ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներն ընդունել են Համազգայինի համահայկական ուսանողական Ֆորումի մասնակիցներին

«ԱԼԻՔ» – Յուլիսի 13-ին մեկնարկել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան համահայկական ուսանողական ֆորումը, որը կը շարունակւի մինչեւ յուլիսի 24-ը։
Սփիւռքի 7 գաղթօջախներից ֆորումին մասնակցութիւն են բերել 20 հայ ուսանող երիտասարդներ։ Երիտասարդական հաւաքին մասնակցում են նաեւ Արցախից ու Հայաստանից։
Այս ծրագրով սփիւռքահայ երիտասարդներին հնարաւորութիւն է ընձեռնւել այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր, ծանօթանալու հայրենիքի պատմամշակութային հարուստ ժառանգութեանը, հանդիպելու քաղաքական-հասարակական գործիչների հետ, լսելու զանազան թեմաներով դասախօսութիւններ, քննարկելու հայ երիտասարդին յուզող տարաբնոյթ հարցեր։
Չորեքշաբթի՝ յուլիսի 17-ին երիտասարդներն այցելել են ՀՀ Ազգային ժողով։ Նրանց ընդունել են ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ՝ Արթուր Խաչատրեանը, Գեղամ Մանուկեանը եւ Քրիստինէ Վարդանեանը։ Պատգամաւորները խօսել են խորհրդարանական գործունէութեան, Հայաստան-Սփիւռք կապի ամրապնդման անհրաժեշտութեան մասին։ Ուսանողները այց են կատարել ԱԺ-ի թանգարան, գրադարան եւ նիստերի դահլիճ։