Հայ Դատ

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների Համահայկական խորհրդաժողովի ամփոփում

Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրոյի հրաւէրով, մայիսի 25-28-ը Հայաստանում գումարւեց ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների Համահայկական խորհրդաժողով՝ շուրջ քսան երկրներից ժամանած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների պատասխանատուների մասնակցութեամբ։

Խորհրդաժողովը լսեց ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի աշխատանքների ամփոփումները նախորդ՝ 2021 թ. դեկտեմբերի խորհրդաժողովից առ այսօր, քննարկեց Արցախի հայաթափումից ու դրանով պայմանաւորւած զարգացումների վերաբերեալ տարբեր զեկոյցներ, կատարեց գործունէութեան հիմնական ուղղութիւնների եւ քաղաքական առաջնահերթութիւնների մարտավարական բնոյթի փոփոխութիւններ՝ առաջիկայ գործունէութեան համար։

Խորհրդաժողովն արժեւորեց պատերազմական եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների համար մի շարք երկրներում ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի կողմից սկսւած՝ պատժամիջոցների կիրառմանն ուղղւած աշխատանքները եւ ընդունեց որոշում՝ այն շարունակելու նոր թափով ու աշխարհագրական առաւել լայն ընդգրկմամբ։

Խորհրդաժողովը քննարկեց այն հիմնական ուղղութիւններն ու հնարաւոր քայլերը, որոնք, հաւանաբար, ձեռք կառնի Ադրբեջանն՝ իր միջազգային հեղինակութեան բարձրացման եւ պատերազմական յանցագործի պիտակից խուսափելու համար։ Անդրադառնալով այս հարցին՝ խորհրդաժողովն ընդունեց համապատասխան որոշումներ։ Առհասարակ, շարունակւելու են ադրբեջանական յանցագործութիւնների միջազգային հանրահռչակումն ու դրանց վերաբերեալ քաղաքական, հասարակական ու իրաւապաշտպան շրջանակների իրազեկւածութեան բարձրացման աշխատանքները։

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերն ամենօրեայ ռեժիմով հետապնդելու են Բաքւում պահւող հայ գերիների՝ այդ թւում Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան տունդարձի խնդիրը։
Խորհրդաժողովի մասնակիցները, հաշւի առնելով նաեւ իրենց աշխատանքի արդիւնքում ստացած տեղեկութիւնները, մէկ անգամ եւս արձանագրեցին՝ լուծւած չէ Ղարաբաղեան հակամարտութիւնը։ Ուստի, Հայ Դատի ցանցը շարունակելու է հակամարտութեան եւ դրա առաւել ծանրացած եւ խորացած հանգամանքների միջազգային հանրահռչակումը՝ առաջնահերթութիւն համարելով Արցախի ժողովրդի հաւաքական ու միջազգային ամբողջական երաշխաւորութեամբ վերադարձի իրաւունքի իրացումը։

Խորհրդաժողովում քննարկւեցին նաեւ Արցախի հոգեւոր եւ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանման խնդիրները։ Դրան ուղղւած որոշակի գործողութիւնների վերաբերեալ ընդունւել են որոշումներ, որոնք ենթադրում են համագործակցութիւն ինչպէս հայկական, այնպէս էլ միջազգային կազմակերպութիւնների եւ առանձին պետութիւնների հետ։

Յատուկ քննարկման են արժանացել Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնների վարած արտաքին քաղաքականութիւնը եւ այդ քաղաքականութեան բացասական հետեւանքնրին դիմագրայելու հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ «Տավուշը յանուն Հայրենիքի» շարժման արտաքին ճակատում լուսաբանելու քայլերը։

Խորհրդաժողովի ընթացքում քննարկւել են նաեւ տեղերում Հայ Դատի յանձնախմբերի կարողականութիւնների զարգացմանը, համայնքային կապերի ամրապնդմանն ու երիտասարդութեան ներգրաւմանը վերաբերող հարցեր։
Խորհրդաժողովը, մայիսի 28-ի ուշ երեկոյեան իր աշխատանքներն աւարտեց Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ հանդիպմամբ ու Նորին Սրբութեան օրհնութեամբ։

Մայիսի 29-ին գումարւեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նիստը, որը ճշտեց խորհրդաժողովի որոշումների իրագործմանն ուղղւած աշխատանքային ծրագիրը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

30.05.2024 թ.

Related Articles

Back to top button