Հայաստան - Արցախ

Վերականգնելով Ալէն Սիմոնեանի «ամնեզիան»

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ անդրադարձել է Արցախում 2023 թւականին տեղի ունեցած իրադարձութիւններին եւ յայտնել, որ Արցախի իշխանութիւններն Արցախի լուծարման մասին փաստաթղթի ստորագրումից յետոյ են ՀՀ իշխանութիւններին տեղեկացրել:

«Տեղեակ են պահել արդէն ընդունւած որոշման, փաստաթղթի մասին: Այսինքն, եղել է ոչ թէ քննարկում, չեն զանգել ասել՝ ինչն է ձեր դիրքորոշումը, ոնց էք դուք վերաբերւում սրան: Ասել են՝ սէնց բան ենք որոշել: Մեր կողմից եղել է մի պահանջ, խնդրանք, որը կարողացել ենք առաջ տանել՝ տեքստի մէջ եղել է ՀՀ-ի հետ կապւած յիշատակում, որը վերաբերել է մի բանի, որն իրողութեան հետ կապ չի ունեցել»,- նշել է նա՝ չգաղտնազերծելով՝ կոնկրետ խօսքն ինչի մասին է, եւ յայտարարելով, որ ՀՀ-ում գոյութիւն չունի Արցախի նախագահ, պատգամաւորներ:

«Իրենք իրենց որոշումով իրենց լիազօրութիւնները դադարեցրել են»,- ընդգծել է Սիմոնեանը:

Դիտարկմանը, եթէ պահանջը չկատարէին՝ ի՞նչ էր լինելու Արցախի բնակիչների հետ, եւ ի՞նչ այլընտրանք էին իրենք առաջարկելու, Սիմոնեանն արձագանգել է.

«ՀՀ-ն իր այլընտրանքն առաջարկել է, ՀՀ-ն իր երեխաներին զոհել է այնտեղ, մեր երեխաները գնացել զոհւել են այնտեղ, ՀՀ-ն իր ժողովրդի բիւջէից կտրել եւ ամէն ինչով ապահովել է ԼՂ գոյութիւնը, աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ։ Բա ինչի՞ համար էինք մենք զոհւում, կռւում, դուք չէք հասկանո՞ւմ, որ նպատակը եղել է ՀՀ-ի վրայ յարձակումը եւ ՀՀ-ն ոչնչացնելը, բռնակցելը միութենական որեւէ կառոյցի։ Հասկանո՞ւմ էք էդքան բանը։ Սեպտեմբերեան վերջին արցախեան իրադարձութիւնների ժամանակ նպատակը եղել է ՀՀ տարածքներ գրաւելը, ՀՀ-ն՝ որպէս պետութիւն, ոչնչացնելը եւ բռնակցելը միութենական որեւէ կառոյցի: Այսինքն, ՀՀ-ն պէտք է մտնէր այդ խաղի մէջ, որպէսզի ՀՀ-ն այլեւս գոյութիւն չունենա՞ր։ Կայացւել է ծանր որոշում, երբ յարձակում եղաւ Արցախի վրայ, բայց այդ որոշման գինը ՀՀ-ն էր։ Կա՞յ էստեղ մէկը, որ կարծում է, որ ՀՀ ինքնիշխանութիւնը պէտք է դրւէր սակարկման որեւէ պարագայում, ես այդպէս չեմ համարում»։

ԱԺ նախագահի այս յայտարարութիւնից յետոյ մի քանի հարց է ծագում:

Առաջին, Ալէն Սիմոնեանը կարո՞ղ է նոյնքան վստահ ասել, որ ԶՈՒ կիրառման պլանով ՊԲ-ին չպիտի աջակցէին վերջին գործողութիւնների ժամանակ: Միգուցէ այս մասին ճշտումներ անի ՊԲ վերջին հրամանատար Կամօ Վարդանեանից եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդւարդ Ասրեանից:

Երկրորդ, 2020 թւականի պատերազմն Արցախում էր, ինչո՞ւ Հայաստանը շտապեց ռազմական դրութիւն յայտարարել, այնուհետեւ ստորագրել Արցախում տեղի ունեցած պատերազմի հրադադարի յայտարարութեան տակ եւ չառաջարկելով, որ դա անեն Արցախի իշխանութիւնները, կամ առնւազն նրանց ստորագրութիւնը եւս լինի:

Երրորդ, արդեօ՞ք այն ժամանակ չկար գիտակցում, որ չի կարելի մտնել 44-օրեայ պատերազմի խաղի տակ եւ Արցախի պատերազմի հրադադարի եռակողմ յայտարարութեան մէջ չմտցւէր ՀՀ-ին առնչւող կէտեր, որոնց հասնելու համար Ադրբեջանը ռազմական գործողութիւններ սկսեց Հայաստանի դէմ 2021-2022 թւականներին՝ օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքները: Իսկ գուցէ Ալէն Սիմոնեանը Նիկոլ Փաշինեանի օրինակով ՀՀ օկուպացւած տարածքների պատկանելութեան հետ կապւած կասկածնե՞ր ունի:

Չորրորդ, 2020 թւականի 44-օրեայ պատերազմից օրեր առաջ՝ 2020 թւականի սեպտեմբերի 23-ին, յայտարարելը՝ «Աղդամը իմ հայրենիքն է», ինչի՞ն էր այլընտրանք, այդ ժամանակ չկա՞ր Արցախի եւ ՀՀ գոյութիւնը վտանգելու զգացողութիւն, երբ արդէն յուլիսեան մարտերն էին տեղի ունեցել, դրանից անմիջապէս յետոյ թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնները յուշում էին, որ պատերազմ է լինելու, իսկ սեպտեմբերի 25-ին արդէն Նիկոլ Փաշինեանը յստակ տեղեկութիւն էր ստացել:

