Ռուս քաղաքագէտ. «Փաշինեանը հիմա ամէն ինչ անում է՝ Հայաստանը Ռուսաստանից կտրելու համար»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Անդրէյ Պերլան Alpha News-ի հետ զրոյցում անդրադարձել է Աբու Դաբիում Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի բանակցութիւնների արդիւնքներին, Հարաւային Կովկասի տարածաշրջանում Արեւմուտքի նպատակներին, ինչպէս նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների սրմանը։
«Հայաստանը չի կարող իրեն թոյլ տալ յարաբերութիւններ կառուցել միայն Ադրբեջանի հետ։ Հայաստանը գտնւում է տարածաշրջանի մեծ տէրութիւնների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի շահերի հատման կէտում։ Նոյնիսկ եթէ մէկ վայրկեանով, ինչպէս դա անում է Հայաստանի ներկայիս ղեկավար պարոն Փաշինեանը, մոռանալ բոլոր պատմական նախադէպերի մասին, մոռանալ հայ ժողովրդի Ցեղասպանութեան մասին, ինչ-որ կերպ ասել, որ մենք այլեւս չենք յիշում բազմաթիւ պատերազմների մասին, հետաքրքրւել միայն ներկայ խնդիրներով, Հայաստանը չի կարող իրեն թոյլ տալ պարզապէս «թաթերը» բարձրացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի առջեւ եւ կարծել, որ մնացած բոլորը դրան հանգիստ կը նայեն»,- նշել է Պերլան։
Փորձագէտի կարծիքով՝ Փաշինեանը փորձում է Ռուսաստանին փոխարինել Եւրամիութեամբ։
«Բանակցութիւնները, որոնք այսօր ընթանում են, Հայաստանին ստիպում են այնպիսի քայլերի, որոնք աստիճանաբար նրան դարձնում են հակառակորդ ե՛ւ Իրանի, ե՛ւ Ռուսաստանի համար։ Եւ եթէ մենք նայենք պարոն Փաշինեանի քաղաքականութեանը, ապա կը տեսնենք, որ նա բաւականին հետեւողականօրէն հայկական քաղաքականութեան մէջ փորձում է Ռուսաստանին փոխարինել ԵՄ-ով։
Դժւար թէ նոյնիսկ Փաշինեանը կարծի, որ կարող է բարեկամութիւն անել Թուրքիայի հետ, բայց նա միանգամայն կարող է կարծել, որ ԵՄ-ն, մասնաւորապէս, օրինակ, Ֆրանսիան, այնպիսի հսկայական հզօր ուժ է, որը կարող է պաշտպանել Հայաստանը եւ կարող է փոխարինել երկրի համար այն տնտեսական հոսքերը, որոնք այսօր հնարաւորութիւն են տալիս ապրելու եւ գոյատեւելու։ Բայց եթէ վերցնենք Հայաստանի տնտեսութիւնը, նրա արտաքին առեւտուրը, ապա այդ առեւտրի 80%-ը Ռուսաստանի հետ առեւտուրն է։ Հէնց հիմա մենք դիտարկում ենք մի իրավիճակ, որում Ռուսաստանը բաւականին կոշտ ցոյց է տալիս Ադրբեջանին, որ առանց նրա հետ առեւտրի կարող է գոյատեւել։ Փաշինեանը հիմա ամէն ինչ անում է, որպէսզի Հայաստանը կտրի Ռուսաստանից իր իւրաքանչիւր յաջորդ քայլով, եւ սա անվնաս քաղաքականութիւն չէ։ Սա քաղաքականութիւն է, որը Ռուսաստանում բացասաբար է ընկալւում, բայց որը Հայաստանին սպառնում է ծանրագոյն տնտեսական դժւարութիւններով»,- ասել է Պերլան։
Նրա խօսքով՝ Հայաստանից հիմա փորձում են գործիք սարքել Ռուսաստանի դէմ պայքարի համար։
«Եթէ մենք հիմա նայենք, թէ ինչ է գրում արեւմտեան մամուլը այդ բանակցութիւնների մասին, ապա կը յայտնաբերենք, որ նրանք գրում են ոչ թէ այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջապէս խաղաղութիւն կը լինի, այլ գրում են, որ վերջապէս գտնւել է մի լուծում, որի շնորհիւ Ռուսաստանը դուրս կը մղւի Հարաւային Կովկասից եւ կը դադարի լինել Հարաւային Կովկասում գերիշխող ուժերից մէկը։ Այս բոլոր շարժումները որեւէ այլ նպատակ չունեն։ Որոշակի միջազգային ուժեր, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, մեծամասամբ՝ Թուրքիան, պարզապէս օգտւում են այն փաստից, որ Ռուսաստանն իր ուժերի զգալի մասը ստիպւած է ծախսել մէկ այլ ուղղութեամբ։ Քանի դեռ ընթանում է յատուկ ռազմական գործողութիւնը, քանի դեռ Ռուսաստանը կռւում է Արեւմուտքում, կարելի է փորձել ինչ-որ բան խլել Ռուսաստանից Հարաւային Կովկասում։ Հայաստանից հիմա փորձում են գործիք սարքել Ռուսաստանի դէմ պայքարի համար, ընդ որում ոչ թէ Ռուսաստանին վճռական հարւած հասցնելու, այլ որպէսզի Ռուսաստանը կրի որոշակի պարտութիւն, որոշակի նւաստացում, որպէսզի Ռուսաստանը թուլանայ։ Եւ յանուն դրա Արեւմուտքը պատրաստ է զոհաբերել մի ամբողջ հայ ժողովրդի»,- ասել է Պերլան։
Միաժամանակ փորձագէտը շեշտել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ չի փոխւել ինչպէս նախկինում, Հայաստանը համարում է բարեկամ պետութիւն։
«Ռուսաստանը Հայաստանին ցուցաբերում է հնարաւոր բոլոր տնտեսական օգնութիւնները, տրամադրում է հնարաւոր բոլոր արտօնութիւնները տնտեսութեան մէջ, բայց Ռուսաստանը չի կարող պաշտպանել Հայաստանի շահերը աւելին, քան Հայաստանի կառավարութիւնը։ Ռուսաստանը չի կարող գործել այնպէս, կարծես ռուսներն աւելի հայ են, քան հէնց հայերը։ Սա վերաբերում է ե՛ւ անվտանգութեան, ե՛ւ տնտեսութեան, ե՛ւ մշակութային քաղաքականութեան հարցերին, սա վերաբերում է ամէն ինչին։ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպէս ինքնուրոյն պետութիւն, որն արժանի է ինքնուրոյն որոշելու, թէ որոնք են իր շահերը։ Եթէ Հայաստանի շահերից բխում է Ռուսաստանի հետ հետեւողականօրէն բարեկամութիւն եւ յարաբերութիւններ կառուցելը, ապա Ռուսաստանը կօգնի ողջ ուժով, բայց եթէ Հայաստանն ասում է՝ մենք ունենք աւագ բարեկամ՝ Ֆրանսիա անունով, մենք գնում ենք Եւրամիութիւն, ապա Ռուսաստանն ի՞նչ կարող է անել դրա հետ։ Կարո՞ղ է արդեօք Ռուսաստանը միջնորդ լինել հակամարտութեան կարգաւորման համար։ Այո, իհարկէ, նա տասնամեակներ շարունակ դրանով զբաղւել է, բայց նա չի կարող լինել այդ միջնորդը՝ ի հեճուկս Հայաստանի կառավարութեան կամքի»,- նշել է Պերլան։
Ինչ վերաբերում է Բաքւի եւ Մոսկւայի միջեւ յարաբերութիւնների սրմանը, ապա փորձագէտը վստահ է, որ այս պայքարում Ռուսաստանը յաղթանակ կը տանի։
«Ադրբեջանը կարող է իրեն թոյլ տալ թեքւել դէպի Թուրքիա՝ ամբողջովին խզելով կապերը Ռուսաստանի հետ, բայց դրա հետեւանքով Ադրբեջանը կը բախւի այնպիսի դժւարութիւնների, որոնց չի կարող դիմակայել։ Ռուսաստանը կարող է առանց Ադրբեջանի գոյատեւել, իսկ Ադրբեջանն առանց Ռուսաստանի՝ ոչ»,- ընդգծել է Պերլան։
Հարցազրոյցի ընթացքում փորձագէտը մեկնաբանել է նաեւ Հայաստանում վերջին զանգւածային ձերբակալութիւնները։