Սա ընտրութիւն էր հայամէտ եւ ոչ հայամէտ ուղեգծերի միջեւ

Հայաստանում յունիսի 7-ին անցկացւած խորհրդարանական ընտրութիւնների, ներքաղաքական վերջին զարգացումների եւ TRIPP նախագծի իրաւական ու անվտանգային ռիսկերի մասին Alpha News-ը զրուցել է Հայ Դատի Արեւմտեան գրասենեակի ղեկավար խորհրդի անդամ, փաստաբան Գէորգ Յակոբջեանի հետ։
Նրա խօսքով՝ փորձ է արւել խորհրդարանական ընտրութիւնները ներկայացնել որպէս ռուսամէտ ու արեւմտամէտ ուժերի պայքար։
«Այս ընտրութիւնների հետ կապւած նախ պէտք է վերլուծել այն բեւեռացած մթնոլորտը, որը տիրում էր թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում: Որպէս դրական երեւոյթ՝ կարելի է նշել ընտրողների մասնակցութեան աճը, ինչը խօսում է այն մասին, որ հանրութիւնը գիտակցում էր պահի լրջութիւնը: Սակայն գործընթացն ունէր բազմաթիւ խոցելի կողմեր՝ սկսած իշխանական թեւի կողմից օգտագործւած ագրեսիւ բառապաշարից, վերջացրած քաղաքական հալածանքներով ու ընդդիմադիր ղեկավարների ձերբակալութիւններով:
Փորձ արւեց այս ամէնը ներկայացնել որպէս ռուսամէտ ու արեւմտամէտ ուժերի պայքար, ինչը սխալ է: Պատկերը պէտք է տեսնել համահայկական համատեքստում. սա ընտրութիւն էր հայամէտ եւ ոչ հայամէտ ուղեգծերի միջեւ»,- նշել է Յակոբջեանը:
Խօսելով Կենտրոնական ընտրական յանձնաժողովի կողմից երեք ընտրատեղամասերի քւէների անվաւէր ճանաչելու մասին՝ ղեկավար խորհրդի անդամն ասել է.
«Որպէս իրաւաբան՝ առանց բոլոր փաստերին տիրապետելու դժւար է վերջնական վճիռներ արձակել, բայց ես հաւատում եմ, որ խախտումների ու ընտրակեղծիքների ծաւալը մեծ էր: Աւելի քան 3000 քաղաքացու ձայն պարզապէս անվաւէր ճանաչւեց՝ առանց նրանց իրաւունքների վերականգնման յստակ ճանապարհի: Բացի այդ, դեռ արդիւնքների 100%-ը չամփոփւած՝ իշխանութիւնները Փաշինեանի գլխաւորութեամբ յայտարարեցին իրենց յաղթանակի մասին՝ այդպիսով հոգեբանական ճնշում գործադրելով ընտրական յանձնաժողովների վրայ: Մենք կը փափագէինք ձերբազատւել այս պետականակործան իշխանութիւնից, բայց ունենք այն, ինչ ունենք»։



