Պեսկով. «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շփումներից պէտք չէ ակնթարթային արդիւնքներ սպասել»

«ԱԼԻՔ» – Բազմաթիւ խնդիրներ են կուտակւել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւններում, ուստի երկու երկրների շփումներից անյապաղ արդիւնքներ սպասել պէտք չէ։ Այս մասին Ռուսաստանի պետական ռադիօհեռուստատեսութեան լրագրող Պաուէլ Զարուբինի հետ զրոյցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անհնար է սպասել ակնթարթային արդիւնքների,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։- Խնդիրները չափազանց բարդ եւ չափազանց բարձի թողնւած են»:
«Հիմա մենք շատ համբերատար քայլում ենք միասին այս ճանապարհով: Դեռ շատ քայլեր ունենք անելու, բայց պէտք է, պարզապէս, հասկանալ, թէ որքան լուրջ վնաս է հասցւել ռուս-ամերիկեան երկկողմ յարաբերութիւններին նախորդ վարչակազմի օրօք»,- նշել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, մեկնաբանելով յարաբերութիւնների անյապաղ բարելաւման յոյսի մթնոլորտը, նշել է, որ «հասարակութեան ու լրագրողների ակնկալիքները միշտ սահմանակից են մաքսիմալիզմին»։ «Իրականում իրավիճակը մի փոքր այլ է, այն շատ աւելի բարդ է, աւելի շատ աշխատանք ու ժամանակ է պահանջում»,- ասել է նա։
Լուրը հաղորդում է news.am-ը: