Արթուր Խաչատրեան. «Ադրբեջանի կազմակերպած արտահոսքը նոր զիջումների ողջամիտ կասկած է առաջացնում»
«ԱԼԻՔ» – «Ադրբեջանի կողմից կազմակերպւած արտահոսքն Ադրբեջանի իշխանութիւնների կողմից կազմակերպւած արտահոսքն է՝ ցոյց տալու համար, թէ Ադրբեջանի դիրքորոշումն ինչ է»: Այս մասին «Ազատութեան» հետ զրոյցում ասել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
Բաքւից նախօրէին խաղաղութեան պայմանագրի չհամաձայնեցւած կէտերն են գաղտնազերծել, Երեւանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է դրանց իսկութիւնը։ Դրանցից երկուսը, ըստ Ալիեւի կառավարութիւնից ֆինանսաւորւող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը եւ Հայաստանի հետ իրաւական վէճերի բացառմանը։
«Պահանջը, իհարկէ, կայ, որովհետեւ Ադրբեջանը չի ուզենայ, որ սահմանին լինի ինչ-որ մէկը անկախ նրանից, լինի դա Եւրամիութեան դիտորդ, թէ՛ ՀԱՊԿ դիտորդ, թէ՛ աֆրիկեան համագործակցութեան դիտորդ, որպէսզի ինքը կարողանայ անի, ինչ որ ուզում է, եւ Ադրբեջանը այդ տրամաբանութեան մէջ հետեւողական է»,- նշել է Արթուր Խաչատրեանը։
Ըստ նրա՝ Բաքուն որեւէ միջնորդ ընդհանրապէս չի ուզում. «Որովհետեւ եթէ դու ուժեղ ես, դիմացինդ թոյլ է, տետատետ յարաբերութիւններում դու կարող ես ցանկացած պահանջ ներկայացնել, եթէ ինչ-որ չափով միջնորդաւորւած է, միջնորդը միշտ փորձում է բանակցութիւնները բանակցութիւններ դարձնել, բալանսի բերել եւ դրանից բացի, ձեռք բերւած համաձայնութեան երաշխաւորն է դառնում»։