Հայաստան - Արցախ

Նարէ Սիմոնեան. «Արցախցիներին ապօրինաբար զրկում են ՀՀ քաղաքացիութիւնից»

Իրականում պէտք է ասել ոչ թէ փախստականի կարգավիճակից առաջացող իրաւունքի ոտնահարումներ, այլ պէտք է նշել, որ այդ ոտնահարումները առաջանում են Հայաստանի Հանրապետութեան 100 հազարաւոր քաղաքացիներին հակասահմանադրական ձեւով քաղաքացիութիւնից զրկելու հետեւանքով։ Այս մասին «Մարդու իրաւունքների ոտնահարումը՝ Բաքւից Երեւան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» խորագրով համաժողովի ընթացքում արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու հարցի քննարկման ժամանակ նշեց արցախցի Նարէ Սիմոնեանը։

«Անձնագրային քաոսը ստեղծւել է միայն ներքաղաքական շարժառիթներով եւ Հայաստանի Հանրապետութեան այն քաղաքացիներին, որոնք ամենաշատն են տուժել Նիկոլ Փաշինեանի քաղաքականութեան արդիւնքում, փորձ է արւում դուրս թողնել քաղաքական պրոցեսներից: Արցախում բնակւող բոլոր հայերը միշտ եղել են ՀՀ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետութիւնում աշխատել են տարբեր պետական հիմնարկներում, որտեղ քաղաքացիութիւն ունենալը պարտադիր պայման էր` ուժային կառոյցներ, դիւանագիտական կորպուս, միջազգային բանկերում բանկային հաշիւներ եւ այլն: Այդ աշխատակիցներին հարկելու հարկային համակարգն էլ է նոյնը եղել, ինչ ՀՀ քաղաքացիների դէպքում: Միակ տարբերութիւնը, որ յաճախ առանձնացնում են, դա այն է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնց գրանցումը եղել է Արցախի Հանրապետութիւնում, մասնակցել են ընտրութիւնների՝ Արցախի Հանրապետութիւնում, իսկ այն քաղաքացիները, որոնց գրանցումը եղել է ՀՀ տարածքում, մասնակցել են ընտրութիւններին ՀՀ տարածքում: Սակայն դա եւս միանշանակ չէ»:

Սիմոնեանը փաստեց, որ 2021թ. խորհրդարանական ընտրութիւններին Արցախի Հանրապետութեան գրանցում ունեցող 100-աւոր քաղաքացիներ մասնակցել են ընտրութիւնների՝ որպէս ՀՀ քաղաքացիներ: Նրա խօսքով. «2023 թ. ողբերգական դէպքերից յետոյ են ՀՀ իշխանութիւնները որոշել տարբերակում մտցնել եւ առանց այդ մասին ուղիղ յայտարարելու՝ տարբեր որոշումներում շեշտել, որ ՀՀ անձնագիր ունեցող Արցախի քաղաքացիները ՀՀ քաղաքացի չեն, դա ճամբորդական փաստաթուղթ է: Մինչդեռ դա ՀՀ անձնագիր է: Ի դէպ, Հայաստանի Հանրապետութիւնը նաեւ ունի ճամբորդական փաստաթուղթ, բայց այն որեւէ կապ չունի ՀՀ անձնագրի հետ: Եւ հիմա այս որոշումներով, ընթացակարգով հակասահմանադրական եղանակով ամէն ինչ արւում է, որպէսզի արցախցիները ապօրինի ձեւով զրկւեն ՀՀ քաղաքացիութիւնից»:

Yerkir.am

Related Articles

Back to top button