Հայաստան - Արցախ

Փաստաբան. «GG-ի գրասենեակի խուզարկութեամբ նաեւ ցանկանում են կոչ անել միւս գործարարներին՝ խուսափել քաղաքական կարծիքի արտայայտումից»

«ԱԼԻՔ» – ՀՀ գործող իշխանութիւնների սանձազերծած բռնաճնշումների շրջանակում, երէկ՝ յունիսի 15-ին խուզարկութիւններ է իրականացւել նաեւ GG համացանցային տաքսիծառայութեան գրասենեակում, 2023 թւականին նախաձեռնւած քրէական վարոյթի շրջանակներում:

Լրագրողների հետ զրոյցում մեկնաբանելով GG-ի գրասենեակում խուզարկութիւնը՝ փաստաբան Սերգէյ Յարութիւնեանը տեղեկացրեց, որ  գրասենեակից առգրաւել են գրեթէ բոլոր համակարգիչները եւ դրանց բացակայութեան պատճառով կազմակերպութիւնը չի կարող շարունակել աշխատանքը:

«Խուզարկութիւնը իրականացւում էր քրէական վարոյթի շրջանակում, որն իրենց ասելով, նախաձեռնւել էր դեռեւս նախորդ տարի: Սակայն ես սա համարում եմ քաղաքական հետապնդում՝ պայմանաւորւած այն հանգամանքով, որ կազմակերպութեան հիմնադիրը երէկ (յունիսի 14-ին) գրառում էր կատարել եւ յայտնել իր քաղաքական դիրքորոշումը: Դրանից յետոյ արշաւ սկսւեց նրա դէմ, սկսեցին կոչ անել քաղաքացիներին չօգտւել GG-ի ծառայութիւններից:

Կարծում եմ՝ սրանով նաեւ ցանկանում են կոչ անել միւս գործարարներին՝ խուսափել քաղաքական կարծիքի արտայայտումից: Սա չի կարող պատահականութիւն լինել՝ յատկապէս, որ խուզարկութիւնն իրականացւում է շաբաթ օրը»,- ասել է փաստաբան Սերգէյ Յարութիւնեանը:

Related Articles

Back to top button