Աւելին, 2020 թւականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, ղեկավարւելով «Պաշտպանութեան մասին» ՀՀ օրէնքի 17-րդ յօդւածի 2-րդ մասի 2-րդ կէտով, մարտական հերթապահութիւն իրականացնող զօրամասերում զգօնութիւնը բարձրացնելու, ակտիւացած հակառակորդի սադրիչ գործողութիւններին դիմագրաւելու եւ ՀՀ առաջապահ ստորաբաժանումների անձնակազմի անվտանգ ծառայութիւնն ապահովելու նպատակով արձակել է թիւ 041 կարգադրութիւնը, որով հրամայել է պաշտպանութեան բանակի հրամանատարին բարձրացնել անձնակազմի զգօնութիւնը, ուժեղացնել հետախուզութիւնը եւ դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հաւանական սադրանքները դիմագրաւելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայութիւն իրականացնող անձնակազմի անվտանգութեան ապահովման ուղղութեամբ:

Վերոնշեալ թիւ 041 կարգադրութեան հիման վրայ պաշտպանութեան բանակի հրամանատարը 2020 թւականի սեպտեմբերի 24-ին արձակել է թիւ 0661 հրամանը, որով, ի յաւելումն նշւած յանձնարարութիւնների, հրամայել է պատրաստ լինել մարտական հերթապահութիւնում գտնւող բոլոր տեսակի կրակային միջոցներով հակազդել (խոցել) հակառակորդի բոլոր տեսակի թռչող սարքերը, այդ թւում՝ հարւածային ԱԹՍ-ները, հակառակորդի կազմում դրութիւնում եւ գործողութիւնների բնոյթում փոփոխութիւններ արձանագրելու դէպքում անմիջապէս զեկուցել ըստ վերադասութեան, պաշտպանական շրջանների, այդ թւում՝ 6-րդ ՊՇ-ի, մշտական տեղակայման վայրերում ունենալ 30 րոպէանոց պատրաստականութեան վիճակում մարտական գործողութիւնների վարմանը պատրաստ մէկ վաշտ:

2020 թւականի սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ՀՀ ԶՈւ զօրքերի զգօնութիւնը բարձրացնելու, հակառակորդի հաւանական սադրանքները ժամանակին բացայայտելու, դրանց դիմագրաւելու, անձնակազմի անվտանգ ծառայութիւնն ապահովելու նպատակով արձակել է թիւ 046 կարգադրութիւնը, որով պաշտպանութեան բանակի հրամանատարին յանձնարարել է սեպտեմբերի 25-ից բարձրացնել անձնակազմի զգօնութիւնը, մարտական հերթապահութիւն իրականացնող ստորաբաժանումներում ուժեղացնել հետախուզութեան բոլոր ձեւերը, դիտարկումը, պատրաստ լինել հակառակորդի հաւանական սադրանքները դիմագրաւելուն, միջոցներ ձեռնարկել մարտական ծառայութիւն իրականացնող անձնակազմի անվտանգութեան ապահովման ուղղութեամբ, մինչեւ սեպտեմբերի 26-ը՝ ժամը 06:00-ն, առաջին շարակազմի զօրամիաւորումների, միաւորումների, կառավարման կէտերը ծաւալել հրամանատարների կողմից նախորոշւած շրջաններում եւ անցնել «Մարտական» աշխատանքային ռեժիմի եւ այլն:

Յաւելենք, որ 2023 թւականին Քննիչ յանձնաժողովում էլ Անդրանիկ Քոչարեանը յայտարարել էր. «ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիւի համաձայն՝ մաս-մաս բերւում էր առաջին աստիճանի պատրաստականութեան, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացւած F-16-ի օդաչուների խօսակցութիւնն առ այն, որ վաղն ինչ-որ կարեւոր բանի պիտի մասնակցեն»:

Հարցերի եւ փաստերի այս շարքը կարելի է շարունակել:

Ի դէպ, 44-օրեայի ժամանակ Ալէն Սիմոնեանը Արցախը եւ Կոզովօն նոյն հարթութեան վրայ էր դնում, թէպէտ Նիկոլ Փաշինեանի համար արդէն պարզ էր՝ «Արցախի կարգավիճակի հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար»:

Թէպէտ մասնագետների դիտարկմամբ, նոյն հարթութեան վրայ դնելն այնքան էլ ճիշտ չէր: Միւս կողմից, սահմանադրագէտ, միջազգային իրաւունքի մասնագէտ Վարդան Պօղոսեանի դիտարկմամբ, Կոզովոյի դէպքը, դրա վերաբերեալ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը յստակ արձանագրել է, որ անկախութեան հռչակումն ինքնին չի հակասում միջազգային իրաւունքին: Եւ մի շատ կարեւոր բան. միջազգային իրաւունքի համաձայն՝ անկախ այդ պետութեան ճանաչումից, ՄԱԿ-ի անդամ լինել-չլինելու հանգամանքից, «Արցախի Հանրապետութիւնը գտնւում է միջազգային իրաւունքի պաշտպանութեան ներքոյ այն առումով, որ նրա նկատմամբ իրաւունք չկայ կիրառել ուժ, ինչը տեղի ունեցաւ Արցախում»:

Ալէն Սիմոնեանն ի՞նչ է կարծում՝ Ադրբեջանն իրաւունք ունէ՞ր յարձակւելու Արցախի վրայ, ունէ՞ր Ադրբեջանն այլընտրանք, օրինակ, յարգել միջազգային իրաւունքը, ունէ՞ր Հայաստանն այլընտրանք՝ ստիպել, որ Ադրբեջանը յարգի միջազգային իրաւունքը…

168.am

Related Articles

Back to top button