2025. Ի՞նչ է լինելու Արցախ. Հայաստան. նոր աշխարհակարգ
«ԱԼԻՔ» – «2025. Ի՞նչ է լինելու. Արցախ. Հայաստան. նոր աշխարհակարգ» թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է «Հայեացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարէն Բեքարեանի հետ:
Նա հիմքեր չի տեսնում, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս տարւայ ընթացքում կը ստորագրեն «խաղաղութեան» պայմանագիրը, որի շուրջ բանակցում են 4 տարի: Աւելին, ըստ Կարէն Բեքարեանի՝ Երեւանի ու Բաքւի միջեւ եղած գործընթացը բանակցութիւններ անւանել չի կարելի:
«Ադրբեջանը թելադրել է պայմաններ, իսկ Հայաստանի իշխանութիւններն ընդունել են դրանք: Սրանք, ըստ էութեան, բանակցութիւններ չեն: Ալիեւը նկատել է, որ ինչ ուզում՝ ստանում է, ցանկութիւնները ոչ միայն չեն վերջացել, այլեւ հակառակը՝ աւելացել են, որովհետեւ ախորժակն ուտելուց է բացւում: Ցանկութիւնները դարձել են պայմաններ, այսինքն՝ Բաքուն ասում է, որ այս կամ այն բանը լինելու դէպքում միայն կը ստորագրւի պայմանագիրը: Ալիեւի մօտ զգացողութիւն կայ, որ ժամանակն աշխատում է իր օգտին ու նա այդ փաստաթուղթը չստորագրելով փորձում է ինչ հնարաւոր է պոկել: Բացի այդ, միայն բանակցութիւններով չեն հասնում խաղաղութեան պայմանագրի, այլեւ ընդհանուր ֆոնից պէտք է հասկանաս դիմացինդ ուզո՞ւմ է, որ խաղաղութիւն լինի, թէ՞ ոչ: Ադրբեջանից բարի կամքի դրսեւորումներ չկան: Այդ փաստաթղթի հետ կապւած Հայաստանի իշխանութեան մոլուցքն ու իրական խաղաղութիւնը իրարից շատ հեռու են»,- ասել է Կարէն Բեքարեանը:
Նրա կարծիքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան 2025-ին էլ փորձելու են Հայաստանից ստանալ Սիւնիքով անցնող ճանապարհը, որը նրանք «Զանգեզուրի միջանցք» են անւանում: Ընդորում, Բեքարեանը շեշտել է, որ այդ միջանցք կոչւածը ստանալու համար պարտադիր չէ, որ Բաքուն դիմի ուժի կիրառմանը: Այլ տարբերակ էլ կայ:
«Հայաստանից հնչել են յայտարարութիւններ, որ պատրաստ են պարզեցւած կարգով Ադրբեջանին Սիւնիքով տարանցիկ ճանապարհ տրամադրել: Իհարկէ, հարց է առաջանում. իսկ կարո՞ղ է սա նոյն բանն է, բայց այլ կերպ փաթեթաւորւած, չգիտենք, բայց մենք միաժամանակ տեսնում ենք պարտադրանք ու Հայաստանի իշխանութիւնների՝ դրա հետ կապւած վարիացիաները: Իսկ թէ իրականում ինչ է տեղի ունենում, հանրութեան համար տեսանելի չէ: Սուվերենութիւն բառը թողնում է, բայց Բաքւի ուզածն այլ կերպ ապահովո՞ւմ, անհասկանալի է»,- նշել է Կարէն Բեքարեանը:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը չունի արտաքին քաղաքականութիւն, իսկ այն, ինչ այսօր փորձ է արւում ներկայացնել որպէս արտաքին քաղաքականութեան դիւերսիֆիկացիա, իմիտացիա է:
«Որտեղից այդ պահին վախենում են, նրա քմահաճոյքն էլ կատարում են: Օրինակով բացատրեմ. մենք ՀԱՊԿ-ի ներսո՞ւմ ենք, թէ՞ ոչ: Կարելի՞ է ամբողջ տարւայ ընթացքում ասել, որ սառեցրել ենք անդամակցութիւնը կառոյցին, անդառնալիութեանը կէտն անցել ենք, այդ դէպքում ինչի՞ չես դուրս գալիս ՀԱՊԿ-ից: Միայն այս օրինակը հիմնաւորում է այն, որ այստեղ արտաքին քաղաքականութիւն չկայ: ՀԱՊԿ-ից դուրս չեն գալիս, որովհետեւ վախենում են ճնշումներից, անընդհատ սառեցւածութեան մասին յայտարարութիւններ են անում, որովհետեւ ճնշումներ կան էն միւս կողմից:
Ու անընդհատ գտնւում են այս իրավիճակում, դրա համար եմ ասում, որ արտաքին քաղաքականութիւն չկայ»,- յաւելել է Կարէն Բեքարեանը: