Հեռացրել են Կիրանց գիւղի մուտքի մոտ տեղադրւած հանրայայտ արծւի արձանը
«ԱԼԻՔ» – Կիրանցի գիւղապետ Կամո Շահինեանը News.am-ին յայտնել է, որ հեռացրել են գիւղի մուտքի մօտ տեղադրւած հանրայայտ արծւի արձանը:
«Մաքրւում ենք արդէն, էլ անելու բան չկայ, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար: Դեռ բնակիչները չեն լքում գիւղը, բայց պէտք է հասկանանք` ինչ ենք անում, դեռ ոչ մի բան չենք հասկանում: Այլընտրանքային ճանապարհ են սարքում, ադրբեջանցիները դեռ չեն իջել լիարժէք այդ երեք կէտի մօտ, դեռ հին ճանապարհը աշխատում է, երեւի մինչեւ յուլիսի 24-ը այլընտրանքային ճանապարհը սարքեն, նոր կիջնեն»,- ասել է նա:
Յիշեցնենք, որ օրեր առաջ Փաշինեանն այցելել էր Կիրանց, ցանկացել հանդիպել գիւղացիների հետ, սակայն կիրանցեցիները շատ վատ էին ընդունել նրան, դրսում մեղադրանքներ էին հնչեցրել, հրաժարւել հանդիպել դպրոցի շէնքում: Կիրանցի բնակիչներից շատերը նաեւ հրաժարւել են կառավարութեան փոխհատուցումից` իրենց տների, շինութիւնների կամ հողատարածքների համար: