Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի է ունեցել Արցախցիների հանրահաւաքը

«ԱԼԻՔ» – Երեւանի Ազատութեան հրապարակում, երէկ՝ յուլիսի 12-ին տեղի է ունեցել Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի կազմակերպած հանրահաւաքը:
Նշենք, որ Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի կազմակերպած հանրահաւաքն արտօնւել էր, սակայն ոստիկանութիւնը եւ Երեւանի քաղաքապետարանը մերժել են նախատեսւած երթի եւ նստացոյցի յայտերը։
«Մենք հաստատակամ ենք մեր խոստումներում եւ չենք շեղւելու մեր յանձն առած ուղուց։ Մեր նպատակն է՝ ապահովել համախմբւած, համակարգւած եւ արդիւնաւէտ համագործակցութիւն՝ յանուն ընդհանուր նպատակի։
Մենք կոչ ենք անում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանը, Սփիւռքի բոլոր կազմակերպութիւններին, արցախեան եւ հայաստանեան հասարակական կազմակերպութիւններին ու քաղաքական ուժերին, Արցախի իշխանութիւններին եւ համայն հայ ժողովրդին՝
Միաւորւել Արցախի գաղափարի շուրջ եւ Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ:Մեր օրակարգը պաշտպանողները պիտի լինեն մեզ հետ, մեր կողքին։
Յիշենք՝ 1988-ին, նոյն ոգով, նոյն գաղափարով, նոյն վճռականութեամբ Արցախի զարթօնքը սկսւեց ժողովրդի ընդվզմամբ։ Այսօր այդ նոյն ոգին արթուն է»,- ասւած է Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի յայտարարութիւնում։
Հանրահաւաքի աւարտից յետոյ, մասնակիցներն անժամկէտ նստացոյց են յայտարարել:
Յատկանշական է, որ հանրահաւքի նախօրէին, Ոստիկանութիւն են հրաւիրւել ակտիւիստները, եւ փորձ է արւել նրանց վախեցնել:
Այս կապակցութեամբ Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը լրագրողների հետ զրոյցում նշել է. «Գիտեմ, որ ոստիկանութեան բաժին են հրաւիրել, խօսակցութիւն ունեցել ակտիւիստների հետ, սակայն անձամբ ինձ չեն հրաւիրել։ Դա պայմանաւորւած է Հայաստանում տիրող ընդհանուր ռեպրեսիւ իրավիճակով»:
Ըստ նրա՝ բովանդակային իմաստով փորձ է արւել վախեցնել մասնակիցներին:
Խօսելով արցախահայութեան պահանջների մասին, Գեղամ Ստեփանեանը նշել է, որ իրենք աւելի վաղ 12 պահանջներից բաղկացած թուղթ են ներկայացրել, սակայն միայն սոցիալական հարցերին է ընթացք տրւում, իսկ միւս պահանջները՝ Արցախ վերադարձի, մշակութային ժառագութեան պահպանման, գերիների ազատման եւ այլնի վերաբերեալ անտեսւում են Հայաստանի իշխանութիւնների կողմից։
Նա նշել է, որ իրենց պահանջն է ՀՀ իշխանութիւններին, որ ձեւաւորւի հարթակ, որտեղ արցախցիները կարող են իրենց իրաւունքների մասին խօսել:
Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցն էլ իր հերթին նշել է, որ բռնի տեղահանւած արցախցիները ծանր վիճակում են գտնւում եւ հանրահաւաքը կոչւած է Հայաստանի իշխանութիւններին եւս մէկ անգամ տեղեկացնել այդ իրավիճակի մասին:
Անդրադառնալով Արցախի ԱԺ պատգամաւոր Դաւիթ Գալստեանի կալանաւորմանը՝ «ահաբեկչութիւն նախապատրասելու» համար, Բաղունցը նշել է․ «Կարո՞ղ է որեւէ մէկն ասել մի կոնկրետ մեղադրանք, փաստ, որ այդ մարդն ահաբեկչական գործունէութիւն է ծաւալել։ Ես չգիտեմ: Մենք հակասահմանադրական, հակաօրինական ոչ մի քայլ չենք ձեռնարկում, օրէնքի շրջանակներում մեր իրաւունքներն ենք պաշտպանում։ Ոչ մի ահաբեկչութիւն արցախցիների կողմից չի ձեռնարկւում, չի պլանաւորւում»։
Իսկ Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարեանն էլ անդրադառնալով նոյն թեմային ասել է. «Իրականում իշխանութիւնը շատ լաւ գիտի, որ մենք որեւէ ապօրինի գործողութիւն չենք պլանաւորում եւ դա գրաւոր, բանաւոր ներկայացրել ենք»:
Ըստ նրա՝ Դաւիթ Գասպարեանի ձերբակալութեան հետ կապւած ինքն առ այսօր որեւէ հիմք չի տեսնում հրապարակւած, թէ ինչ հիմքով են Դաւիթ Գալստեանին կալանաւորել. «Ընդհանրապէս այդ չակերտաւոր ահաբեկչութեան պլանը որեւէ վստահութիւն չի ներշնչում, հրապարակւած ապացոյցները շատ կցկտուր են, կոնտեքստից կտրւած են»,- ասել է Բեգլարեանը:
Խօսելով երթի եւ նստացոյցի մասին, նա նշել է. «Երթի եւ նստացոյցի վերաբերեալ իմ գնահատմամբ չհիմնաւորւած հիմքեր են ներկայացրել իրենց մերժման համար: Իրենց խօսքով անհնազանդութեան գործողութիւնները խախատում են հասարակական կարգը, այնինչ դրանք մեր սահմանադրական իրաւունքն են եւ մենք իրաւունք ունենք համապատասխան գործողութիւններ իրականացնել»: