Գառնիկ Դանիէլեան. «Պետական համակարգը, գրեթէ ամբողջովին մեզ հետ է, բայց մարդկանց ասել են՝ եթէ անգամ ձեր հարազատները մասնակցեն կազատւէք աշխատանքից»
«ԱԼԻՔ» – Հայաստանում դատաիրաւական, Քննչական համակարգը, դատախազութիւնը ամբողջովին գտնւում են Փաշինեանի հրահանգների ներքոյ, իմաստ չունի որեւէ բան ակնկալել։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ Բագրատ Սրբազանի առաջնորդութեամբ դէպի Գիւմրի աւտոերթից առաջ յայտնել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը՝ անդրադառնալով մայիսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած ձերբակալութիւններին:
«Վաղուց պլանաւորւած գործողութիւններ են, հրմշտոցով, խոշտանգելով մարդկանց, առանց ապացոյցի, կալանաւորում են։ Մի մարդու հրամանը հլու-հնազանդ կատարում են։ Գետնի վրայ ընկած Սրբազան հօրը ոտքերով հարւածել են, սարկաւագներին՝ դաժան ծեծել»,- նշել է նա:
Գառնիկ Դանիէլեանի խօսքով՝ մարդիկ պարզապէս դրօշով կանգնած են լինում ու նրանց բերման են ենթարկում:
«Մարդը գալիս է, մասնակցում է ակցիային, նրան աշխատանքից ազատում են: Բժիշկները Սրբազանին ողջունում են, նրանց աշխատանքից ազատում են: Ամէն քայլափոխի ապօրինութիւններ են: Պետական համակարգը գրեթէ ամբողջութեամբ մեզ հետ է՝ նախարարութիւնները ներառեալ, բայց այդ մարդկանց հաւաքել եւ ասել են՝ եթէ անգամ ձեր հարազատները մասնակցեն, դուք կազատւէք աշխատանքից»,- շեշտել է նա: