Ազատութի՛ւն Դաւիթ Իշխանեանին եւ Բաքւի բանտերում գտնւող մեր բոլոր հայրենակիցներին
Լաւ ու հպարտ ժամանակներ էր, գնում էինք Արցախ, մեր ընկերներին հանդիպում, տարբեր հարցեր քննարկում, համատեղ նախաձեռնութիւններ պլանաւորում:
Հիմա ո՛չ Արցախ գնալու ճանապարհ կայ, ո՛չ էլ մեր որոշ ընկերներին հանդիպելու հնարաւորութիւն կայ:
ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեանին 6-7 տարի է ճանաչում եմ: Արցախի ու, առհասարակ, հայկական իրականութեան ամենապարկեշտ ու ազնիւ գործիչներից է, ով անսահման սիրում է Արցախը:
Իշխանեանի հետ շատ էինք շփւում ե՛ւ Արցախում աշխատածս տարիներին, ե՛ւ դրանից յետոյ:
Նրա հետ երկար կարելի էր զրուցել բոլոր թեմաներով` մարդկային յարաբերութիւններից մինչեւ քաղաքական ամենասուր իրավիճակներ` միշտ հաւասարակշռւած էր, օբիեկտիւ եւ իրադրութիւնը միշտ բազմաթիւ դիտանկիւններից էր վերլուծում:
Առհասարակ Արցախում եւ Հայաստանում չեմ հանդիպել մարդու, ով անկախ քաղաքական կողմնորոշումներից կամ դիրքորոշումներից դրական չէր արտայայտւում Դաւիթ Իշխանեանի մասին:
Իշխանեանի հետ լիքը կիսատ զրոյցներ ու անելիքներ ունենք եւ իր վերադարձից յետոյ անշուշտ դրանց մասին խօսելու ու պլանաւորելու ժամանակ կը գտնենք:
Ազատութի՛ւն Դաւիթ Իշխանեանին եւ Բաքւի բանտերում գտնւող մեր բոլոր հայրենակիցներին` անկախ նրանից, թէ ով եւ ինչ հանգամանքներում է յայտնւել բանտում:
ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար