիւններում ներկայացւած որեւէ «փաստաթուղթ» կամ «ցուցմունք», ինչպէս նաեւ «դատական» մարմնի որեւէ եզրակացութիւն, ունենալու են զրոյական վստահելիութիւն եւ օրինականութիւն։
5. Դատապարտում ենք Հայաստանի հանրային դեբատում հնչող որեւէ մեղադրանք կամ քննադատութիւն, ուղղւած «դատավարական» այս ներկայացման պայմաններում Ադրբեջանի ձեռքում պատանդ դարձած եւ խոշտանգման ենթարկւող մեր հայրենակիցների վարքի դէմ։ Մեզ բացարձակ չպէտք է հետաքրքրի, թէ ինչ են իրենք ասում անմարդկային ճնշման ներքոյ, այլ միայն նրանց կեանքը, առողջութիւնը եւ ապահով վերադարձը հայրենիք։
6. Անընդունելի է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի լռութիւնը եւ անգործութիւնը Լեռնային Ղարաբաղի գերեվարւած ղեկավարների ճակատագրի հանդէպ։ Նրանք առաջինը պէտք է պահանջէին այն մարդկանց ազատութիւնը, որոնց նրանք ԵԱՀԿ-ի 1992 թւականի Հելսինկեան հանդիպումից ի վեր կայացած բոլոր բանակցութիւններում ճանաչել են որպէս լեգիտիմ գործընկերներ եւ երկխօսութիւն վարել նրանց հետ միջազգային հանրութիւնը ներկայացնող մարմինների անունից։
7. Առաւել անընդունելի է, սակայն, Հայաստանի իշխանութիւնների ակնյայտ եւ բացարձակ անտարբերութիւնը Արցախի գերեվարւած ղեկավարների ճակատագրի վերաբերեալ։ Հայաստանը պարտաւոր է հրապարակայնօրէն բարձրացնել իր ձայնը նրանց ի պաշտպանութիւն, նրանց ազատման հարցը դարձնել հայ-ադրբեջնական հաշտեցման եւ խաղաղութեան հաստատման օրակարգի պարտադիր պահանջներից մէկը։ Հայաստանի իշխանութիւնները այդ հարցով պէտք է դիմեն միջազգային հանրութեանը, Մինսկի խմբի երկրներին, ինչպէս նաեւ բարձրացնեն այս հարցը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եւրոպայի Խորհրդում եւ Եւրոպական խորհրդարանում, յատկապէս ի ցոյց դնելով Մարդու իրաւունքների Եւրոպական կոնւենցիայի 6-րդ յօդւածով երաշխաւորւած արդար դատաքննութեան անբեկանելի իրաւունքի բացայայտ ոտնահարումը Ադրբեջանի կողմից»: