Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Հայաստանը պէտք է օգտագործի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եղած տարաձայնութիւնները

Երկրները պէտք է տարբեր գործիքներ ունենան իրենց զինանոցում՝ իրենց թշնամիներին հակազդելու կամ թուլացնելու համար: Ամենայայտնի միջոցը ուժի կիրառումն է։ Սակայն Հայաստանն չի կարող դա յաջողութեամբ անել իր թոյլ զինւած ուժերի պատճառով:

Մէկ այլ հնարաւոր գործիք է թշնամի պետութիւնների ապակայունացումը՝ ներքին խռովութիւններ ստեղծելով եւ նրանց ճնշւած փոքրամասնութիւններին հրահրելով:

Երրորդ գործիքը թշնամական ազգի եւ նրա դաշնակիցների միջեւ պառակտում առաջացնելն է՝ օգտագործելով «բաժանիր եւ տիրիր» յայտնի մեթոդը: Հայաստանը շրջապատւած է երկու թշնամական հարեւաններով՝ Ադրբեջան եւ Թուրքիա, որոնք իրենց անւանում են «մէկ ազգ, երկու պետութիւն»: Հետեւաբար, Հայաստանը պէտք է փորձի սեպ խրել նրանց միջեւ՝ խորացնելով նրանց տարաձայնութիւնները, երբ առաջանան նման հնարաւորութիւններ։

Վերջին 30 տարիների ընթացքում առնւազն երեք անգամ Հայաստանի երկու թշնամիները հակասութեան մէջ են եղել միմեանց հետ։

Առաջին հնարաւորութիւնը եղել է 1995 թւականի մարտին, երբ Ադրբեջանի զինւած ուժերը, Թուրքիայի որոշ խմբակցութիւնների աջակցութեամբ, փորձեցին պետական յեղաշրջում իրականացնել նախագահ Հէյդար Ալիեւի դէմ: Նրանք ցանկանում էին իշխանութեան վերադարձնել նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբէյին, որին Ալիեւը տապալել էր 1993 թւականին:

Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը, որի գլխաւոր օգնականները ներգրաււած էին յեղաշրջման մէջ, կանաչ լոյս վառեց նախագահ Ալիեւից ազատւելու համար։ Յեղաշրջումը խափանւեց, երբ Թուրքիայի նախագահ Սուլէյման Դեմիրելը տեղեկացաւ դաւադրութեան մասին եւ զգուշացրեց նախագահ Ալիեւին։ Ըստ Վիքիպեդիայի՝ յեղաշրջման փորձը «հրահրեց դիւանագիտական ճգնաժամ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ»։

Սա բաց թողնւած հնարաւորութիւն էր Հայաստանի կառավարութեան համար 1995 թւականին՝ օգտւելու յեղաշրջման փորձից եւ դրա հետեւանքով Ադրբեջանում ստեղծւած քաոսից՝ երկու թշնամիներին միմեանցից աւելի հեռացնելու համար՝ հրապարակայնացնելով եւ շեշտադրելով պառակտումը:

Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երկրորդ ճգնաժամը տեղի ունեցաւ 2009 թւականին՝ հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրման ժամանակ, որոնք նախատեսում էին երկու երկրների միջեւ յարաբերութիւնների կարգաւորում, այդ թւում՝ պաշտօնական դիւանագիտական ​​յարաբերութիւնների հաստատում, հայ-թուրքական սահմանի բացում եւ Հայոց Ցեղասպանութեան հարցն ուսումնասիրող համատեղ պատմական յանձնաժողովի ձեւաւորում։ Այս Արձանագրութիւնները միջնորդել էին Միացեալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան:

Ադրբեջանը դէմ էր Արձանագրութիւններին` մտավախութիւն ունենալով, որ եթէ Թուրքիան կարգաւորի յարաբերութիւնները Հայաստանի հետ, դա կը թուլացնի Ադրբեջանի ճնշումը Հայաստանի վրայ Արցախեան հակամարտութեան հարցում:

Թուրքիան յայտնւել էր մի քանի հակասական շահերի միջեւ․

1) Թուրքիան ցանկանում էր իր սեփական շահը հետապնդել, որը Հայաստանի հետ նրա հակամարտող յարաբերութիւնների մեղմացումն էր՝ վերացնելու Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման վերաբերեալ հայկական վաղեմի պահանջները.

2) Միացեալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից ճնշում էր գործադրւում Թուրքիայի վրայ այդ Արձանագրութիւնները վաւերացնելու համար.

3) Ադրբեջանը՝ Թուրքիայի կրտսեր գործընկերը, սկզբում դիւանագիտական ճնշում գործադրեց Թուրքիայի վրայ, իսկ հետագայում սպառնաց դադարեցնել գազի արտահանումը կամ բարձրացնել դրա գինը։ Երբ դա ցանկալի արդիւնք չտւեց, Ադրբեջանը փակեց Բաքւում թուրքական ֆինանսաւորմամբ գործող մի քանի մզկիթներ եւ հանեց թուրքական դրօշները: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարեց, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բարելաւումը «ուղղակիօրէն հակասում է Ադրբեջանի ազգային շահերին եւ ստւերում է պատմական խորը արմատների վրայ կառուցւած Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եղբայրական յարաբերութիւնների ոգին»:

Եւս մէկ անգամ, Հայաստանը այս հակամարտութեան մէջ ընդամէնը հանդիսատես էր: Ի վերջոյ, Թուրքիան յանձնւեց ադրբեջանական ճնշումներին եւ հրաժարւեց վաւերացնել Արձանագրութիւնները:

Անկարայի եւ Բաքւի միջեւ երրորդ վէճը տեղի է ունենում այս պահին, երբ նախագահ Էրդողանը խայտառակեց Ադրբեջանին՝ յուլիսի 28-ին յայտարարելով. «Ինչպէս մտանք Ղարաբաղ, ինչպէս մտանք Լիբիա, նոյնը պէտք է անենք Իսրայէլի հետ։ Մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել։ Մենք պարզապէս պէտք է ուժեղ լինենք այս քայլը կատարելու համար»:

Ադրբեջանի պաշտօնեաները վճռականօրէն դէմ արտայայտւեցին Էրդողանի յայտարարութեանը, քանի որ այն բացայայտում էր ադրբեջանական առասպելն այն մասին, որ նրանք յաղթել են Արցախեան պատերազմում առանց որեւէ արտաքին օգնութեան: Փաստն այն է, որ 2020 թւականի պատերազմում Ադրբեջանին աջակցել են թուրք զինւորականները եւ հրամանատարները, ինչպէս նաեւ հազարաւոր ջիհադիստ վարձկանները, որոնց Թուրքիան Սիրիայից բերել էր Ադրբեջան՝ հայերի դէմ կռւելու համար։

Չնայած ադրբեջանական հերքումներին, Էրդողանը շարունակեց կրկնել իր յայտարարութիւնը՝ Արցախեան հակամարտութեան մէջ թուրքական բանակի ներգրաււածութեան մասին: Օգոստոսի 1-ին նա ասաց. «Ադրբեջանի Ղարաբաղում, մենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ ամբողջութեամբ ոչնչացրեցինք թշնամու ուժերը»։

Ադրբեջանի պաշտօնական թերթն արձագանգեց խմբագրականում. «Մեր ժողովուրդը, բանակը եւ հրամանատարը հիասթափութեամբ եւ խորը ցաւով են նայում մեր օրինական յաղթանակին հաւակնելու եւ տէր կանգնելու փորձերին։ Ադրբեջանի յաղթանակը ողջ թուրքական աշխարհինն է, բայց Թուրքիան դրա ճարտարապետը չէ։ Ղարաբաղեան յաղթանակի ճարտարապետներն են Գերագոյն գլխաւոր հրամանատար Ալիեւը եւ ադրբեջանական բանակը»։ Ադրբեջանական պաշտօնական թերթը Էրդողանի խօսքերը որակեց որպէս «ծանր բարոյական հարւած»։

Բաքուն Թուրքիայի հետ իր անհամաձայնութեանը հետամուտ եղաւ դիւանագիտական ​​ուղիներով։ Յուլիսի 29-ին Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հանդիպեց Թուրքիայի փոխարտգործնախարար Մեհմեդ Քեմալ Բոզայի հետ՝ բողոքելով Էրդողանի յայտարարութիւնից։ Այնուհետեւ, Մամեդովը յաջորդ օրն այցելեց  Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջիին, որպէսզի երկրորդ անգամ բողոքի Էրդողանի յայտարարութեան կապակցութեամբ։

Բարեբախտաբար, Հայաստանի վարչապետն արձագանգեց Ադրբեջան-Թուրքիա այս վերջին վէճին՝ պատասխանելով լրագրողների հարցին օգոստոսի 31-ի իր ասուլիսում. «44-օրեայ պատերազմի ընթացքում [2020 թ․] բազմաթիւ տեղերում մեր զինւորականները, մեր հետախուզութիւնը տեսել էին թուրքական դրօշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի յատուկ ջոկատայիններ, Թուրքիայի բարձրաստիճան սպաներ։ Եւ եկէք չմոռանանք, որ 44-օրեայ պատերազմին նախորդեցին լայնածաւալ զօրավարժութիւններ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ։ Եւ պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները եղել են օդում, բառիս բուն իմաստով, եւ Թուրքիային պատկանող անօդաչու թռչող սարքերը եղել են օդում եւ սպասարկւել են թուրքական անձնակազմի կողմից»։  

Ժամանակակից պատերազմները միայն զէնքով չեն վարւում։ Ազգերը նաեւ հոգեբանական պատերազմ են վարում, տարածում են ապատեղեկատւութիւն, ներքին խռովութիւններ հրահրում թշնամական երկրներում ու ձեռնարկում բաժանիր եւ տիրիր մարտավարութիւն: Հայաստանը պէտք է օգտագործի այս բոլոր գործիքները՝ իր թշնամիներին թուլացնելու եւ իր ազգային շահերը պաշտպանելու համար:

Եթէ Հայաստանն այդպիսի մասնագիտացւած գործողութիւնների փորձ չունի, կան խորհրդատւական ընկերութիւններ, որոնց Հայաստանը կարող է վարձել՝ զէնքի վրայ ծախսւող միլիոնների մի փոքր մասի դիմաց՝ թշնամուն ներսից տկարացնելու համար:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ 

Related Articles

Back to top button